77 մլն դոլարի ունեցվածք` Դուբայո՞ւմ

07/03/2010

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը աղմկահարույց հոդված է տպագրել, որը կապված է Ալիեւների ընտանիքի «ստվերային գործունեության» հետ: Ըստ հրապարակման, Հեյդար Ալիեւ անունով ադրբեջանցի 12-ամյա դպրոցականն անցած տարի Դուբայում ձեռք է բերել 44 մլն դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք` ծովափնյա 9 առանձնատների տեսքով: Հոդվածագիրը նաեւ նկատում է, որ այդ գումարը համարժեք է միջին ադրբեջանցու 10.000 տարվա աշխատավարձին: Համեմատության համար նաեւ նշենք, որ Իլհամ Ալիեւի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 228.000 դոլար: Ամերիկյան թերթին հաջողվել է ճշտել, որ այս Հեյդար Ալիեւի տվյալները (անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ) համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդու տվյալներին: «The Washington Post»-ը փորձել է ճշտել Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Ազար Գասիմովից գործարքի մանրամասնությունները, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ: Դուբայի կադաստրից պարբերականին հայտնել են նաեւ, որ Դուբայում կա զգալի սեփականություն` գրանցված Լեյլա եւ Արզու Ալիեւների անուններով: Թերթի կարծիքով` դրանք Ալիեւի դուստրերն են. անունները համընկնում են, եւ, ըստ որոշ տվյալների, համընկնում են նաեւ նրանց ծննդյան թվականները:

Պարբերականի հաշվարկներով, Իլհամ Ալիեւի երեխաների տվյալներով անձինք Դուբայում ունեն ընդհանուր առմամբ 77 մլն դոլարի սեփականություն: Այնուամենայնիվ, ադրբեջանցիները փորձում են ժխտել Իլհամ Ալիեւի հնարավոր կապն այս ամենի հետ: Մասնավորապես, թերթին տված մեկնաբանություններում, SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) նախկին նախագահ Սաբիթ Բագիրովն ասել է. «Չեմ կարծում, որ նրանք դա կանեին այսքան բացահայտ: Սա ավելի շատ նման է պրովոկացիայի»: Բագիրովի կարծիքով՝ Ալիեւի ռեժիմի թշնամիները կարող էին անել այս գործարքը` Ալիեւին դնելով անհարմար վիճակի մեջ: