Մանդարինային երջանկություն
Մեր նամակներում մի քանի անգամ անդրադարձել ենք մանդարինի օգտակար հատկություններին: Այն մարդկությանը հայտնի է եղել դեռեւս հին ժամանակներից: Ինչպես գիտենք, մանդարինը պարունակում է շատ վիտամիններ ու օգտակար նյութեր: Մանդարինի համակարգված օգտագործումը նպաստում է արյան ճնշման իջեցմանը եւ խոչընդոտում աթերոսկլերոզի զարգացումը: Մանդարինի հյութի մեջ եղած կալցիումը, մագնեզիումը կարգավորում են մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ լավացնում են նյութափոխանակությունը: Ինչպես ցույց են տվել հարավկորեացի գիտնականների փորձերը, մանդարինը կանխում է նաեւ լյարդի ճարպակալումը, բացի այդ, վիտամին A-ի մեծ պարունակությունը նվազեցնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:
Իսկ ահա թե ինչ է գրում մեր թերթի մշտական ընթերցող ու նամակագիր Ջուլիետա Սահակյանը. «Կարդալով ձեր թերթում վերջերս տպագրված «Ցիտրուսային կուլտուրաներն իսկական դեղ են» հոդվածը՝ ես որոշեցի մեկ անգամ եւս անդրադառնալ այդ թեմային, հատկապես` մանդարինին: Առաջարկվող դեղատոմսերը, բաղադրատոմսերն ու աղցանները իմ կողմից փորձված միջոցներ են: Օրինակ` ասթմայի դեպքում շատ օգտակար է հետեւյալ բաղադրատոմսը. 10 գրամ չորացրած մանդարինի կեղեւին ավելացնել 100մլ եռջուր, 15 րոպե եռացնել ջրային գոլորշու վրա եւ կում-կում խմել ուտելուց առաջ: Այն բավականին թեթեւացնում է հիվանդի վիճակը: Ընդհանրապես մանդարինը շատ լավ է շնչուղիներին: Եթե մանդարինի չորացրած կեղեւը լցնենք վուշից կարված փոքրիկ պարկի մեջ, նրա արտադրած եթերային յուղերով հարուստ բույրը դրականորեն կազդի մեր շնչուղիների վրա: Մանդարինի հյութը շատ դրականորեն է ազդում երեխաների վրա: Օրվա մեջ 100գ մանդարինի հյութի գործածությունը կարող է կանխել ռախիտի զարգացումը:
Մանդարինի չորացրած կեղեւներից պատրաստված թուրմը լավացնում է մարսողությունը, օգնում է հազի, սրտխառնոցի դեպքում, ինչպես նաեւ՝ ունի խորխաբեր նշանակություն: Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ մանդարինի մանրացրած կեղեւի վրա լցնել 300մլ եռջուր, թրմել մի քանի ժամ, բաժանել 3 մասի եւ խմել սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ:
Լնդերի բորբոքման դեպքում մանդարինի 5-6 կաթիլ եթերային յուղը լուծել 10մլ մասուրի յուղի մեջ, լավ խառնել եւ թանզիֆով թրջոցներ դնել հիվանդ մասերին: Նեւրոզների եւ նույնիսկ երեխաների փորացավի, ախորժակի անկման դեպքերում շատ օգնում է 2-3կաթիլ մանդարինի եթերային յուղի ու 1 թեյի գդալ մեղրի խառնուրդի օգտագործումը:
Թարմ մանդարինի հյութը շատ լավ օգնում է սնկային հիվանդությունների դեպքում, եթե այն քսում եք ախտահարված մասին: Այն նաեւ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ամրապնդում է անոթներն ու մաքրում թոքերը լորձունքից: Այդ հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է լվացված մանդարիններից հեռացնել կեղեւն ու կորիզները, միջուկն անցկացնել մսաղացով ու թարմ վիճակում խմել: Նույնիսկ խորհուրդ է տրվում առավոտը սկսել 1 բաժակ մանդարինի հյութով: Ստամոքսի եւ երիկամների հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել մանդարինի հյութ, քանի որ այն գրգռիչ ազդեցություն կարող է ունենալ: Ընդհանրապես մանդարինը հակացուցված է գաստրիտի, խոլեցիստիտի, ստամոքսի խոցի, 12-մատնյա աղիի եւ բոլոր տեսակի հեպատիտ հիվանդությունների դեպքում:
Բացի բուժական նպատակներով օգտագործելուց, մանդարինից պատրաստում են նաեւ շատ համեղ ուտեստներ` մուրաբաներ, աղցաններ: Մանդարինի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ է մանդարինը լավ լվանալ ու կեղեւով խաշել 12-15րոպե՝ մոտավորապես 90աստիճանի տակ: Հետո սառեցնել հոսող ջրի տակ ու պահել սառը ջրի մեջ 10-12 ժամ: Մանդարինները բաժանել 2 կամ 4 մասի, վրան ավելացնել շաքարաջուր` տաք վիճակում, ու թողնել մնա 6-8 ժամ՝ ներծծվելու համար: Առաջին եփելու ժամանակ 1 կգ մրգի համար վերցնում են 800գ շաքարավազ եւ 2 թեյի բաժակ ջուր: Երկրորդ եռալու ընթացքում ավելացնում են 400գ շաքարավազ եւ 1 թեյի բաժակ ջուր: Այսինքն՝ 1 կգ մանդարինի մուրաբայի համար անհրաժեշտ է 1կգ 200գ շաքարավազ:
Մանդարինից կարելի է պատրաստել համեղ աղցան: 250գ կեղեւից մաքրած մանդարինի վրա ավելացնել 200գ կտրատած խնձոր եւ խառնել կես բաժակ թթվասերով։ Կարելի է ավելացնել նաեւ 1 թեյի գդալ շաքարավազ: Այն պետք է ուտել պատրաստելուց անմիջապես հետո»: