Միայն փողկապով

07/03/2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի տեսչության նորանշանակ պետ, ԲՀԿ անդամ Հակոբ Մանուկյանն արդեն սկսել է յուրահատուկ կերպով ինքնադրսեւորվել: 3 օր առաջ նա դուրս է եկել իր աշխատասենյակից եւ միջանցքում շատ բարձր հայհոյել իր աշխատակիցներից մեկին` պատճառաբանելով, թե նա ինչո՞ւ փողկապ չի կապել: Այդ պահին միջանցքում եղել են շատ մարդիկ, եւ նրանցից մեկի տեղեկացմամբ` պետը բոլորին սպառնացել է, որ փողկապ չկապողները կամ իրենց «լավ» չպահողները աշխատանքից կազատվեն: Բանն այն է, որ Հ.Մանուկյանն արդեն որոշել է կադրային փոփոխություն իրականացնել տեսչությունում եւ իր աշխատակիցների հետ շփվում է շատ կոպիտ արտահայտություններով ու պահվածքով: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում է նշանակվել այն բանից հետո, երբ նախկին պետին նշանակել են Սպորտի նախարար: Իսկ մոտ 30-ամյա Հ.Մանուկյանը սկանդալային պատմություններով ոչ պակաս հայտնի` առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդին է: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Հ.Մանուկյանը նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին ԲՀԿ-ական նախարար Գեւորգ Պետրոսյանի մտերիմ ընկերն է: