ԱՄՆ-ում ոմանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը փորձելու են Թուրքիայի դեմ օգտագործել որպես ճնշման լծակ: Այս մասին Եգիպտոս ուղեւորվելիս ինքնաթիռում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Սակայն թուրք-ամերիկյան հարաբերությունների բնույթը չի կարող լիցքաթափել ստեղծված լարվածությունը»,- նշել է Դավութօղլուն: Նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ ԼՂՀ հիմնախնդրին՝ ասելով. «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն: Իսկ եթե Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվի, եւ ստիպված լինենք դարձյալ փակե՞լ սահմանադուռը…»,- ասել է Դավութօղլուն: Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը քննադատում է իշխանություններին արձանագրություններում «ղարաբաղյան հիմնախնդրի, Կարսի պայմանագրի, պատմաբանների համատեղ հանձնաժողովի մասին բացահայտ դրույթներ չներառելու համար», Ա. Դավութօղլուն պատասխանել է. «Եթե ի սկզբանե խոսես նախապայմանների լեզվով, հնարավոր չի լինի հասնել առաջընթացի: Եթե մենք դա ասեինք, նրանք էլ ցեղասպանության մասին էին խոսելու»: Քննադատելով բոլոր այն տեսակետները, թե թուրքական իշխանությունների` «հարեւանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը շուտով ձախողվելու է, Դավութօղլուն ասել է, թե նման բան լինել չի կարող: