Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիրը, որի ստորագրման հնարավորության մասին նախօրեին Երեւանում հայտարարել էր Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը, ենթադրում է Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության խորացում, տնտեսական առավել խոր համագործակցություն: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ ԵՄ-ում ներկայումս նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարարը, Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Իսպանիան հույս ունի արագացնել ՀՀ-ի հետ ասոցիացման պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը, եւ արդեն մարտ ամսվա ընթացքում այդ կապակցությամբ որոշակի տեղաշարժ հնարավոր է: Ի պատասխան այն հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել այդ պայմանագրի ստորագրումը, Տ. Բալայանը ասել է. «Դա լինելու է մի համաձայնագիր, որտեղ պետք է արտահայտված լինեն բոլոր կողմերի շահերը` եւ ՀՀ-ի, եւ ԵՄ անդամ երկրների շահերը, եւ ԵՄ-ի` որպես ընդհանուր միավորի: Թե ինչքա՞ն կտեւեն բանակցությունները, ե՞րբ կավարտվեն, կախված է նախագծից եւ բանակցվող փաստաթղթից»: Իսպանիայի ԱԳ նախարարն անդրադարձել էր նաեւ ԵՄ անդամ երկրների հետ առավել ազատականացված վիզային ռեժիմի սահմանման հեռանկարին: Տ. Բալայանն այդ կապակցությամբ ճշգրտել է, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը Եվրամիության ասոցիացման պայմանագրի բաղկացուցիչը չէ: Դրանք առանձին, սակայն զուգահեռ գործընթացներ են, որոնք զարգանում են Եվրամիության հետ մեկ ընդհանուր` «Արեւելյան գործընկերության» ծրագրի համատեքստում: 2010թ. հունվարի 1-ից 6 ամսով ԵՄ նախագահությունը ստանձնած Իսպանիան տարբեր առիթներով հայտարարել է, որ ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում են պահելու նաեւ անցած տարի մեկնարկած «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որով Եվրամիությունը նպատակ ունի սերտացնել հարաբերությունները նախկին խորհրդային 6 երկրների, այդ թվում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ։