(Ան)հասկանալի հրճվանք

07/03/2010

Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը: Թե ինչ ընթացք կունենա նախագծի քննարկումը, եւ ինչ արդյունք կարձանագրվի քվեարկության արդյունքում` դժվար է ասել: Թերեւս ավելի հավանական է, որ այն չի ընդունվի, թեեւ ամբողջովին պետք չէ բացառել, որ Ներկայացուցիչների պալատում այն կարող է նաեւ հավանության արժանանալ: Սակայն ավելի դժվար է գտնել այն հարցի պատասխանը` թե ի՞նչ կտա Հայաստանին, եթե այդ նախագիծն ընդունվի կամ մերժվի: Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը դեռեւս չի նշանակում ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչում, ինչպես շատերը փորձում են ներկայացնել Հայաստանում: Մինչդեռ ակնհայտ է, որ սա թուրք-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարց է, եւ ԱՄՆ-ը հերթական անգամ օգտագործելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւը` իր խնդիրներն է լուծում Թուրքիայի հետ: Անհասկանալի է միայն այն հրճվանքը, որով Հայաստանի հատկապես իշխանական դաշտի գործիչները սպասում են Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Մինչդեռ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ դեպքում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կսառեցվի: Հիշեցնենք, որ խոսքն այն արձանագրությունների մասին է, որոնք ըստ ՀՀ իշխանությունների՝ ամբողջությամբ համապատասխանում են Հայաստանի շահերին եւ «նախաձեռնողական քաղաքականության աննախադեպ արդյունքն են»: Այսինքն` եթե այդ արձանագրություններն իսկապես Հայաստանի համար դարակազմիկ նշանակություն ունեն, ապա Հայաստանի համար գոնե այս պահին ավելի առաջնային պետք է լինի դրանց վավերացումը, քան Ցեղասպանության դատապարտման բանաձեւի միջանկյալ քննարկումը, որի արդյունքը շատ կասկածելի է: Իսկ այն ոգեւորությունը, որով իշխանական վերնախավը սպասում է այսօրվա քննարկումներին, վկայում է մի բանի մասին` դա Հայաստանի համար լավ հնարավորություն է արձանագրությունների վավերացումը դադարեցնելու համար: