«Ես հավատում եմ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խելամտությանը եւ հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատն առողջ դատողությամբ կմոտենա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկմանը»,- իր ղեկավարած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Պատմության ուսումնասիրմամբ պետք է պատմաբանները զբաղվեն, ոչ թե քաղաքական գործիչները: Հուսով եմ, որ այդօրինակ նախաձեռնությունները չեն վնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք այժմ ջերմ են ավելի, քան երբեւէ»,- ասել է նա: Ընդգծելով, որ խնդրի շուրջ բոլորովին վերջերս քննարկում է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ ներկայացրել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ բանաձեւի ընդունումը, Էրդողանը հայտարարել է. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին` խնդրին մոտենալ սառը դատողությամբ եւ ցեղասպանության շուրջ պնդումները ուսումնասիրել համալսարաններում եւ արխիվներում, ոչ թե օրենսդիր մարմնում»:
Փաստաթուղթն այսօր արդեն քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հավանության արժանանալու դեպքում` Պալատի լիագումար նիստում: «Տարիներ առաջ, երբ նույնաբովանդակ բանաձեւը հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկում, Թուրքիան, որպես բողոքի նշան, արագորեն ետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից` մտավախություն սփռելով, որ կարող է նաեւ Միացյալ Նահանգների առջեւ փակել իր ռազմաբազաները, որոնք կենսական նշանակություն ունեին Իրաքում իրականացվող գործողությունների համար,- գրում է «Ասոշիեյթեդ փրեսը»` հավելելով,- Թուրք պաշտոնյաները հիմա էլ սպառնում են, այս անգամ` թե բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»: «Ես հավատում եմ նախագահ Օբամայի ղեկավարությանն ու խելամտությանը, որը ուշադրությամբ հետեւում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացին»,- այս առնչությամբ հայտարարել է Էրդողանը։