Չի տրամադրել

07/03/2010

ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` մոտ 16 օր առաջ Սուքիասյան ընտանիքի անդամներից մեկը` Ռոբերտ Սուքիասյանը հրաժարվել է իրենց տրամադրել «Սիլ գրուպի» գրասենյակի տեսախցիկների ձայնագրառումները: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «2010թ. փետրվարի 12-ին ոստիկանության Էրեբունու բաժին էր այցելել Գեւորգ Ղազարյանը եւ հայտնել, որ Սարիբեկ Սուքիասյանը «Սիլ գրուպի» գրասենյակում ապօրինի պահում է Գոռ Դավթյանին: «Սիլ գրուպ» այցելած Ոստիկանության աշխատակիցները Էրեբունու բաժին ուղեկցեցին Գ. Դավթյանին՝ միաժամանակ բերման ենթարկելով Ս. Սուքիասյանին եւ Արտաշես Ստեփանյանին: Նույն օրը Գ. Դավթյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տվեց, որ Ս. Սուքիասյանին հանդիպելու նպատակով փետրվարի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում, այցելել է վերջինիս գրասենյակ, որտեղ Սուքիասյանի եւ նրա թիկնապահ Արտաշես Ստեփանյանի կողմից իրեն ուղղված սպանության սպառնալիքների տակ ստորագրել է ինչ-որ փաստաթղթեր: Հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա նույն օրը Էրեբունու քննչական բաժնում ՀՀ Քր.օր.-ի 137 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրգործ: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2010թ. որոշման համաձայն` քննիչի կողմից խուզարկություն կատարվեց Ս. Սուքիասյանի աշխատանքի վայրում: Խուզարկության ընթացքում քննիչը Ս. Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանից պահանջել է ներկայացնել աշխատավայրում գործող տեսախցիկների ձայնագրառումները, սակայն վերջինս հայտնել է, որ ինքը դրանք հանել է, եւ իր մոտ չեն` խոստանալով ձայնագրառումները հետագայում ներկայացնել նախաքննական մարմնին: Նախաքննության ընթացքում Ռ. Սուքիասյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ստորագրել որեւէ փաստաթուղթ եւ չի ներկայացրել ձայնագրառումները»: