ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան` ասելով, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով, եւ այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ է»,- ասել է Ս. Սարգսյանը` կարեւորելով նաեւ շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով: Նա շնորհավորել է Վիլֆրիդ Մարթենսին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով` ասելով. «Ինչպես բազմիցս նշվել է, սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի, եւ ընդհանրապես, Եվրոպայի դերի բարձրացման գործում»: Իսկ Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը: ՀՀ նախագահը եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը: Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է ԵԽ-ին, ընդգրկված է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Իսկ Ս. Սարգսյանն էլ ասել է, որ ՀՀ-ն «Արեւելյան գործընկերությունը» դիտում է «հնարավորությունների պատուհան» եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ, որի ընթացքում Ս. Սարգսյանը ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները: