ԱՄՆ-ը կողմ է, որ իրողություններն արդարացիորեն ընդունվեն: Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայքլ Համմերը: Ի պատասխան թուրք լրագրողի այն հարցին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցում ինչո՞ւ Սպիտակ տունը մինչեւ հիմա չի խախտել լռությունը, Մայքլ Համմերը հայտարարել է. «Նախագահ Օբաման 2009թ. ապրիլքսանչորսյան իր ուղերձում հստակ ներկայացրեց 1915թ. իրադարձությունների առնչությամբ իր դիրքորոշումը, որը չի փոխվել: Մենք կողմնակից ենք, որ իրողություններն արդարացիորեն ընդունվեն: Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու ամենանպաստավոր ճանապարհը հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին զուգահեռ անցյալի իրադարձությունների քննարկումն է: Մենք շարունակելու ենք աջակցել այդ ջանքերին»: