Նամակ են գրել

07/03/2010

Ամերիկյան խոշորագույն ավիաշինական եւ ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ համատեղ նամակով դիմել են ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` հորդորելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը եւ զգուշացնելով, որ այն կարող է վտանգել ամերիկյան արտահանումները դեպի Թուրքիա: «Cihan» գործակալության փոխանցմամբ` «Boeing Co», «Lockheed Martin Corp, Raytheon Co», «United Technologies Corp» եւ «Northrop Grumman Corp» ձեռնարկությունների կողմից Հովարդ Բերմանին ուղղված նամակում ասվում է. «ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից եւ առեւտրային գործընկեր համարվող Թուրքիային նեղացնելը բացասական ազդեցություն է ունենալու Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի, ինչպես նաեւ արտահանման ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի վրա»: Բացի այդ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առանձին նամակով դիմել է ամերիկյան 270-ից ավելի ձեռնարկություններ ներկայացնող «Aerospace Industries Association»-ը` Հովարդ Բերմանին կոչ անելով որոշում ընդունելուց առաջ ուշադրություն դարձնել ռազմական արդյունաբերության ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա:

Կորպորացիաների ղեկավարները նշում են, որ ամերիկյան ռազմական ու ավիացիոն արտադրանքի արտահանումները դեպի Թուրքիա 2009 թվականին կազմել են ավելի քան 7 միլիարդ դոլար, եւ նույն մակարդակն է ակնկալվում 2010 թվականին, ինչի արդյունքում աշխատանքով ապահովվում են տասնյակ-հազարավոր ամերիկացիներ: Իսկ արդյունաբերության ոլորտի ղեկավարներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, թե ամերիկյան ընկերությունները վախենում են, որ Թուրքիան կարող է հրաժարվել իրենց հետ պայմանագրերից ու փոխարենը սպառազինություններ գնել Եվրոպայից: