Հնացա՞ծ է

07/03/2010

«Կոռուպցիան Հայաստանին բնորոշ երեւույթ է այն ժամանակվանից, երբ զինվորականները որոշեցին, որ իրենց արյան գնի դիմաց ստացվելիք փոխհատուցումն իրենք են որոշում: Դա դեռեւս պատերազմական շրջանում էր, երբ մի մասը ճակատում էր, մյուս մասը` զինվորականության անվան տակ ռեկետով էր զբաղված Հայաստանում: Շատ երկրներում են պատերազմից հետո նկատելի նման երեւույթներ, սակայն մենք դա չհաղթահարեցինք: Դա վկայությունն է այն բանի, որ մենք լուրջ խնդիրներ ունենք»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` պատասխանելով Հայաստանի վերնախավի ունեցվածքի մասին հարցին: Ա. Մելիքյանի դիտարկմամբ` կոռուպցիան մեր երկրում վերածվել է համակարգային երեւույթի, որը գործում է հասարակության բոլոր շերտերում: «Հատկապես աչքի են ընկնում պետական պաշտոնյաները եւ նրանց հովանու ներքո գործող գործարարները: Ես վստահ եմ, որ Հայաստանում չկա արդար ճանապարհով դիզված ունեցվածք կամ կարողություն, մի այնպիսի կարողություն, որը կոռուպցիայի հետ առնչություն չի ունեցել»,- հավելել է նա: Իսկ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ` անդրադառնալով ՀԱԿ հայտարարությանը, թե իշխանությունների կուտակած ունեցվածքը բացահայտելու համար պետք է հանձնաժողով ստեղծվի, նշել է. «Թող դիմեն դատարան եւ պարզեն` համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, թե՞ ոչ: Դրանք վարկաբեկիչ հայտարարություններ են, հետեւաբար՝ իշխանություններն այս հարցի մասին չեն խոսում»:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանափոխության վերաբերյալ հայտարարություններին, Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե ՀԱԿ-ին չի հաջողվի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ նման հիմքեր այսօր չկան: «Ովքեր խոսում են այդ արտահերթ ընտրությունների մասին, նրանք էլ պարտավոր են հիմնավորել, թե ինչ նկատի ունեն, երբ նման առաջարկներ են անում: ՀՀԿ կարծիքով` արտահերթ ընտրություններ գոյություն ունենալ չեն կարող, որովհետեւ երկրում սովորականի նման շարունակվում է եւ՛ արտաքին, եւ՛ ներքին քաղաքականությունը»,- ասել է Ռ. Պետրոսյանը: Ըստ նրա` «ՀԱԿ-ը վաղուց է կորցրել եւ՛ իր հեղինակությունը, եւ՛ ժողովրդին իր շուրջը համախմբելու ունակությունը, եւ չի կարող այնպիսի գործողություններ կատարել, որոնք կհանգեցնեն արտահերթ ընտրությունների»: Ի դեպ, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` նախագահական ընտրություններում եղած կեղծիքները էական նշանակություն չեն ունեցել նախագահի ընտրության վրա, եւ «այս հարցը հնացած է եւ պետք չէ բարձրացնել»:

Իսկ Արման Մելիքյանն էլ հակադարձել է` ասելով. «Կեղծված ընտրությունների խնդիրը երբեւէ չի հնանում: Ես կարծում եմ, որ բոլոր այն նախագահի թեկնածուները, քաղաքական ուժերի ղեկավարները, ովքեր քաջ հասկանալով, որ այդ ընտրությունները կեղծված են, իրենց ներկայությամբ ընտրությունների արդարացիությունը փորձեցին հաստատել երդմնակալության արարողության ժամանակ, բավական լուրջ մեղք գործեցին արդարության եւ ճշմարտության հանդեպ»:

Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ապա Ա. Մելիքյանի կարծիքով` քանի դեռ երկրում ներքին իրավիճակը չի փոխվել, նման ընտրությունները կարող են հանգեցնել հասարակության բեւեռացմանն ու առճակատմանը: «Եթե համարժեք առաջնորդ լինի, եթե համարժեք ծրագիր լինի, չի բացառվում այս հնարավորությունը: Թեեւ այս պայմաններում արտահերթ ընտրությունները կարող են ավելի խորացնել ճգնաժամը եւ բեւեռացնել հասարակությունը, որովհետեւ այս բեւեռներից յուրաքանչյուրը փաստացի մերժողական վերաբերմունք է ցուցաբերում իր հակառակորդի հանդեպ եւ փորձում է միաբեւեռ հասարակություն ձեւավորել»,- ասել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը: