Մուգ ակնոցների հետեւից

07/03/2010

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով Վերաքննիչ դատարանի 3 դատավորները` դատավոր Ավետիսյանի նախագահությամբ, երեկ Նիստերի դահլիճ են մտել անպատրաստ: Ըստ «Ա1+»-ի` դատավարության հենց սկզբում նախագահող դատավոր Սերժիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ծանոթ չէ, թե մեղադրող կողմի բողոքին ինչ են գրավոր պատասխանել Փաշինյանի պաշտպանները, քանի որ այն չի վերցրել դատարանի գրասենյակից: Այս պատճառաբանությունն էլ հիմք է հանդիսացել դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու համար: Մինչ այդ, սակայն, Փաշինյանի փաստաբաններն արդեն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորներին` նշելով, որ մարտի 1-ի գործերով արդեն մեղադրական վճիռներ են կայացրել եւ չեն կարող արդար դատավճիռ կայացնել: Դատավոր Ավետիսյանը երեկ մերժել է իրեն ներկայացված բոլոր ինքնաբացարկների միջնորդությունները, որից հետո սկսել է իր ներկայացված երկու բողոքների քննությունը: Պաշտպանները պահանջում են արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ մեղադրող կողմը գտնում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Քր.օր 316 հոդվածով չպետք է արդարացներ Փաշինյանին: Ըստ «Ա1+»-ի` թեեւ մեղադրող կողմը բողոք էր ներկայացրել, սակայն նույն 316 հոդվածով տուժող ճանաչված ոստիկան Վազգեն Դաբաղյանը չէր ներկայացել դատարան: «Միգուցե Դաբաղյանն իրեն մեղավոր չի՞ համարում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նախքան դատավարությանը սկսվելը Փաշինյանի պաշտպանները դատարանից փորձել են պարզել, թե ինչ կարգով է ընթանալու քննությունը` վճռաբեկությա՞ն, թե՞ վերաքննության, քանի որ վճռաբեկության դեպքում կողմերն ընդամենը կարող են ներկայացնել իրենց բողոքներն ու պատասխանները եւ միջնորդություններ ներկայացնել: Իսկ վերաքննության կարգով քննության դեպքում կողմերը հնարավորություն ունեն նաեւ դատակոչել վկաների: Սակայն երեկվա դատական նիստի ընթացքում դատավոր Ավետիսյանն այդպես էլ չի ասել, թե ինչ կարգով է պատրաստվում վարել քննությունը: «Ա1+»-ի դիտարկմամբ` բոլորի համար ակնհայտ էր, որ դատավորը շտապում է ավարտել դատավարությունը: Նա մի քանի անգամ ընդհատել է նաեւ Ն. Փաշինյանին` առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կարծիք հայտնելու ընթացքում` ասելով. «Խոսեք` ըստ էության»: «Միգուցե դո՞ւք գրեիք իմ տեքստը, տայիք կարդայի, կամ ասեք, ինչպես շարունակեմ խոսքս: Եթե ըստ էության եք ուզում, ասեմ` մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Աշխատանքային օրվա ավարտին պաշտպանները դատարանից ժամանակ են խնդրել` 78 էջանոց իրենց բողոքը ներկայացնելու համար: 5 րոպե ընդմիջում խնդրելուց հետո դատավոր Ավետիսյանը դատական նիստը հետաձգել է մինչեւ այսօր` ժամանակ չտրամադրելով Փաշինյանի փաստաբաններին: Հիշեցնենք, որ նախաքննության մարմինը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրել Քր. դատ 316 եւ 225 հոդվածներով, իսկ ընդհանուր իրավասության դատարանը Փաշինյանին 316 հոդվածով արդարացրել է, իսկ 225 հոդվածով ազատազրկման դատապարտել 7 տարով:

Ի դեպ, դատավոր Ավետիսյանը դատավարության ամբողջ ընթացքում եղել է մուգ ակնոցներով, թե ինչո՞ւ` հայտնի չէ: