ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի` 2009թ. ապրիլի 24-ին կայացած զեկույցի եւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առաջիկա քվեարկության կապակցությամբ երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Իր զեկույցի եզրափակիչ մասում` «Մեծ եղեռն» եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո, Նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված է եղել հայ ժողովրդին բնաջնջելու փորձ.
«Ոչինչ չի կարող հետ բերել նրանց, ովքեր նահատակվեցին Մեծ եղեռնի ժամանակ: Սակայն վերջին իննսունչորս տարիների ընթացքում հայերի ներմուծած ավանդը խոյանում է որպես հայ ժողովրդի տաղանդի, դինամիզմի եւ տոկունության վկայություն եւ գերագույն պարսավանք նրանց, ովքեր փորձեցին բնաջնջել նրան»: Անհրաժեշտ է իսպառ վերացնել միջազգային հանրությունում պարբերաբար շրջանառվող այն թյուր ըմբռնումը, թե Նախագահ Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: ՀՀ փաստաբանների պալատը սույնով իր իրավական գնահատականն է տալիս Նախագահ Օբամայի զեկույցին: 1. «Ցեղասպանություն» եզրույթը համեմատաբար նոր է: Այն սահմանվել է 1944թ.-ին լեհ-հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից: Մինչ այդ ցեղասպանությանը զոհ դարձած յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի էր անվանում այն: Հրեա ժողովուրդը այն անվանել է «Հոլոքոստ», իսկ մենք` հայերս, անվանել ենք այն «Մեծ եղեռն»: 2. Միավորված Ազգերի Կազմակերպության «Ցեղասպանության ոճրագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ընդունվել է 1948թ.-ին եւ ուժի մեջ է մտել 1951թ., սահմանում է ցեղասպանությունը որպես «ցանկացած գործողություն` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»:
Նախագահ Օբաման օգտագործել է հայկական պատմական եզրույթը, որը հոմանիշ է ավելի ժամանակակից եզրույթին` «ցեղասպանությանը»: «Մեծ եղեռն» եզրն օգտագործվել է երկու անգամ եւ բնորոշվել է որպես հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ: Ակնհայտ է, որ «Մեծ եղեռն» հայկական եզրը Նախագահ Օբամայի կողմից օգտագործվել է ճիշտ այնպես, ինչպես մենք` հայերս ենք օգտագործում այն: «Մեծ եղեռն», «Հայոց ցեղասպանություն» եւ «Armenian Genocide» եզրույթները մշտապես եղել են բացարձակ նույնական: Իրավական տեսանկյունից Նախագահ Օբաման նկարագրել է ցեղասպանությունը, քանի որ ըստ սահմանման` ժողովրդին ոչնչացնելու փորձը ցեղասպանություն է: Թեեւ քաղաքական գործիչ Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, սակայն Կոլումբիայի համալսարանի եւ Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ Օբամա իրավաբանը հստակ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների անունից ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը Նախագահ Օբամային իր պատմական զեկույցի համար:
Հաշվի առնելով ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը ցեղասպանության ոճրագործությունների կանխարգելման համար` գտնում ենք, որ Ժամանակն է առավել հստակ անվանել իրերն իրենց անուններով եւ դատապարտել Մեծ եղեռնը՝ հստակորեն բնորոշելով այն որպես ցեղասպանություն: Այդ կապակցությամբ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը եւ կոչ ենք անում հաստատել բանաձեւը»: