Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Պարզվել է, որ 2009թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման են ենթարկել Թեհրանից Երեւան ժամանած ՀՀ քաղաքացիներ Գեւորգյանին եւ Ավետիսյանին, որի արդյունքում Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, ապօրինի ձեռք բերած 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Քննչական վարչություն, իսկ 2009թ. հուլիսի 15-ին նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է նույն վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանին: Սակայն քրգործի հարուցումը մերժելու եւ Ավետիսյանին ու Գեւորգյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար քննիչ Կոթոլյանը Գեւորգյանից պահանջել է 4000 դոլար կաշառք: Պահանջված գումարը երկու մասնաբաժնով` 2000-ական դոլար, Կոթոլյանը ստացել է 2009թ. հուլիս եւ օգոստոս ամիսներին` «Մամա-Միա» սրճարանում: Ապացույցների հիման վրա` Կոթոլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրգործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: