Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանն, արդեն 1 տարի է, հալածվում է վրացական իշխանությունների կողմից: Եվ նա միակ վրացահայը չէ, ում նկատմամբ այդ երկրի իշխանությունները ճնշումներ են գործադրում:
Հիշեցնենք, որ մինչեւ հիմա ապօրինաբար բանտում է պահվում ջավախահայ երիտասարդ գործիչ Վահագն Չախալյանը: Այդ երկրի իշխանություններն ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար, արդեն մի քանի տարի է, դաժանաբար հալածում են Չախալյանին, նրա հարազատներին ու ընկերներին: Իսկ Ա.Ստեփանյանը փորձում է համակարգել Թբիլիսիի հայ համայնքի հասարակական գործունեությունը: Ու հենց դրա համար էլ ենթարկվել է զանազան հետապնդումների: Մայիսի 30-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ու քաղաքի, այսպես ասած, ավագանու ընտրությունները: Եվ իշխանությունների հետ միասին թեկնածուներ ունեն նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Հայ համայնքը Վրաստանի մայրաքաղաքի բնակչության 10 տոկոսն է կազմում: Մեզ հետ զրույցում Ա.Ստեփանյանն ասաց, որ թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները նախընտրական շրջանում հանդիպումներ են ունենում բոլոր թեկնածուների հետ: Հայ համայնքը Վրաստանի մայրաքաղաքում ունի շատ խնդիրներ: Բավական է հիշել միայն Թբիլիսիի հայկական եկեղեցիների եւ մշակութային այլ հուշարձանների անմխիթար վիճակը: Հայկական եկեղեցիները քանդման եզրին են, եւ վրաց իշխանությունները գրեթե անուշադրության են մատնել դրանք: Ավելին, Ա.Ստեփանյանը տեղեկացրեց, որ Սուրբ Նշան եկեղեցին գոմ էին դարձրել եւ շներ էին պահում ու բազմացնում: Եվ միայն երկարատեւ պայքարից հետո է հնարավոր եղել եկեղեցին ազատել: Վրացահայ գործիչն ասում է, որ այս անգամ Թբիլիսիի հայ համայնքը քաղաքապետ կընտրի այն մարդուն, ով կխոստանա լուծել իրենց խնդիրները: «Մենք գիտենք, որ հիմա ընտրություններն են, ու ամենալավ պահն է, որ լուծվեն այդ հարցերը: Իշխանությունը միայն ընտրությունների ժամանակ է բոլոր հարցերին ուշադրություն դարձնում, եւ մենք էլ ենք ակտիվացել»,- ասում է Ա.Ստեփանյանը: Ա.Ստեփանյանը տեղեկացնում է, որ հանդիպումների արդյունքում հայ համայնքը հակված է ընտրել ընդդիմադիր դաշինքի թեկնածու Իրակլի Ալասանիային: Բայց համայնքին ակտիվացնելու եւ ընդդիմությանը պաշտպանելու այդ քայլերը անհետեւանք չեն մնացել հայ գործիչների համար: Այդ երկրի իշխանությունները հետապնդում են ակտիվիստներին: Օրինակ, անցած տարի կանչել են Ա.Ստեփանյանին ու զգուշացրել` հանգիստ մնալ կամ էլ բոլոր քայլերը համաձայնեցնել իրենց հետ: Ավելի ուշ փակել են նրա հորը պատկանող խանութը: Ա.Ստեփանյանը մեզ հետ զրույցում ավելացրեց, որ Վրաստանի իշխանությունները՝ տեսնելով, որ այդ քայլերը չեն ազդում, եւ հայերը շարունակում են թեկնածուների հետ հանդիպումները, արդեն մամուլով սկսել են իրեն վարկաբեկել` հայտարարելով, թե նա Ռուսաստանի գործակալ է: «Որ ես վնաս եմ տալիս այս պետությանը: Դե, ուրիշ բանի մեջ չեն կարող մեղադրել, իսկ ՌԴ-ի գործակալը հիմա այստեղ շատ պոպուլյար մեղադրանք է, քանի որ այս երկու երկրների հարաբերությունները լավ չեն: Տեսել են, որ ես ակտիվ եմ, աշխատել եմ, համայնքն էլ իր խնդիրներն է բարձրացնում ու ուզում է ընտրություններին ակտիվ լինել, կամպանիա են սկսել մեր դեմ: Հայերը Թբիլիսիում 10 տոկոս են կազմում, եւ Վրաստանի իշխանություններին միշտ թվացել է, թե հայերի ձայներն իրենց գրպանում են: Ու հիմա գոնե ընտրություններից առաջ մենք ուզում ենք մեր խնդիրները բարձրացնել ու դրանց համար լուծումներ ակնկալել»,- ասում է Ա.Ստեփանյանը: