Անլույս ու անջուր

07/03/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեք տարի անլույս ապրող միայնակ թոշակառու Սեդա Բարխուդարյանի սեղանին խնամքով դրված է «Աննա Կարենինան»: Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի նրան պատկանող սենյակի սառը ցրտին միայն անշունչ գրքերն են դիմանում:

Ինքը` տիկին Սեդան, լույսը բացվելուն պես փախչում է: «Եղբորս հարսը թոռների հետ մյուս մասնաշենքում է ապրում: Գնում եմ իրենց տուն, որ դիմանամ»,- ասում է բարեկիրթ կինը, ով էս աշխարհի անարդարության բողոքը վաղուց թաղել է իր մեջ ու, այնուամենայնիվ, դժգոհելու անզուսպ ցանկությունը խեղդում է իր անլույս ու անհույս հոգու մեջ: 33.000 դրամ թոշակը, անլույս, անջուր կենցաղավարությունը տիկին Սեդային ստիպում են կորցնել մի քիչ էլ ապրելու ցանկությունը, բայց, երբ ամեն երեկո մոմի լույսի տակ գրքի բառերն իրեն կանչում են` հասկանում է, որ հոգեզուրկ առօրյայից տեղափոխվում է մի սիրուն աշխարհ: Էդ սիրուն աշխարհներում դեգերելը նրան ապրեցնում է: «Իմ կյանքն էլ գիրք է, մի դաժան ու ցավոտ պատմություն»,- ասում է նա: Մեգրինում ծնված այս կինը եղել է ծնողների ութ երեխաներից մեկը: Հորեղբայրը դաշնակցական է եղել, որի կուսակցական պատկանելության հանգամանքը պատճառ է դարձել տիկին Սեդայի հորը` Մակար Բարխուդարյանին գնդակահարելու համար: 1930թ. ստալինյան ռեպրեսիայի ժամանակ այգեգործ Մ. Բարխուդարյանին բահը ձեռքին ձերբակալել եւ աքսորել են: «Տարիներ շարունակ մենք այդպես էլ տեղեկություն չունեինք նրանից: Հորեղբորս դաշնակցական լինելու համար նրան տարան ու անհայտ կորցրին»,- ասում է տիկին Սեդան, ով մոր, քրոջ եւ վեց եղբայրների հետ 1989թ. տեղափոխվել է Բաքու: Այդ տարիներին նրանք պատահաբար թերթում կարդում են ստալինյան ռեպրեսիայի ժամանակ գնդակահարվածների անուն-ազգանունները եւ հայտնաբերում են, որ այդ ցանկում զետեղված է նաեւ Մակարի անունը: «Այդքան տարիներ մենք` ընտանիքով այդ թեմայի շուրջ չենք խոսել: Վախենում էինք մորս ցավ պատճառել: Հորս տանելուց հետո նրա անունը մեր շուրթերից չի հնչել: Բոլորս ներքուստ զգում էինք նրա մահը, բայց էդ մասին երբեք չխոսեցինք: Նրան Երեւանում են գնդակահարել: Ճակատագիրը հետաքրքիր է. այնպես ստացվեց, որ անկախ մեզանից՝ մենք էլ Երեւան եկանք ու երեւի բոլորիս վերջը էստեղ է»,- ասում է տիկին Սեդան, ով հետագայում դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ստացել է հետեւյալ գրությունը. «ՀՍՍՌ Պետքաղվարչության կոլեգիան հայտնում է, որ դաշնակցական կուսակցության անդամ Մ. Բարխուդարյանը հակակոլտնտեսային, հակասովետական պրոպագանդայի եւ զինված ապստամբության կոչ անելու համար դատապարտվել է գնդակահարության»: Այնուհետեւ, 1989թ. Գերագույն խորհրդի հրամանագրով նա ռեաբիլիտացվել, արդարացվել է. զավեշտալի է, բայց փաստորեն` «հետմահու»:

Բաքվում տիկին Սեդայի ընտանիքը փորձել է նոր կյանք սկսել, որտեղ նա աշխատել է Բաքվի Մետրոպոլիտենի կադրերի բաժնի ավագ տեսուչ: «Դե՛, բոլորս էլ ուսում ստացանք: Մայրս միայնակ, մեծ դժվարությամբ ութ երեխա մեծացրեց, դաստիարակեց: Կյանքում ամեն մեկս էլ մեր տեղը գտանք, բայց…»,- ասում է նա: Բայց քաղաքականությունն ու պատերազմները մարդկանց ստիպում են թշնամիներ կերտել: Թշնամու հորինված կերպարը մեզ ստիպում է ատել, բայց ատում ենք ոչ թե մարդկանց, այլ` հորինողներին: Տիկին Սեդայի համար թշնամիներ չեն Բաքվում ապրած տարիների իր ընկերները, աշխատակիցներն ու մտերիմները, որովհետեւ իրեն ծանոթ ադրբեջանցիները երբեք հայերին «թթու» խոսք չեն ասել: «Իմ հիշողությունների մեջ ինձ ծանոթ բոլոր ադրբեջանցիներն էլ դրական կերպարներ են, ու ոչ մի քաղաքականություն, ոչ մի պատերազմ չի կարող պարտադրել նրանց թշնամաբար վերաբերվել: Երբ սումգայիթյան դեպքերն արդեն զարգանում էին` մենք արդեն պիտի տեղափոխվեինք Հայաստան: Հավատացե՛ք, որ աշխատավայրի իմ ընկերները գրկախառնվում ու լաց էին լինում: Ինձ բաց չէին թողնում, որ հեռանայի: Մեր կադրերի բաժնի վարիչը լաց լինելով ասում էր` մի գնա, ես քեզ կպահեմ, բայց…»,- հիշում է տիկին Սեդան` ավելացնելով, որ Բաքվում հայերին շատ էին հարգում, քանի որ նրանցից շատ բան էին սովորում: Տիկին Սեդան հիշում է նաեւ այն տարիները, երբ հայը, ռուսը, ադրբեջանցին ու ուզբեկն ապրում, աշխատում էին մի միջավայրում, որտեղ ազգերի միջեւ կոնֆլիկտ գոյություն չուներ. «Մի տեսակ ներքին խաղաղություն, բարեկամություն կար: Ես շատ լավ հիշողություններ ունեմ մինչեւ իմ փախստական դառնալը»: Հետո մարդկանց կյանքը բաժանվեց երկու շրջադարձային փուլի` մինչեւ փախստական դառնալն ու փախստական դառնալուց հետո: Փախստականի կաղապարով ապրելու բարդույթը շատ էներգիա խլեց ինչպես տիկին Սեդայից, այնպես էլ` հազարավոր փախստականներից: Սումգայիթի ջարդերից հետո Հայաստան տեղափոխված մարդիկ դարձան երկուսը` մարդն ու փախստականը: Մարդն իր ներքին բնազդով ուզեց ադապտացվել նոր միջավայրին, իսկ փախստականն ամեն քայլափոխին պաշտպանվելու բնազդից, տեղացիներին խանգարելու բարդույթից՝ փակվեց ինքն իր մեջ: 29.000 դրամ հոսանքի պարտքի համար երեք տարի անլույս ապրող տիկին Սեդան այնքան սովորական է խոսում առանց լույս ապրելու իր կյանքի մասին, կարծես լույսն էլ է իրեն շատ համարում: «Ճիշտն ասած` սկզբում որ եկել էինք, էդ ժամանակ էր շատ դժվար՝ որպես փախստական: Հիմա լավ է, երեւի մարդիկ հասկացան, որ մենք մեղավոր չենք կատարվածի համար»,- ասում է նա: Տիկին Սեդայի վեց եղբայրները մահացել են, իսկ մենակությունը կիսում է եղբոր հարսի ու թոռների հետ: Հարցնում եմ` «Երեխաներ չունե՞ք»: «Չէ՛, ուզողներս շատ էին»,- կատակելով պատասխանում է նա:

Միայնակ թոշակառու տիկին Սեդայի սառը սենյակում կիսատություն կա. սկսած դատարկ պահարաններից` վերջացրած նրա կյանքի պատմությունով: Կիսատ է նաեւ ապրելու այն հույսը, որը լուռ է, ու որի մասին տիկին Սեդան չի խոսում: Հավանաբար՝ այնպես, ինչպես իրենց ընտանիքում բոլորը զգում էին ստալինյան ռեպրեսիայից գնդակահարված հոր մահը, բայց էդ մասին ոչ ոք չէր խոսում: