Ըստ ժողովրդագետ Համլետ Սարգսյանի, արդեն 2 տարի է` իշխանությունը զգում է, որ բնակչության բնական աճի էական նվազման հետեւանքով զինակոչիկների քանակը մոտակա 2-3 տարիներին չի բավականացնելու: Այդ պատճառով, Հ. Սարգսյանի կարծիքով, ստիպված են եղել ներդնել պայմանագրային ծառայության մեխանիզմը:
Հայաստանի բնակչության բնական աճի տարեցտարի նվազող ցուցանիշները մոտ ապագայում կարող են աղետալի հետեւանքներ ունենալ` դառնալով նաեւ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր: Մեր երկիրը դասվում է ծերացող հասարակություն ունեցող երկրների շարքին, եւ դա արդեն վկայում է այն մասին, որ մեր պետությունը պետք է կարողանա հստակ ծրագրեր ու մեխանիզմներ մշակել` իրավիճակը հնարավորինս շտկելու համար: Մինչդեռ, բացի մի քանի տարին մեկ ընտանեկան նպաստների ու երեխաների ծննդյան համար տրվող գումարները մի քանի հազար դրամ ավելացնելուց, որեւէ այլ քայլ կարծես թե չի արվում: Ասենք, խորհրդային տարիներին բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները այնքան շատ էին, որ մարդիկ չէին խուսափում երեխաներ ունենալուց: Պետությունը բազմազավակ ընտանիքներին ապահովում էր մեքենայով, բնակարանով եւ աջակցում էր ֆինանսապես: Այսօր 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում տրվող գումարն այնքան չնչին է, որ այն չի կարող երիտասարդ ընտանիքին շահագրգռել` երեխա ունենալու հարցում:
Ժողովրդագետ, պատմական գիտությունների թեկնածու Համլետ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի համար ժողովրդագրական վիճակը անհանգստացնող է առավելապես այն պատճառով, որ խնդիրը փոխկապակցված է ազգային անվտանգության հետ: «Արդեն 2 տարի է, վերեւներում այդ բանը զգում են եւ ուզում են ներդնել կամավոր ծառայության մեխանիզմը: Իմաստն այն է, որ զինակոչիկների քանակը մոտակա 2-3 տարիներին չի բավականացնելու, եւ նրանք ստիպված են պայմանագրային ծառայողների քանակը ավելացնել: Ամեն օր հայտարարություն են տալիս, որ մինչեւ 50 տարեկան տղամարդկանց հրավիրում են ծառայության: Սա լավ օրից չէ, եւ բավականին լուրջ խնդիր է մեզ համար»,- ասում է նա: Հ. Սարգսյանի ներկայացմամբ, իրավիճակի լրջությունը երեւում է նաեւ դպրոցներում, երբ առաջին դասարանի երեխաների թիվը գրեթե կիսով չափ պակաս է տասներորդցիներից: Իսկ մի քանի տարի հետո արդեն հանրապետության գյուղերում կստեղծվի մի իրավիճակ, երբ առաջին դասարանում աշակերտներ ընդհանրապես չեն լինի: Մասնագետի հավաստմամբ, միայն Արարատյան դաշտավայրում գտնվող մի քանի գյուղերում առաջին դասարանցիների քանակը գերազանցում է տասներորդ դասարանցիների քանակին: Սակայն նման դպրոցները բացառություն են:
Բնականաբար, բնակչության թվաքանակի նվազման վրա բացասաբար է անդրադարձել նաեւ միգրացիան: Մեր այն դիտարկմանը, թե ըստ Միգրացիոն գործակալության հրապարակած տվյալների՝ վերջին տարիներին միգրացիոն շարժի սալդոն դրական է, այսինքն՝ ավելի շատ վերադառնում են Հայաստան, քան մեկնում են, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ իրականությունը կապ չունի վիճակակագրության հետ. «Այդպես միայն հայտարարում են, բայց ես չեմ կարծում, որ սալդոն դրական է»:
Մասնագետի կարծիքով, առավել քան զարմանալի է մեր կառավարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը, որն իբրեւ պետք է նպաստի, որ Սփյուռքում ապրող հայ երիտասարդը ձգտի վերադառնալ հայրենիք։ «Արի տունը» միայն հայտարարություն է: Ինչքան էլ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ցանկանա, որ երիտասարդները գան հայրենիք, գան` ի՞նչ անեն, այդ գալը հո ինքնանպատակ չէ՞: Գան լրացնեն գործազուրկների շարքե՞րը: Չեմ կարծում, որ մեր պետությունը կարողանա այնքան աշխատատեղ ստեղծել, որ մարդիկ վերադառնան եւ աշխատեն իրենց հայրենիքում: Դրսում ապրողներից ոչ մեկը այդ հույսը չունի: Նրանք մտածում են, որ կգան այստեղ ու սոված կմնան: Այդ մտածելակերպը կա»,- ասում է Հ. Սարգսյանը, ում կարծիքով` մեր կառավարությունը պետք է կարողանա հստակ հայեցակարգ մշակել երկրում ստեղծված աղետալի իրավիճակը շտկելու համար, ոչ թե «բազմազավակ ընտանիքին 30 հազար դրամ նպաստ շպրտի եւ վերջ»:
Հանրապետությունում անցկացված վերջին` 2001 թվականի մարդահամարի արդյունքներով, կարծես թե բնակչության աճի ցուցանիշի էական անկում չի արձանագրվել, դրանից հետո որեւէ վերլուծություն չի կատարվել: Այդ դեպքում ի՞նչն է հիմք հանդիսանում լուրջ անհանգստության համար: «Ես հասկանում եմ Վիճծառայության քաղաքականությունը եւ գտնում եմ, որ այդ մարդահամարը բնակչության իրական պատկերը չտվեց: Առկա եւ մշտական բնակչության թիվը գրեթե հավասար էր, մոտ 200 հազարի տարբերություն է, որը շատ քիչ է: Մարդահամարը իսկապես կիսատ-պռատ էր: Գալիս էին տուն, 2-3 տող բան էին գրում, հետո հարցնում էին, թե՝ հարեւանդ քանի հոգի է, թիվը գրում էին ու վերջ: Այս ձեւով աշխատելը ոչ մի էական արդյունքի չէր կարող հանգեցնել: Այսօրվա հաշվառումներով բնակչության թիվն աճում է, ուրեմն պետք է բնական աճի մեծ ցուցանիշ ունենանք, բայց սրանք ընդամենը հաշվարկներ են, որ մարդիկ նստած անում են: Այսօր էլ բոլոր ընթացիկ հաշվառումները սխալ են կատարվում, քանի որ 2001 թվականի մարդահամարը սխալ է եղել: Այդ սխալի հետեւանքները մենք ցայտուն կերպով կզգանք մոտակա 5-6 տարիներին»,- վստահ է ժողովրդագետը:
Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ
Հ.Գ. Երեկ հարցի առնչությամբ հրավիրված ասուլիսում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշել է, որ նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում ծնվել է 44 հազար 468 երեխա, որը 2008թ. համեմատությամբ ավելի է 8 տոկոսով: Բնակչության բնական հավելաճը կազմել է 16 հազար 938 մարդ, սակայն նա եւս հավաստիացրել է, որ հավելաճը կպահպանվի առավելագույնը մի քանի տարի: Կ. Կույումջյանի խոսքերով՝ «Բնակչության տարիքային կառուցվածքը փոխվում է, հետեւապես ծնելիության բացարձակ թիվը կնվազի: Մի քանի տարի էլ կարող է աճ լինել, սակայն դրանից հետո ունենալու ենք կտրուկ նվազում»: