Տոն, որը կառավարության հետ է

07/03/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը հարկավ գազի սակագնի բարձրացումն է: Իրադարձություն, որն իր բացասական հետքը կթողնի ողջ տնտեսության վրա: Հնարավոր է նաեւ, որ սակագների վերանայման հերթական շղթան ձեւավորվի: Հասարակական կարծիքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենը դակող կառույց է: Այն ավելի շուտ քարոզչական աշխատանքներ է իրականացնում: Տարիներ շարունակ նույն պատկերն է: Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին հասարակությունը տեղեկանում է հենց այս հանձնաժողովից: Նախ հայտարարվում է, որ հանձնաժողովը սակագինը բարձրացնելու հայտ է ստացել եւ սկսել է ուսումնասիրել այդ հայտը: Ուսումնասիրություն ասածն ընդամենը հասարակայնորեն անհրաժեշտ ժամանակահատված է, որ հասարակական դժգոհությունը մեղմելու գործառույթ ունի: Թանկացման լուրի հրապարակումից մեկ-երկու ամիս հետո հանձնաժողովը վերջապես նիստ է գումարում ու համաձայնում բարձրացնել սակագինը: Հասարակությանը «շոյելու» համար հաստատված սակագինը մի փոքր ավելի ցածր է սահմանվում, քան ցանկանում էր ստանալ հայտատու կազմակերպությունը: Ճիշտ այսպես էր մշակվում հասարակական կարծիքը նաեւ խորհրդային տարիներին: Գների բարձրացումից մի քանի ամիս առաջ համապատասխան մարմինները շրջանառության մեջ էին դնում այս կամ այն ապրանքի գնի բարձրացման լուրը: Հասարակությունը դժգոհում էր՝ հույս ունենալով, որ գնաճի լուրն ընդամենը բամբասանք է, եւ հնարավոր է՝ տեղի չունենա: Կրքերի հանդարտումից հետո հայտարարվում էր, որ աշխատավորների խնդրանքով բարձրացել են որոշ ապրանքների գներ: Մեր նորօրյա կյանքում «աշխատավորների խնդրանք» արտահայտությունը չի կիրառվում: Հավանաբար՝ աշխատավորների դասի բացակայության պատճառով: Բայց կհանդգնեմ ենթադրել, որ նոր իրավիճակում աշխատավորների դերն իր վրա վերցրել է կառավարությունը: Արդեն քանի տարի է` մեր տնտեսվարողները բողոքում են Ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): 20 տոկոսանոց այս հարկը վաղուց դարձել է տնտեսության առաջընթացի էական խոչընդոտ: 1997թ. ընդունված այս օրենքը հետագայում մոտ 45 լրացումներ է ունեցել: Անփոփոխ մնացել է միայն 20 տոկոսանոց դրույքաչափը: Դրույքաչափ, որ դարձել է բոլոր կառավարությունների ալարկոտության խորհրդանիշը: Նաեւ ուրախության աղբյուրը: Սակագների բարձրացման ամեն հայտ մեր կառավարության համար տոն է: Այն հնարավորություն է տալիս նոր «անաշխատ» եկամուտ ապահովել բյուջեի համար: Տնտեսական քաղաքականություն մշակելու, բարդ ծրագրեր իրականացնելու փոխարեն՝ հարազատ կառավարությունը սպասում է սակագնի հերթական բարձրացման առաջարկին: Արդյունքում՝ ամեն անգամ վճարում կատարելիս սպառողը բարձր սակագնից դժգոհելով՝ ուղիղ 20 տոկոսի չափով հիշում է կառավարությանը: Երբ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ էր, 5 դրամն անմիջապես ԱԱՀ-ի անվամբ կառավարությունը «քաշում էր» պետբյուջե: Հետո, երբ էներգահամակարգը սակագինը բարձրացնելու առաջարկով դիմեց, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը սակագինը դարձրեց 30 դրամ: Կառավարությունը բյուջեի համար միանգամից տարեկան կտրվածքով մոտ 4 մլրդ դրամ հավելյալ գումար ստացավ: Ոչինչ չանելով: Ամենեւին էլ կարիք չկա գլուխ ցավեցնել, տնտեսական օրենսդրություն կատարելագործել, վարչարարությունը կարգի բերել: Մինչեւ ապրիլի 1-ը սպառած 1 խմ գազի դիմաց սպառողը վճարելու է 96 դրամ: Այդ գումարից մոտ 16 դրամը կառավարության «փայն» էր՝ ԱԱՀ-ի տեսքով: Ապրիլի մեկից հետո պատկերն ավելի ոգեշունչ է լինելու: Սպառողը 1 խմ-ի դիմաց 132 դրամ է մուծելու: Ավելացված արժեքի հարկը կկազմի 22 դրամ: Ամեն խմ-ից 6 դրամ նախատեսվածից ավելի կփոխանցվի պետբյուջե: Այսինքն` միայն բնակչությունը գազի վարձավճար մուծելով՝ նախատեսվածից 3մլրդ 300 մլն դրամ ավելի կմուծի ԱԱՀ-ի տեսքով: Ահա թե ինչու է կառավարությունը տարիներ շարունակ անփոփոխ պահում 20 տոկոսանոց ԱԱՀ դրույքաչափը: Դրույքաչափ, որն ըստ տնտեսական տեղեկատվության՝ ամենաբարձրն է: Թե զարգացած, թե զարգացող երկրները մշտապես փորձում են նվազեցնել այն: ԱԱՀ-ի դրույքի նվազումը սպառողի համար գների ու սակագների նվազում է: Տնտեսվարողների համար հարկային բեռի թեթեւացումը ազատված ֆինանսական միջոցներ է, այսինքն` զարգացման լրացուցիչ աղբյուր: Պետբյուջեի համար այն եկամուտների նվազում է, որը կստիպի կառավարությանն ավելի ակտիվ տնտեսական քաղաքականություն վարել: Բյուջեի հավաքագրման համար այլ աղբյուրներ ու մեթոդներ գտնել: Իսկ այն չնվազեցնելու պարագայում կառավարությունն աշխատելու փոխարեն ձանձրույթից ստեղծագործում է: Անսպասելի հարկատեսակներ հորինում: Օրինակ, սպառնում, որ քաղաքներում ընտանի կենդանիներ պահողները տարեկան 5 հազար դրամ են մուծելու յուրաքանչյուր շան կամ կատվի համար: Ոչ ընտանի կենդանիներ պահող օլիգարխները կարող են հանգիստ քնել: Ոչ ոք չի պատրաստվում նրանց թեկուզ 5 հազար դրամ ավելի հարկել: Առավել եւս՝ շքեղության հարկ մտցնել ու հարկել պալատների տերերին կամ թանկարժեք ավտոմեքենաների կոլեկցիոներներին: Դա մեր կառավարության ուժերից վեր է: Ավելի լավ է՝ ոչինչ չանելով սպասել սակագների բարձրացման հերթական շղթային: