Ճարտարապետությունը դատավճիռ է

07/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վերջերս հայտնի դարձավ, որ Երեւանի դիմանկարը կրկին լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, քանի որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերացնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն ու նրան հարող տարածքը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` կինոթատրոնի սեփականատերերը ցանկություն են հայտնել հանգստյան գոտի հանդիսացող այդ ուրույն ճարտարապետական կառույցը անհատույց հանձնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, որն էլ իր հերթին՝ քանդելու է դահլիճն ու տեռասան` վերականգնելով նախկինում այդ տեղում վեր խոյացող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Եկեղեցին հիմնահատակ քանդվել է բոլշեւիկների գալստյան հետ, եւ այժմ պահպանվել է միայն եկեղեցու դուռն ու 16 քարերը: Ավետարանիչների անունները կրող Սուրբ Պողոս-Պետրոս եռանավ, անգմբեթ եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարերում, հետագայում երկրաշարժից վնասվել է ու վերակառուցվել արդեն 18-րդ դարում:

«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության փոխանցմամբ` կինոդահլիճի դեմոնտաժի նախաձեռնությամբ հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ` Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ն, եւ կինոթատրոնն ընդառաջել է այդ գաղափարին: «Անձամբ վեհափառն է մեզ դիմել»,- ասացին մեզ: Կինոթատրոնի սեփականատերերն այդ որոշումը բացատրում են ամառային դահլիճի պահպանման ու շահագործման անհնարինությամբ: Հիմնական փաստարկն այն է, որ հանդիսատես չկա: Նրանք կարծում են, որ երբ հանդիսատես լինի, հետագայում կարելի է դահլիճ կառուցել մեկ այլ վայրում:

Տարածքը եկեղեցու շինարարությանը տրամադրելու որոշումը ողջունել է ՀՀ Մշակույթի նախարարությունը` ի դեմս Հասմիկ Պողոսյանի, որի միջնորդությամբ էլ այն քննարկվել է կառավարության նիստի ընթացքում: Թվում է, որ պետք է լիներ հակառակը, եւ Մշակույթի նախարարությունը ուղղակի «ատամներով» պետք է պահեր մշակութային այդ կենտրոնը (պաշտպանելով այն նույնիսկ Էջմիածնից)` քաջ գիտակցելով, որ կինոթատրոնների պակասը դահլիճի կորստով միայն ավելի է ընդգծվելու: Սակայն կինոթատրոնը վերակառուցելու փոխարեն՝ նախարարությունը որոշել է նրանից հրաժարվել: Միգուցե այդպես ավելի հեշտ է, սակայն հաստատ` ոչ խելամիտ: Վերջիվերջո, կարելի էր «Մոսկվա» կինոթատրոնի սեփականությունը հանդիսացող այդ տարածքը կրկին պետական հսկողության տակ առնել ու համաձայն Մշակույթի նախարարության մշակած հայեցակարգի` համերգային, կինոդիտումային կենտրոնի վերածել:

Այժմ Երեւանի փոքր կենտրոնում աննախադեպ թափի եկեղեցաշինություն է ընթանում: Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում իրականացվում է Սուրբ Կաթողիկե եկեղեցու շինությունը, եւ հիմա փորձ է արվելու կինոթատրոնի տարածքում նոր եկեղեցի կառուցել` ուղղակիորեն «խցկելով» այն շինությունների արանքը: Թվում է, որ ոչ ոք չի հանդգնի եկեղեցու շինարարության դեմ ըմբոստանալ, քանի որ եկեղեցաշինությունը աստվածահաճո գործ է: Նաեւ հոգեւոր մեծ խորհուրդ ունի, եւ օրեցօր ուժգնացող ու տարածվող աղանդավորական շարժումների հակակշիռը կարող է լինել: Ինչպես ասում է Տեր Շահե քահանան. «Ժամանակին երբ Երեւանը ընդամենը 20 հազար բնակիչ ուներ, քաղաքում 15 եկեղեցիներ էին գործում, եւ հիմա միլիոնանոց քաղաքին նոր եկեղեցիներ են անհրաժեշտ: Մեր դանդաղկոտության պատճառով մենք հիմա ժամանակից դուրս ենք մնացել: Անցյալում ամուլ տարիներ ունենք, եւ հիմա պարտավոր ենք վազելով առաջ գնալ ու վերականգնել պատմական վայրերում գտնվող մեր եկեղեցիները: Եկեք չդառնանք դատավոր, այլ իրատես լինենք»: Սառնասիրտ իրատեսությունը ստիպում է ընդունել, որ մենք հարուստ ենք եկեղեցիներով ու վանքերով, եւ ընդամենը 2 կինոթատրոն ունենք: Սակայն ոչ կինոթատրոններն են լեփ-լեցուն դիտումներ ունենում, ոչ էլ պահպանվում են հոգեւոր արժեքներ հանդիսացող եկեղեցական կառույցները: Տեր Շահեն նկատում է, որ նոր եկեղեցի կառուցվում է այն ժամանակ, երբ հավատացյալների քանակը առնվազն 500-ի է մոտենում: Օրինակ, 100 ծուխ ունեցող գյուղերում անպայման եկեղեցի է կառուցվում: «1 միլիոնանոց Երեւանում 10 գործող եկեղեցի ունենալը խոսում է մեր հոգեւոր տգիտության մասին: Մենք դադարել ենք աղոթող լինել»,- ասում է նա: Նաեւ մատնանշում է ամենակարեւոր խնդիրը` սպասարկող քահանաների պակասը (ընդամենը 30-ը):

Հայ Առաքելական եկեղեցին իր խնդիրներն ունի, «Մոսկվա» կինոթատրոնն` իր: Սակայն, անկասկած, ամենալուրջ խնդիրներն ունի հասարակ երեւանցին, որը դանդաղորեն, սակայն անկասելի մոռանում է` ի՞նչ է նշանակում «քաղաքային մթնոլորտը» եւ ի՞նչ կարելի է անել քաղաքում երեկոների ընթացքում (փողոցներով անիմաստ թրեւ գալուց ու սրճարաններում ծխելուց բացի): Կար ժամանակ, երբ այդ մասին մտածում էին քաղաքը նախագծողները` բետոնե կառույցների մեջ խորհրդավոր ապագա տեսնելով:

Դեպի երկինք

Իրական խնդիրը ոչ թե «Եկեղեցի՞, թե՞ կինոթատրոն» երկընտրանքն է, այլ քաղաքի օրիգինալ կառուցապատման օրինակից անդառնալիորեն հրաժարվելու որոշումը: Հայաստանի անկախությունից ի վեր ամառային կինոդահլիճն անմխիթար վիճակում էր գտնվում, այն չէր ծառայում իր բուն նպատակին ու կիսատ-պռատ շինություններով էր համալրվում: Ներկա դրությամբ` այդ տարածքում չի պահպանվել ոչ միայն եկեղեցին, այլեւ գրեթե հիմնովին ավերվել է բացօթյա կինոթատրոն-հանգստյան գոտու գաղափարը, քանի որ այժմ այդ տարածքում ավտոլվացման կետ, փակ սրճարան ու տարբեր մանր կրպակներ են գործում, ինչի արդյունքում բաց տարածքի գաղափարը աղավաղվել, տձեւացել ու որպես անպիտան երեւույթ` դեն է շպրտվել:

Սակայն միշտ էլ հույս է եղել, որ պետական այրերը կրկին ուշադրություն կդարձնեն այդ գոտուն ու կվերականգնեն քաղաքային ճարտարապետության փայլուն նմուշ հանդիսացող բացօթյա ժամանցային այդ համալիրը, որի բացառիկությունը ամփոփված է «քաղաքային» բառի մեջ: Այն քաղաքային մշակույթ ձեւավորող ու պահպանող մի վայր է, որն օրգանապես միահյուսվել էր քաղաքի առօրյային: Երեւանցիների ավագ սերունդը միշտ էլ ջերմությամբ ու հիացմունքով է խոսել շոգ ամառային Երեւանում պաղ ու անշտապ ռիթմ ունեցող բացօթյա կինոթատրոնային համալիրի մասին: Ի դեպ` նման ջերմ էներգետիկ լիցքեր պարունակող վայրեր Երեւանում գրեթե չեն մնացել: Մենք սովոր ենք Երեւանը նույնացնել միայն Ալեքսանդր Թամանյանի նախագծերի հետ, սակայն մոռանում ենք, որ մեր քաղաքի այդ փոքր անկյունը բոլորովին այլ ոճ ու ուղերձ ունի, իսկ Թամանյանի երազած քաղաքը հենց բազմազան գույներ ու ֆորմաներ ունեցող քաղաքն է եղել, որի ճարտարապետության հիմքում մարդու հարմարավետ կյանքի ու հանգստի գաղափարն է եղել:

Բացօթյա այդ գոտու հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանն է. բացառիկ տաղանդի տեր կոնստրուկտիվիստ, ով կարողացել է Երեւանի սրտում բնության կղզյակ ստեղծել: Նա մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայանի հեղինակն է (նաեւ Երեւանի կենդանաբանական այգու վերականգնման նախագիծն է ստեղծել, որն, ավաղ, այդպես էլ իրականություն չի դարձել): Նրա այդ գործերում որպես հումք օգտագործվել են ոչ միայն գունավոր քարերը, խճանկարային սկզբունքն ու սավառնող ֆորմաները, այլեւ` խնամքով ու երբեմն էլ` դեկորատիվ ցայտունությամբ ընդգծված բնության հատվածները: Հերիք է հիշատակել ամառային կինոթատրոնի բակում գտնվող հաստաբուն ու սաղարթախիտ ծառը, որն օրգանապես միահյուսվել է ճարտարապետության մեջ: Ծառը չի կտրվել, այլ արհեստականորեն շեշտվել է, քանի որ նրա հետագա աճի համար բետոնե ծածկի մեջ անցք է արվել: Ճարտարապետական նման շեշտադրումը շատ կարեւոր հնարք է, քանի որ մարդկանց ուշադրությունը դեպի վեր է ուղղորդում: Եվ այդ վայրում հայտնված ցանկացած մարդ ակամայից նայում է երկինք: Փոքր մի ճեղք, իսկ ետեւում երկինքն է: Կարծես գունավոր բանտախցի պատուհանից նայում ես ազատությանը: Այդ վայրում երկնքի գաղափարը շատ ընդգրկուն է ընկալվում. երկինքը եւ՛ աստղերն են, եւ՛ մարդու հնարած կինեմատոգրաֆի գյուտը, եւ՛ ամենակարող Բարձրյալը: Մի խոսքով, այն ամենը, ինչը մեր մեջ է, բայց միեւնույն ժամանակ` վերեւում: Երեւանի այս փոքր անկյունում գտնվող մարդ արարածը ինքն իրեն արժեւորելու հնարավորություն էր ստանում: Եվ դա անում էր բնազդաբար, քանի որ հանճարեղ ճարտարապետն իր առջեւ հենց այդպիսի նպատակ էր դրել:

Հայտնի է, որ պատմական վայրերը, որտեղ դարեր առաջ եկեղեցիներ (իսկ դրանից առաջ՝ մզկիթներ կամ հեթանոսական տաճարներ) են կառուցվել, յուրատեսակ «լիցքավորում» են ձեռք բերել` վերածվելով հզոր էներգետիկ դաշտ պարունակող հողակտորների: Այդ լիցքը պահպանվում է երկար ժամանակ: Իզուր չէ Թամանյանը քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող շինությունները (Օպերայի թատրոնը, Խորհրդարանը, դպրոցները) նախագծել հենց այդ կետերում` ապահովելով մարդու ու միջավայրի էներգետիկ շրջանառությունը: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին իր լիցքը հաղորդել էր կինոթատրոնին, եւ կինոթատրոնն էլ շատ ներդաշնակ էր իրեն զգում: Մնում էր միայն պահպանել այն:

Հիմա կարեւորը տարածքի գինն է, այլ ոչ թե տարածքի փիլիսոփայությունը: Միգուցե այդ պատճառով էլ հիմա բոլոր պետական այրերը շտապում են ջնջել մեր մայրաքաղաքից ներդաշնակության նշույլները:

Հ.Գ.
Ի դեպ` դեռ հնարավոր է պահպանել Երեւանի այդ ուրույն անկյունը: Դեռ պետք է հնչեն ճարտարապետների կարծիքները: Չէ՞ որ, եթե այսպես շարունակվի, ապա վաղը նրանցից յուրաքանչյուրի ստեղծածը կքանդվի: Լուռ կքանդվի: