Բոլորին է հայտնի, որ առանց ալկոհոլի գարեջուրը հարբելու կամ գինովնալու առիթ չի հանդիսանա, կամ, որ շատ կարեւոր է` ալկոհոլիզմ չի զարգանա: Պարզվում է նաեւ, որ առանց ալկոհոլի գարեջուրը ոչ միայն թույլ է տալիս ըմբոշխնել սիրած ըմպելիքի համը, այլ նաեւ օգնում է նրան պահպանել առողջությունը: Օրինակ` ճապոնացի գիտնականները պարզել են, որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է չարորակ նորագոյացությունների առաջացման վտանգը, հատկապես` ստամոքսի եւ աղիների: Այս գարեջրի բաղադրիչները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման պրոցեսն ու աթերոսկլերոզի զարգացումը:
Իհարկե, նաեւ կարծիք կա, որ առանց ալկոհոլի գարեջուրը դեպի իսկական ալկոհոլ պարունակող խմիչքներին հարմարվելու «առաջին աստիճանն» է: Այլ կերպ ասած` առանց ալկոհոլի գարեջուրը հոգեբանորեն մարդը դիտում է որպես ալկոհոլային խմիչք եւ կոտրում իր մեջ ներքին խոչընդոտները: Բժիշկները անհանգստացած են, քանի որ այս գարեջուրը լայն տարածում է գտել դպրոցականների ու ուսանողների շրջանում: