Զրույցներ

07/03/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Եվ այդուհանդերձ շուշանն ու թռչունը բացարձակ բերկրուն են, եւ այստեղ դու հիրավի տեսնում ես, թե ինչ ճիշտ է Ավետարանը, երբ ասում է` դու պետք է բերկրանք ուսանես շուշանից եւ թռչնից: Դու չես էլ կարող երազել ավելի լավ ուսուցչի մասին, քան նա, ով, տանելով անսահման խոր հոգս ու բեռը, այդուհանդերձ, բացարձակ բերկրուն է եւ ինքն ուրախությունն է: Եվ ինչպես է շուշանին եւ թռչնին հաջողվում այն, որ ասես հրաշք լինի` խորախոր հոգս ու բեռի մեջ բացարձակ բերկրուն լինել, երբ այդքան սարսափելի վաղն է սպասում, այստեղ լինել, այսինքն՝ լինել բացարձակ բերկրուն այսօր` ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: Նրանք այստեղ վարվում են պարզ եւ աննենգամիտ, շուշանն ու թռչունը միշտ այդպես են պահում իրենց, եւ հեռացնում են այդ վաղը, կարծես թե այն գոյություն չունենար»։ Կա Պետրոս առաքյալի մի խոսքը, ով շուշանին ու թռչնին զետեղել էր իր սրտում, լինելով պարզ, ինչպես նրանք` խոսք, որը շուշանն ու թռչունը միանգամայն տառացի են ընդունում, ա՜խ. եւ հատկապես այն, որ նրանք այն միանգամայն տառացի են ընկալում, դա էլ հենց օգնում է նրան: Այդ խոսքի մեջ ահռելի ուժ է պարփակված, եթե այն միանգամայն տառացի ընդունես, իսկ եթե այն չես ընդունում տառացի իմաստով, հետեւելով տառերին, ապա այն առավել կամ պակաս կորցնում է ուժը, դառնալով ի վերջո ոչինչ չնշանակող խոսելաեղանակ, բայց որպեսզի այդ խոսքը միանգամայն տառացի ընդունես, բացարձակ պարզություն է պետք: «Բոլոր ձեր հոգսերը գցեք Աստծո վրա»: Տես, շուշանն ու թռչունը միշտ կատարելապես այդպես են անում: Կատարյալ լռության եւ կատարյալ հնազանդության օգնությամբ նրանք նետում են` այո, ինչպես ամենազորեղ բաբանը ինչ-որ բան իրենից դուրս է նետում, եւ այնպիսի մոլեգնությամբ, որով մարդ իրենից դուրս է վանում իր համար ամենազազրելին` բոլոր իր հոգսերը իրենից հեռու, եւ նետում է դրանք, նույն անվրեպությամբ, որով խփում է ամենաանվրեպ հրազենը, եւ նույն հավատով եւ վստահությամբ, որով ամենահմուտ հրաձիգը նշանակետին է հասնում` Աստծուն: Եվ այդ «այժմ»-ում, եւ հենց այդ «այժմը», սկսած առաջին ակնթարթից, այսօրը, առաջին ակնթարթի հետ միաժամանակ այն է, ինչ որ կա այստեղ, ինչը որ ներկա է, նույն «այժմ»-ում նրանք բացարձակ բերկրուն են: Եվ այդ ամենը միանգամայն բնական է` քանզի Աստված ամենազոր է, Նրա համար անսահման հեշտ է ողջ աշխարհն ու աշխարհի բոլոր հոգսերը` շուշանի եւ թռչնի հոգսերի հետ: Ի՜նչ աննկարագրելի բերկրանք: Եվ հենց, բերկրանք Աստծո համար` Ամենազորի:

Արդ, ուրեմն, ուսանիր շուշանից եւ թռչնից, սովորիր բացարձակի այդ հմտությունը: Հիրավի, դա զարմանալի հնարք է, բայց հենց դա էլ պետք է դրդի քեզ շուշանի եւ թռչնի հանդեպ առավել եւս ուշադիր լինել: Դա զարմանալի հնարք է, եւ, ինչպես եւ «խոնարհության հնարքը», նա իր մեջ հակասություն է պարունակում, թե դա հնարք է, որ լուծում է հնարքը: «Նետել» բառը ստիպում է մտածել ուժի գործածության մասին, ինչպես, եթե հարկ լիներ քո ողջ ուժերը ժողվել եւ ուժերի ահագին լարումով հուժկուաբար քեզանից հեռու վանել բոլոր քո հոգսերը, սակայն «հուժկուությունը» հենց այն է, ինչն այստեղ օգտագործելու հարկ չկա: Ինչը որ այստեղ պետք է եւ միանգամայն անհրաժեշտ է օգտագործել` «զիջողությունն է», եւ, ընդ որում, հարկ է քեզանից հեռու վանել բոլոր քո հոգսերը: Եվ հարկ է քեզանից հեռու վանել «բոլոր» հոգսերը, իսկ եթե նետես ոչ բոլոր հոգսերը, այնպես, որ շատերը մնան, կամ որոշները, դրանցից քչերը, ապա բերկրուն էլ չես լինի, կամ համենայն դեպս բացարձակ բերկրալի: Եվ եթե դրանք չնետես միայն Աստծո վրա, այլ նետես այլ մի տեղ, ապա դրանցից լիովին չես ազատվի` դրանք այսպես թե այնպես կվերադառնան առ քեզ, ամենից հաճախ ավելի ուժգին եւ դառը հոգսերի տեսքով: Չէ որ հոգսերը քեզանից հեռու նետելը` բայց ոչ Աստծուն, դա «զվարճանք է»: Իսկ զվարճանքը` հոգսերի դեմ կասկածելի եւ երկիմաստ միջոց է: Ընդհակառակը, բոլոր հոգսերը Աստծո վրա նետելը, դա` «կենտրոնացումն է», եւ, ընդ որում, հակասությամբ լի ինչ զարմանալի հնարք` կենտրոնացում, որի դեպքում դու ամբողջապես եւ լիովին բաժանվում ես քո բոլոր հոգսերից: Դե, ուրեմն, ուսանիր շուշանից եւ թռչնից: Քո բոլոր հոգսերը նետիր Աստծո վրա: Բայց բերկրանքը դու չպետք է քեզանից հեռու վանես, ընդհակառակը, դու պետք է ողջ զորությամբ, քո բոլոր կենաց ուժերով պահես այն: Եթե դու դա անես, հեշտ գլխի ընկնես, որ դու միշտ կպահես ինչ-որ ուրախություն, չէ որ, եթե դու դեն ես նետել քո բոլոր հոգսերը, քեզ արդեն ոչ մի բան ետ չի պահում այն բանից, ինչը քեզ համար բերկրանք է: Բայց դա էլ լիովին բավական չէ: Այնպես շարունակիր հետո էլ սովորել շուշանից եւ թռչնից: Նետիր քո բոլոր հոգսերը Աստծո վրա` լիովին, ամբողջապես, վարվիր ինչպես շուշանն ու թռչունը: Ահա թե որն է բացարձակ բերկրանքը` ծնկի գալ ամենազորության առջեւ, որով Ամենազոր Աստված տանում է քո բոլոր հոգսերը, ասես ոչինչ: Եվ ահա, թե էլ ինչումն է բացարձակ ուրախությունը (ինչը որ հավելում է հետո Պետրոս առաքյալը) ` խոնարհվելով, խիզախել հավատալ, «որ Աստված հոգ է տանում քո մասին»: Բացարձակ բերկրանքը` դա հենց բերկրանքն է Աստծո համար, Նրա մասին, Ում եւ Ում մեջ դու միշտ, բացարձակապես միշտ կարող ես ուրախանալ: Եթե այդ առումով դու բացարձակ բերկրուն չես, ուրեմն անշուշտ ինչ-որ սխալ ես թույլ տվել` սխալ, որից էլ բխում է բոլոր հոգսերը Նրա վրա նետելու անկարողությունը, այդ անելու քո չկամությունը, քո ինքնավստահությունը, քո ինքնակամությունը, կարճ ասած, այն ամենը, որում դու այնպիսին չես, ինչպես շուշանն ու թռչունը: Կա միայն մի հոգս, որի նկատմամբ շուշանն ու թռչունը չեն կարող ուսուցիչներ լինել, եւ որի մասին այդ պատճառով ավելի լավ է այստեղ չխոսենք` դա տրտմությունն է մեղքերից: Իսկ ամենայն այլ հոգսերի առնչությամբ ճիշտ է, որ եթե դու չես կենում բացարձակ բերկրանքում, իսկ դա քո պարտքն է, կնշանակի, դու չես կամենում ուսանել շուշանից եւ թռչնից, լիակատար լռության եւ հնազանդության մեջ լինել բացարձակ բերկրուն Աստծո համար:

Եվ մեկ բան եւս: Գուցե թե դու ասես «բանաստեղծի հետ»` «Այո, եթե կարելի լիներ բնակվել եւ ապրել թռչնի կողքին, ծածկվելով անտառային մենության մեջ, ուր թռչունը թռչնի հետ զուգավորվում է, բայց որտեղ համենայն դեպս չկա հասարակություն, կամ եթե հնարավոր լիներ բնակվել շուշանի կողքին դաշտի խաղաղ լռության մեջ, ուր ամեն մի շուշան հոգ է տանում իր մասին եւ ուր չկա հասարակություն, այդժամ հեշտ կլիներ նետել քո բոլոր հոգսերը Աստծո վրա եւ լինել, կամ դառնալ բացարձակ բերկրուն: Չէ որ դժբախտությունը «հասարակությունն է» եւ միայն հասարակությունը, դժբախտությունն այն է, որ մարդը միակ էակն է, ով ծվատում է իրեն եւ այլոց հասարակության եւ հասարակությանը վերաբերող չարաբաստիկ քմայքներով, եւ այդ դժբախտությունն աճում է ավելի արագ, քան հասարակությունը, աճում է ի կործանումն հասարակության եւ մարդու»: Այնինչ, դու չպետք է այդպես խոսես, ոչ, ավելի ուշադիր դիտարկիր այդ առարկան եւ ամոթով ճանաչիր, որ չնայած բոլոր հոգսերին՝ կա եւ սիրո անասելի բերկրանքը, որով թռչունները զույգ են կազմում, եւ կա, չնայած հոգսերին, այն մենավոր վիճակի ինքնաբավ բերկրանքը, որով շուշանը կենում է միայնակ, ընդունիր, որ հենց այդ ուրախությունը պատճառն է այն բանի, որ հասարակությունը չի խանգարում նրանց, չէ որ հասարակությունը ամեն դեպքում կա եւ այնտեղ, շուշանի եւ թռչնի մոտ: Դիտարկիր դա ավելի ուշադիր եւ ամոթով ընդունիր, որ իրականում հենց կատարյալ լռությունն ու կատարյալ հնազանդությունը, որով շուշանն ու թռչունը միշտ բերկրում են Աստծո համար, որ հենց դրանք են պատճառն այն բանի, որ շուշանն ու թռչունը նույնքան բերկրուն են եւ նույնքան բացարձակ բերկրուն են եւ մենության մեջ, եւ հասարակության: Դե, ուրեմն, ուսանիր շուշանից եւ թռչնից:

Եվ եթե դու կարողանայիր սովորել լինել լիովին ինչպես շուշանն ու թռչունը, ա՜խ, եթե ես էլ կարողանայի ուսանել դա, այդժամ եւ քո մեջ, եւ իմ մեջ ճշմարիտ կլիներ աղոթքը, վերջին աղոթքը Աստծո աղոթքում, երբ այն (որպես օրինակ ամենայն ճշմարիտ աղոթքի համար, ինչը չէ որ արարվում է բերկրալի, եւ ավելի բերկրալի, եւ բացարձակ բերկրալի), չունենալով այլեւս խնդրանք ու ցանկություն, բացարձակ բերկրուն եզրափակվում է գովաբանությամբ եւ երկրպագությամբ. աղոթքը` Զի Քո է արքայություն, եւ փառք, եւ փառք: Այո, Նրանն է Արքայությունը, եւ այդ պատճառով հարկ է գալ առ կատարյալ լռություն, որպեսզի քեզ թույլ չտաս շեղվելու առ այն, որ դու այստեղ ես, այլ լռության անսահման հանդիսավորությամբ արտահայտես, որ Արքայությունը Նրանն է: Եվ Նրանն է ուժը, եւ այդու քեզ հարկ է լինել լիովին հնազանդ եւ լիակատար հնազանդության մեջ հաշտվել ամեն ինչի հետ, չէ որ Նրանն է ուժը: Եվ Նրանն է փառքը, եւ այդ պատճառով քեզ հարկ է այն ամենում, որ դու անում ես, եւ այն ամենում, որ տանում ես, նաեւ անվիճելիորեն մի բան անել` Նրան փառք մատուցել, չէ որ փառքը` Նրանն է: Օ՜, բացարձակ բերկրանք` Նրանն է Արքայությունը, եւ ուժը, եւ փառքը` հավիտյանս: «Հավիտյանս»՝ կնշանակի՝ այն օրը, հավերժության օրը, որը երբեք չի ավարտվի: Միայն թե բացարձակ անսասան ապավինիր այն բանին, որ Նրանն է Արքայությունը, եւ ուժը, եւ փառքը, եւ քեզ համար ահա այսօր այդ օրն է, որը երբեք չի ավարտվի, այսօր օրն է, երբ դու հավերժորեն կարող ես, ներկա գտնվելով, ինքզինքդ լինել: Թող որ երկինքը փլվի, եւ աստղերը տեղը փոխեն, եւ ամեն ինչ շրջվի, թող որ թռչունն էլ մեռնի, եւ շուշանը թոշնի, քո բերկրանքը երկրպագության մեջ է, եւ դու քո բերկրանքում կվերապրես, եւ, արդեն այսօր, ցանկացած կործանում: Մտածիր, թե որքան է այս վերաբերում քեզ, եթե նույնիսկ՝ ոչ որպես մարդու, ապա համենայն դեպս՝ որպես քրիստոնյայի, չէ որ քրիստոնեաբար եւ ինքը մահվան վտանգը քեզ համար այնքան քիչ բան է նշանակում, որ ասվում է` «Արդեն այսօր դու դրախտում ես», եւ կնշանակի անցումը ժամանակավորից առ հավերժություն` ինչը կարող է մեկը մյուսից այդքան հեռու լինել` այնքան արագընթաց, եւ եթե նույնիսկ հարկ չլիներ, որ ամեն ինչ լիովին կործանվեր, այդուհանդերձ, այնքան արագընթաց, որ դու արդեն այսօր դրախտում ես, քանի դեռ, իհարկե, դու քրիստոնեաբար կենում ես Աստծո մեջ: Չէ որ, եթե դու կենում ես Աստծով, ապա ապրում ես դու կամ մահանում, կատարվում է արդյոք, քանի դեռ դու ապրում ես, ըստ քեզ՝ ինչ-որ բան, կամ էլ չէ, կմահանաս դու այսօր, թե յոթանասուն տարեկանում, եւ կհասնի քեզ արդյոք մահը ծովի խորխորատում, ամենախորը ջրերում, կամ թե՝ դու կզոհվես օդում, դու այստեղ առանց Աստծո չես եկել, դու կենում ես` կենում ես ինքզինքդ ներկայող Աստծո մեջ, եւ այդ պատճառով քո մահվան օրը արդեն այսօր` դրախտում ես: Շուշանն ու թռչունն ապրում են միայն մեկ օր, ընդ որում, շատ կարճ օր, եւ այդուհանդերձ բերկրում են, որովհետեւ նրանք, ինչպես մենք փորձեցինք բացատրել, հիրավի ըստ էության այսօրն են, կենում են ինքնեկ, ներկայելով այս այսօրում: Իսկ դու, ում տրված է ամենաերկար օրը` ապրել այսօր, եւ արդեն այսօր լինել դրախտում, մի՞թե չպիտի լինես բացարձակ բերկրուն` դու, ում համար դա ուղղակի պարտավորություն է, չէ որ դու կարող ես բերկրանքի մեջ շատ ու շատ գերազանցել շուշանին եւ թռչնին, ինչում որ դու համոզվում ես ամեն անգամ, երբ աղոթում ես այդ աղոթքով, եւ ինչը որ քեզ համար մոտեցնում ես ամեն անգամ, երբ անկեղծ աղոթում ես այդ աղոթքով` Զի քո է Արքայություն, եւ ուժ, փառք` հավիտյանս: Ամեն:

«Քահանայապետը»
«Տառապյալը»
«Մեղավորը»
ԱՌԱՋԱԲԱՆ

«Միակը, ում ես ուրախությամբ, երախտագիտությամբ կոչում եմ իմ ընթերցող, ընդունիր այս ընծան: Իհարկե, ավելի երանելի է տալը, քան ընդունելը, բայց եթե դա այդպես է, կնշանակի, տվողն, ինչ-որ իմաստով, կարիքավոր է` երանության կարիքավոր, որպեսզի տա, իսկ եթե այդպես է, ապա ընդունողի բարերարությունն ավելին է, եւ այդ պատճառով, ստացվում է, որ առավել երանելի է ընդունելը, քան տալը:

Նա ընդունո՞ւմ է այդ ընծան: Ինչը ես հուսով էի տեսնել առաջին անգամ, հրատարակելով մի փոքրիկ գրքույկ, որը համեմատեցի (տես՝ «երկու խրատական զրույցներ» 1843, Առաջաբանը), եւ որը, ամենաճիշտը կլիներ համեմատել աննկատ փոքրիկ ծաղկի հետ, որ թաքչել է վիթխարի անտառում, ինչը որ ես հուսով էի տեսնել այն ժամանակ, ապա տեսնում եմ հիմա եւս, տեսնում եմ, ինչպես թռչունը, ում ես իմ ընթերցողն եմ կոչում, հանկարծ նկատում է իմ ընծայաբերությունը, սրընթաց վար է սուրում, ճանկում է այն եւ տանում է իր մոտ, կամ, մյուս կողմից եւ այլ պատկերով, ես դարձյալ տեսնում եմ այն, ինչը տեսել էի այն ժամանակ, տեսնում եմ, թե ինչպես այս փոքրիկ գրքույկը գնում է մենավոր արահետով կամ միայնակ բանուկ ճանապարհով, մինչեւ որ, վերջապես հանդիպում է այն մեկին, ում ես կոչում եմ իմ ընթերցողը, այն միակին, ում նա փնտրում է, եւ ում ասես տարածում է ձեռքերը, այսինքն, ես տեսել եւ տեսնում եմ, որ գիրքն ընդունում է այն միակը, ում նա փնտրում է, եւ ով որոնում է նրան:

Հոկտեմբերի սկիզբ 1849թ.
Սյորեն Կիերկեգոր

Առ եբրայեցիս 4:15
Աղոթք

Ուր գնանք մենք, եթե ոչ առ Քեզ, Տեր Հիսուս Քրիստոս: Որտեղ տառապյալը կարեկցանք կգտնի, եթե ոչ Քեզ մոտ, եւ որտեղ այն կգտնի ապաշխարողը, ա՜խ, եթե ոչ Քեզ մոտ, Տեր Հիսուս Քրիստոս:

Առ եբրայեցիս 4:15: Քանզի ոչ թե այնպիսի քահանայապետ ունեինք, որ չկարողանար մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամենայն ինչով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի:

Իմ ունկնդիր, եթե դու ինքդ տառապել ես, կամ, գուցե թե, այժմ տառապում ես, կամ եթե դու մոտիկից ծանոթ ես եղել ինչ-որ տառապող մեկի, գուցե թե նրան մխիթարելու հիասքանչ մտադրություն ունենալով, դու, իհարկե, լավ գիտես, տառապյալների մեջ այնքան սովորական, այդ տրտնջանքը` «Դու ինձ չես հասկանում, ոչ, դու ինձ չես հասկանում, դու քեզ իմ տեղը չես դնում, եթե դու իմ տեղը լինեիր, կամ եթե դու քեզ իմ տեղը դնեիր, եւ ուրեմն լիովին կհասկանայիր ինձ, դու այլ կերպ կխոսեիր: «Դու այլ կերպ կխոսեիր»-ը նրա շուրթերում, ով տառապում է, նշանակում է, որ դու նույնպես կգիտակցեիր եւ կհասկանայիր, որ այդ տառապանքի մեջ ոչ մի մխիթարանք լինել չի կարող:

Այսպիսով, մենք լսում ենք տրտունջքը` տառապյալը համարյա միշտ տրտնջում է այն բանից, որ նա, ով ուզում է նրան մխիթարել, նրան իր տեղը չի դնում: Իհարկե, տառապողը նույնպես երբեմն մասամբ ճիշտ է, չէ որ ոչ մի մարդ չի ապրում բացարձակ նույն բանը, ինչ այլ մարդը, իսկ եթե ապրեր էլ, ապա այդուհանդերձ քեզ ուրիշի տեղը դնելու ունակությունը ոչ մեկի մեջ անսահման չէ. ամեն ոք ունակ է դրան լոկ իր չափով, եւ այդ պատճառով ոչ ոք, ողջ ցանկությամբ հանդերձ, չի կարող ընկալել, զգալ, մտածել բացարձակապես այնպես, ինչպես այլ մարդը: Սակայն, մյուս կողմից, տառապյալը ճիշտ չէ, ճիշտ չէ այնքանով, որքանով սրանից նա ուզում է եզրակացնել, թե իբր նրա համար, ով տառապում է, ոչ մի մխիթարանք չկա, այնինչ հետեւությունը կարող էր այն լինել, որ յուրաքանչյուրը, ով տառապում է, պետք է ջանա մխիթարանք գտնել ինքն իր ներսում, ձեռք բերի այն Աստծո մոտ: Չէ որ Աստված բնավ էլ չի կամենում, որպեսզի մեկ մարդուն ընդունակ լինի բացարձակապես մխիթարել այլ մի մարդ, ընդհակառակը, ի բարօրություն մեզ՝ Նա կամենում է, որպեսզի ամենայն մարդ մխիթարանք գտնի Նրա մոտ, որպեսզի, երբ մարդկանց առաջարկած բոլոր մխիթարանքները իր համար համը կորցնեն, նա այնժամ կգտնի Աստծուն, հետեւելով Սուրբ Գրոց խոսքին. «Ունեցեք ձեր մեջ աղ, եւ խաղաղություն ունեցեք միմյանց միջեւ»: Օ՜ դու, տառապյալ, եւ դու, ով հնարավոր է, ողջ հոգով եւ ողջ սրտով կամենում ես նրան մխիթարել, զուր տեղը մի վիճեք իրար հետ: Դու, կարեկցող, ճշմարիտ կարեկցանք դրսեւորիր, չհավակնելով այն բանին, որ դու կարող ես քեզ ամեն ինչում դնել ուրիշի տեղը, եւ դու, տառապյալ, ճշմարիտ երախտագիտություն դրսեւորիր, ուրիշից անհնարինը չպահանջելով, չէ որ կա միայն Մեկը, Ով կարող է ամեն ինչում Իրեն դնել քո տեղը, ինչպես նաեւ ամենայն տառապյալի տեղը` Տեր Հիսուս Քրիստոս:

Այդ մասին է խոսում այսօր ընթերցված խոսքը` «Քանզի ոչ միայն անպիսի քահանայապետ ունեինք, որ չկարողանար մեր տկարություններին կարեկից լինել»,- այսինքն` ունենք Նրան, Ով կարող է կարեկցել մեզ մեր տկարություններում, եւ հետո` մենք ունենք այնպիսի Քահանայապետ, «Ով ամենայն ինչով փորձված է մեր նմանությամբ»: Դա հենց անհրաժեշտ պայման է այն բանի համար, իսկապես կարեկցել կարողանալու համար, չէ որ, եթե կարեկցողը փորձված չէ միեւնույն բաներում, ինչում որ նա, ում նա կարեկցում է, ապա նրա կարեկցանքն անհասկացողություն է` անհասկացողություն, որը, որպես կանոն, առավել կամ նվազ չափով ճնշում վիրավորում է տառապողին, եւ այդ պատճառով, կարեկցելով, պետք է փորձված լինես նրա նման, ում կարեկցում ես: Երբ դա այդպես է, այդժամ հնարավոր է դառնում ամեն ինչում քեզ տառապողի տեղը դնելը, եթե մեկը փորձված է բացարձակապես ամեն ինչում, ապա նա կարող է իրեն ուզածդ մարդու տեղը դնել, ով տառապում է: Մենք ունենք այդպիսի Քահանայապետ, Ով կարող է կարեկցել: Եվ այն, որ Նա իսկապես կարող է կարեկցել, դու տեսնում ես հենց այն բանից, որ հենց կարեկցանքից Նա դարձավ փորձված ամեն ինչում մեզ նման, չէ որ հենց կարեկցանքը դրդեց Նրան գալու աշխարհ, եւ դարձյալ, կարեկցանքից եւ այն բանի համար, որպեսզի ունակ լինի հիրավի կարեկցելու: Նա, իր ազատ որոշումով, նա մեզ նման փորձված դարձավ ամեն ինչում, Նա, Ով կարող է ամեն ինչում դնել Իրեն, եւ ով ամեն ինչում դնում է Իրեն քո տեղը, մեր տեղը:

Ահա թե ինչի մասին մենք կկամենայինք ասել մեզ հատկացված կարճ ժամանակում:

Քրիստոս ամեն ինչում դրել է Իրեն քո տեղը: Նա Աստված էր եւ մարդեղացավ, այսպես Նա Իրեն դրեց քո տեղը: Դա էլ հենց այն է, ինչը որ այդքան կամենում է ճշմարիտ կարեկցանքը, այն միշտ կարող է իրեն դնել տառապողի տեղը, որպեսզի կարողանա իսկապես մխիթարել: Բայց դրա հետ մեկտեղ՝ դա այն է, ինչին որ ընդունակ չէ մարդկային կարեկցանքը, միայն Աստվածային կարեկցանքն է ունակ դրան, Եվ Աստված մարդ դարձավ: Նա մարդեղացավ, եւ Նա դարձավ այն Մարդը, Ով բոլորից շատ, անշուշտ բոլորից շատ է տառապել, երբեք չի ծնվել, երբեք չի ծնվի, եւ չի կարող ծնվել մի մարդ, ում տառապանքները կգերազանցեն Նրա տառապանքները: Օ՜, ինչպիսի երաշխիք է դա Նրա տառապանքի, եւ ինչպիսի կարեկցանք պիտի ունենաս, որպեսզի այդպիսի երաշխիք տաս: Կարեկցաբար նա բացում է իր գիրկը բոլոր տառապյալների համար, «եկեք,- ասում է Նա,- ամենայն աշխատյալներ եւ բեռնվածներ, եկեք ինձ մոտ»,- ասում է Նա, եւ Նա երաշխավորում է այն, ինչ ասում է, չէ որ Նա, ով հրավիրում է քո վրա վերցնել Նրա բեռը եւ Նրանից ուսանել հեզությունն ու խոնարհությունը, Նա անշուշտ բոլորից շատ է տառապել Մարդկային կարեկցանքի համար, քիչ չէ արդեն տառապյալի հետ տառապելու պատրաստակամությունը, համարյա նույնքան ուժգին, որքան ինքը, սակայն կարեկցանքից, կամենալով տառապողի համար երաշխավորել մխիթարանքը, անսահմանորեն ավելի շատ տառապելը, քան նա` ինչպիսի կարեկցանք է: Չէ որ մարդկային կարեկցանքն այնքան հեշտ է ընկրկում տառապյալից, եւ կարեկցողը, ցավակցություն հայտնելով, ինքը հեռանում է խաղաղ նավահանգիստ, իսկ եթե նա խիզախի էլ մասամբ կիսելու տառապյալի բախտը, ապա հազիվ թե մինչեւ վերջ գնա, հազիվ թե կխիզախի տանելու այն ամենը, որ տանում է տառապյալը, բայց ինչ տառապանք է` ավելին տանելը, քան նա: Դու, տառապյալ, ի՞նչ ես դու պահանջում: Դու պահանջում ես, որ կարեկցողը ամեն ինչում իրեն քո տեղը դնի, իսկ Նա, Կարեկցողը, Նա ոչ միայն Իրեն քո տեղն է դնում, Նա գալիս է այն բանի համար, որպեսզի անսահմանորեն ավելի շատ տառապի, քան դու: Օ՜, տառապողը, գուցե թե, երբեմն ստիպված է լինում, դառնությամբ, հուզավառ, որ իրեն դավաճանել են, տեսնել, որ կարեկցողն իրենից մի քայլ ետ է մնում, չփութալով կիսել իր տառապանքը. սակայն այստեղ, այստեղ Նա կարեկցաբար կանխում է քո տառապանքն Իրենով` անսահմանորեն ավելի մեծով: Նա Իրեն դրել է, Նա կարող է ամեն ինչում Իրեն դնել քո տեղը, տառապյալ, որքան էլ դու տառապես: Տանջում է քեզ արդյոք ժամանակավոր կամ երկրային անհանգստությունը, աղքատությունը, սնվելու հոգսը եւ այն ամենը, ինչ կապված է դրա հետ: Նա էլ տառապել է քաղցից ու ծարավից, տառապել է հենց Իր կյանքի ամենածանր ակնթարթներին, միաժամանակ լինելով նաեւ հոգեւոր մարտի մեջ` անապատում եւ խաչի վրա, դե, իսկ ամեն օրվա համար նա ավելին չուներ, քան դաշտի շուշանն ու երկնքի թռչունը, չէ որ այդքանն ամենաաղքատն էլ ունի: Եվ Նա, մսուրքում ծնվածը, փալասներով փաթաթված, մսուրք դրված, Նա ողջ կյանքում գլուխը դնելու տեղ չուներ, այն ապաստանը, ինչը որ ուներ Նա, ունի ամենաաղքատն իսկ: Այդ պատճառով արդյո՞ք նա չպետք է ունակ լինի Իրեն քո տեղը դնելու եւ քեզ հասկանալու: Կամ վերցնենք սրտի կսկիծը: Նա էլ ընկերներ ուներ, ավելի ճիշտ, Նա մտածում էր, թե ունի, սակայն վրա եկավ որոշիչ պահը, եւ նրանք բոլորը լքեցին Նրան, իսկ երկուսը` ավելի վատ` մեկը դավաճանեց Նրան, իսկ մյուսը Նրանից հրաժարվեց: Նա էլ ուներ ընկերներ, ավելի ճիշտ, Նա կարծում էր, թե ունի ընկերներ, ովքեր այնպես էին կպչել նրանից, որ վիճում էին միմյանց միջեւ այն մասին, թե նրանցից ով տեղ կգրավի Նրանից աջ ու ահյակ, բայց վրա հասավ որոշիչ պահը, եւ Նա, այն բանի փոխարեն, որ գահ բարձրանա, ի խաչ հանվեց, եւ այդժամ երկու ավազակները, անկախ իրենց կամքից, գրավեցին Նրանից աջ ու ահյակ ազատ տեղերը: Մի՞թե դու չես կարծում, որ Նա կարող է ամեն ինչում գրավել քո տեղը: Կամ եթե դու տրտմում ես այս աշխարհի չարիքի համար, որ հակամարտում է քո եւ ամենայն բարիքի դեմ, եւ որից դու ստիպված ես լինում տառապելու, երբ նույնիսկ միանգամայն ակնհայտ է, որ հատկապես դու ես այստեղ, ով ուզում է բարիք եւ ճշմարտություն. օ՜, այդ առումով, դու մարդ, արդյոք կհանդգնես քեզ համեմատելու Նրա հետ, դու, մեղավոր, կհանդգնես արդյոք քեզ համեմատել Նրա հետ, Սրբի, Ով առաջինն է տարել այդ տառապանքները, այնպես որ դու ամենաշատը կարող ես հետեւել Նրան տառապանքում, եւ հավերժորեն փառավորվում են տառապանքները Նրա, եւ ուրեմն` քո, եթե, իհարկե, դու տառապանքում հետեւել ես Նրան` Նրան, ով դարձավ արհամարհված, հետապնդված, ծանակված, անարգված, ծեծված, պարսավված, տանջված, խաչված, Աստծուց լքված` խաչված համընդհանուր հրճվանքի ներքո. ինչ էլ որ դու ապրած լինես, եւ ինչպես էլ տառապես, մի՞թե դու չես մտածում, որ Նա կարող է Իրեն ամեն ինչում քո տեղը դնել: Կամ եթե դու վշտանում ես այս աշխարհի մեղաց համար եւ նրա անաստվածության համար, վշտանում ես այն բանի համար, որ աշխարհը թաղված է չարիքի մեջ, այն մասին, թե որքան ցածր է անկանել մարդը, այն մասին, որ ոսկին բարիք է դարձել, որ ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է, որ ճշմարտությունը` մեծամասնության կարծիքն է, որ միայն սուտը հաջողություն ունի, եւ միայն չարն է հաղթում, որ միայն անձնպաշտությունն է սիրելի, եւ միայն միջակությունն է օրհնանքի արժանանում, որ միայն ճարպկությունը գին ունի, միայն կեսկատարությունն է գովաբանվում, եւ միայն ստորությունն է հաջողություն բերում, օ՜, այդ առումով, դու, մարդ, միթե կհանդգնես քո տրտմությունը համեմատել այն տրտմության հետ, որն ուներ Նա` աշխարհի Փրկիչը: Մի՞թե Նա ունակ չէ ամեն ինչում Իրեն քո տեղը դնել: Եվ այսպես է ցանկացած տառապանքի առումով:

Եվ այդ պատճառով դու, տառապյալ, ինչպես էլ որ դու տառապես, մի կարծիր, ընդմեջ տառապանքների հուսահատվելով, թե իբր ոչ ոք, եւ նույնիսկ Նա, չի կարող քեզ հասկանալ, եւ տառապելով, մի ճչա անհամբեր, թե քո տառապանքներն այնքան սարսափելի են, որ նույնիսկ Նա չի կարող Իրեն քո տեղը դնել, մի հանդգնիր այդ ստին, մտածիր, որ Նա անպայման, բոլոր համեմատություններից դուրս, անշուշտ, տառապել է ամենքից շատ: Քանզի, եթե դու ուզում ես իմանալ, թե ինչպես որոշել, թե ով է ամենից շատ տառապել, թույլ տուր, ես պատմեմ քեզ այդ: Ոչ մունջ հուսահատության թաքուն ճիչը, եւ ոչ էլ այն, որ վախեցնում է այլոց, ճիչի բարձրությունը, այստեղ չափանիշ չէ, այլ ինչ-որ, դրան հակադիր մի բան: Ամենատառապյալը, անշուշտ, նա է, ում մասին, ընդ որում, որ նա տառապում է, հիրավի հայտնի է, որ նա բացարձակապես ոչ մի այլ մխիթարանք չունի, բացի այն բանից, որպեսզի ինքը մխիթարի այոց, չէ որ դա եւ միայն դա է ճշմարիտ արտահայտությունն այն բանի, որ հիրավի ոչ ոք չի կարող իրեն նրա տեղը դնել, եւ հավասարապես արտահայտությունն է այն բանի, որ ճշմարտությունը կենում է նրանում: Եվ այդպիսին է հենց Նա, Տեր Հիսուս Քրիստոս, տառապելով Նա այլոց մոտ մխիթարանք չի փնտրում, եւ առավել պակաս է Նա գտել դա այլոց մոտ, եւ առավել քիչ է Նա գանգատվում այն բանից, որ չի գտնում այն այլոց մոտ, ոչ, տառապելով, Նա հենց այն էր, Ում միակ մխիթարանքը ուրիշներին մխիթարելն էր: Նայիր, այստեղ քո առջեւ ամենավսեմ տառապանքն է, ինչպես եւ տառապանքի սահմանը, ուր ամեն ինչ վերածվում է իր հակադրությանը, չէ որ Նա, հենց Նա է` «Մխիթարիչը», դու գանգատվում ես այն բանից, որ ոչ ոք չի կարող իրեն քո տեղը դնել, քեզ, զօր ու գիշեր այդ մտքով տարվածիդ, թերեւս ոչ մի անգամ մտքովդ չէր անցել, որ դու պետք է մխիթարես այլոց, իսկ չէ որ Նա «Մխիթարիչ է», Նա` Միակը, Ում համար հիրավի ճշմարիտ է, որ ոչ ոք չի կարող իրեն Նրա տեղը դնել, եւ ով կարող էր լիիրավ գանգատվել դրանից` Նա՝ Մխիթարիչը, Ում տեղը ոչ ոք չէր կարող իրեն դնել, Նա ամեն ինչի կրող՝ Իրեն քո տեղը դնել եւ յուրաքանչյուրի տեղը, ով տառապում է: Դու կարծում ես, թե իբր ոչ ոք չի կարող իրեն քո տեղը դնել, դե ինչ, ապացուցիր այդ, այդժամ քեզ միայն մի բան կմնա, դառնալ այն, ով մխիթարում է այլոց: Դա միակ ապացույցն է, որն անվիճարկելիորեն ապացուցում է այն, որ հիրավի ոչ ոք չի կարող իրեն քո տեղը դնել: Իսկ եթե դու ասում ես, որ ոչ մեկը չի կարող իրեն քո տեղը դնել, դու դրանով հակասում ես ինքդ քեզ, եթե այն, ինչի մասին դու խոսում ես, ճիշտ լիներ, դու կլռեիր: Բաց նույնիսկ եթե դու լռում ես, բայց դրա հետ մեկտեղ քո լռությունը քեզ չի դրդում օգնելու այլոց, դու հանդգնում ես նույն հակասության մեջ ընկնել, ենթադրելով, թե իբր ոչ ոք չի կարող իրեն քո տեղը դնել, չէ որ դու պարզապես կկենաս լուռ հուսահատության մեջ, կրկին ու կրկին հաղթահարված այն մտքով, թե իբր ոչ ոք չի կարող իրեն քո տեղը դնել, այսինքն, դու կարող ես ուզածդ պահին սկսել բարձրաձայն կամ լուռ պնդել այդ միտքը, այսինքն կսկսես ճիշտ նույնպես հակասել ինքդ քեզ, եւ ուրեմն, միտքն այդ երերուն է եւ ոչ լիովին ճիշտ: Ինչպես էլ որ լինի, այդուհանդերձ, հիրավի չկա եւ չի կարող լինել այնպիսի մարդ, ում տեղը ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի կարող դնել իրեն, չէ որ հենց Նա, Տեր Հիսուս Քրիստոս, Ում տեղը ոչ ոք չի կարող իրեն դնել, ոչ ամեն ինչում եւ ոչ էլ որեւէ բանում, հենց միայն Նա կարող է Իրեն դնել քո տեղը:

Նա ամենայն ինչում Իրեն դրեց քո տեղը, ուր էլ որ դու լինես, իսկ դու, ում գայթակղում են փորձությունները, եւ ով կենում է հոգեւոր տվայտանքներում: Նա կարող է Իրեն ամեն ինչում քո տեղը դնել, լինելով մեզ նման ամեն ինչում փորձված:

Ճիշտ այնպես, ինչպես տառապյալը, նույնպես եւ նա, ով կենում է հրապուրանքում եւ հոգեկան տվայտանքների մեջ, պատրաստակամությամբ գանգատվում է այն բանից, որ նա, ով կամենում է նրան մխիթարել կամ խորհուրդ տալ իրեն, կամ նախազգուշացնել նրան, չի հասկանում նրան, չի կարող ամեն ինչում իրեն նրա տեղը դնել: «Եթե դու իմ տեղը լինեիր,- ասում է նա,- կամ եթե դու կարողանայիր ամեն ինչում քեզ իմ տեղը դնել, դու կկարողանայիր հասկանալ, թե ինչ մեծ ուժով է համակում ինձ փորձությունը, դու կկարողանայիր հասկանալ, թե ինչպես է հրապուրանքը ծանակում իմ ամեն մի ճիգը, դու այդժամ այլ կերպ կդատեիր: Չէ որ քանի դու այդ ամենը չես զգացել, քեզ հեշտ է այդ ամենի մասին խորհրդածելը, հեշտ է փրկարար հնարավորություններ որոնելը, քանի որ դու փորձության մեջ չես ընկել, չես ապրել հոգեկան տվայտանքներ, այսինքն, այն պատճառով, որ դու փորձված չես ոչ մեկում, ոչ մյուսում: Այ եթե դու իմ տեղը լինեիր»:

Օ՜, իմ բարեկամ, զուր մի վիճիր, այդպես դու միայն առավել եւս կթունավորես քո եւ այլոց կյանքը, չէ որ կա Նա, Ով կարող է ամեն ինչում Իրեն քո տեղը դնել` Տեր Հիսուս Քրիստոս, Ով, քանզի նա ինքը զրկանքներ է կրել, գայթակղվել է, սակայն կարող է եւ գայթակղվածներին օգնել (Առ եբրայեցիս 2:18` Նա, Ով կարող է ամեն ինչում Իրեն քո տեղը դնել, չէ որ Նա, Հիսուս Քրիստոս, ծանոթ է բոլոր գայթակղություններին եւ փորձություններին, ծանոթ է դրանց եւ տարել է այդ բոլորը): Եթե քեզ ճնշում է ապրուստի հոգսը, այնպես որ քեզ միանգամայն տառացիորեն, իրականում սպառնում է սովյալ մահը, եւ Նա տարել է այդ ամենը` Նա էլ է տարել այդ ամենը, եթե քեզ սպառնում են փոթորկալի ալիքները` Նա էլ է տարել այդ, եթե դու գայթակղված ես Աստծուց լքվելու` Նա նույնպես ապրել է այդ գայթակղությունը: Նա կարող է ամեն ինչում Իրեն քո տեղը դնել, որտեղ էլ որ լինի: Արդյոք դու գայթակղված ես, լինելով միայնակ, Նա նույնպես ապրել է այդ ամենը` Նա, Ում, երբ Նա մենության մեջ էր, հայտնվեց չար ոգին, որպեսզի գայթակղի Նրան: Արդյոք դու գայթակղված ես աշխարհիկ ունայնության մեջ, Նա եւս ապրել է այդ ամենը, Նա, Ում գթասրտությունը չթույլատրեց Նրան լքելու այս աշխարհն ավելի շուտ, քան Նա կկատարեր Իր սիրո գործը: Եթե դու գայթակղված ես կարեւոր որոշման պահին, երբ բանն այն է, որ զոհես ամեն ինչ, այդպես գայթակղված էր նաեւ Նա, կամ եթե դու հաջորդ պահին գայթակղված ես զղջալու առ այն, որ դու ամեն ինչ զոհեցիր, Նա նույնպես դրանով գայթակղված էր: