Մարտի 2-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը: Նաեւ ներկայացվեց «543210գ» կամ «Մենք գալիս ենք մանկությունից» գիրքը: Ըստ լուսանկարչի` այդ թվերի համադրումը պատահական չէ` նա 54 տարեկան է, ցուցահանդեսն էլ բացվել է տարվա 3-րդ ամսվա 2-րդ օրը` 10 թվականի: Զ.Խաչիկյանի այցեքարտերից մեկը մանկության պատկերներն են, որոնք նա շարունակում է ստեղծել արդեն 30 տարի: Նրա ֆոտոների հերոսներից շատերն արդեն հասցրել են մեծանալ, զավակներ ունենալ, նրանց կենսակերպը, կենցաղն ու միջավայրն անճանաչելիության աստիճանի ձեւափոխվել են: Այս նախագծի գաղափարի մասին խոսելիս «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում լուսանկարիչը նշել էր. «Արել եմ այնպես, ինչպես զգացել եմ: Կյանքին նայել եմ հերոսներիս բախտի տեսանկյունից: Չէ՞ որ յուրաքանչյուր երեխա այս աշխարհ է բերում իր ուրույն էներգետիկան, իր կոդը, իր տաղանդը: Ես փորձել եմ երեխայի աչքով տեսնել շենքերը, բակերը, ընդհանրապես աշխարհը: Նախկին Սվերդլովի փողոցում, օրինակ, կար մի բակ, որի 1 քմ տարածքի վրա միանգամից 100 երեխա էր խաղում: Հիմա չկան այդ շենքերը, բակերը, այդ երեխաներն էլ չկան:գ Մենք` հայերս, շատ տարօրինակ ենք նայում մեր պատմությանը: Կարծես մեկընդմիշտ մեզ համար կետեր ենք ամրագրել (ասենք` «ծովից ծով Հայաստանն» ու «Արարատ-73»-ը) ու այլ բան նկատել չենք ուզում: Ընդամենը մի քանի փառահեղ հաղթանակներ ենք ուզում հիշել, իսկ մնացած դեպքերում` փախչում ենք մեր պատմությունից: Մինչդեռ հենց հիմա մեզ` սեփական պատմությունը կերտելու հնարավորություն է տրված: Ինչո՞ւ ենք մոռանում, որ «Արարատ-73»-ում փայլեցին այն տղաները, որոնք ֆուտբոլ սկսեցին խաղալ բակերում: Բա որտե՞ղ է այսօրվա մեր բակային ֆուտբոլը: Որտե՞ղ է բակային ընկերությունը…»:
Զավեն Խաչիկյանի խոսքերով` թեեւ գրքում, լուսանկարներում հիմնականում երեխաներ եւ նրանց մանկությունն է պատկերված, այնուամենայնիվ, այն հասցեագրված է մեծահասակներին. «Լուսանկարներում 1980-90-ական թվականների երեխաներն են, որոնք հիմա մեծացել են: Պատկերել եմ նրանց մանկությունը, այդ ժամանակվա կյանքը: Մանկության հուշերն ամենապարզ ու ամենաազնիվ հուշերն են, որ տաքացնում են ու առաջ շարժվելու հնարավորություն են տալիս: Գնանք մանկության գիրկը, որպեսզի մենք մեզ մի քիչ շատ սիրենք, որովհետեւ ավելի դժվար տարիներ են եղել, եւ մեր հուշերը թող մեզ ջերմացնեն»:
Թեեւ վերջին տարիներին Զավեն Խաչիկյանը շատերին հայտնի է նաեւ որպես ամսագրային, գովազդային լուսանկարիչ, բայց ինչպես ինքն է ասում` «գլամուրային աղբից» բացի, լուսանկարում է նաեւ մեր կյանքի մյուս կողմերը, որոնք էլ այս ֆոտոգիրքը ստեղծելու առիթ են դարձել: Գրքում ընդգրկված լուսանկարներում կան նաեւ ամերիկյան, եվրոպական պատկերներ։ «Իմ նկարներում համադրություններ են, հակադրություններ չկան: Ես արեւմուտքն արեւելքին երբեք չեմ հակադրել»,- այդ կապակցությամբ նշեց լուսանկարիչը, ում լուսանկարները տեղ են գտել Բրիտանական գրադարանում, «Paris-Musees»-ում, Ինդիանա համալսարանի մամուլի եւ մի շարք այլ հրատարակչությունների հրատարակած գրքերում…