Բավական երկար ընդմիջումից հետո երեկ Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի` այս տարվա առաջին համապետական հանրահավաքը, որը նվիրված է եղել Մարտի 1-ի երկրորդ տարելիցին: Չնայած Ոստիկանությունը դեռեւս նախօրեից փակել էր Երեւան մտնող ճանապարհների մեծ մասը, սակայն երեկվա հանրահավաքը բավական բազմամարդ է եղել եւ ավարտվել է երթով: Մինչեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է իշխանություններից ՀԱԿ-ի պահանջների ժամանակացույցը, որը մարտի 16-ին` ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի նախօրեին, ՀԱԿ-ը հանձնելու է ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությանը: Ըստ այդմ, ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում է այս ամսվա ընթացքում ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնց պետք է հաջորդեն ժողովրդավարական բարեփոխումներ: Մյուս կետով ՀԱԿ-ը պահանջում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացնել խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ: Թե որքանո՞վ են այս պահանջներն իրատեսական, առավելեւս` ժամկետների առումով, Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում չի մասնավորեցրել: «Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: ՀԱԿ-ի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը: Ավելի կոնկրետ գործողությունների մասին երեկ հայտնի է դարձել միայն այն, որ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 6-ին: