«Այդ պրոտոկոլներ կոչեցյալները ուղղակի քանդակիչ դեր են խաղացել եւ կխաղան մեր ազգի համար: Դրանց պատճառով եւ՛ Ցեղասպանության, եւ՛ սահմանների հարցը դարձավ հայերի գլխացավանքը, այս հարցերի շուրջ հայերը սկսեցին պառակտվել»,- անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, երեկ հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: «Կասկածելի է, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ ոչ մի գործողություն չի անում: Անհրաժեշտ է Թուրքիային լուրջ վերաբերվել եւ չդասել «ճ» կարգի խաղացողների թվում: Եկեք մենք մեզ copy-paste չանենք ուրիշների վրա: Թուրքիան լուրջ դեմք ունի տարածաշրջանում»,- ասել է նա: Իսկ թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով` արձանագրությունների ստորագրումը, հաշտության քայլերը բավականին լավ բեմադրված քաղաքական շոու են, եւ, ցավոք, ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան այս պարագայում ռեժիսորներ չեն: Ըստ նրա` պայմանավորվածությունը եղել է հիմնականում Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ: «Ապրիլի 24-ից հետո, եթե գործընթացը ձախողվի, Թուրքիան մտնելու է խորհրդարանական ընտրությունների փուլ, հետեւաբար` մոտ 5-6 տարով գործընթացը հետաձգվելու է: Սակայն պետք է նաեւ հաշվարկել մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունելիք որոշումը, որի մասին այսօր թուրքերն են շատ խոսում»,- ասել է թուրքագետը: Ի դեպ, ըստ նրա` Թուրքիան հետաքրքրված է ոչ թե այս գործընթացի արդյունքով, այլ զուտ գործընթացով: «Ուստի Թուրքիան պետք է ամեն ինչ անի, որ այդ գործընթացի հաճույքը երկարացնի»,- ասել է նա: