«Անհրաժեշտ ենք մեկս մյուսին»

02/03/2010

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Նրանք քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացմանը եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Եվ, ինչպես հայտնի է` հանդիպման վերջում Ս. Սարգսյանն ու Մ. Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է: Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»,- ասել է Մ. Սահակաշվիլին: Ի պատասխան, Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել է, որ շատ էր լսել Բաթում քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Ըստ ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության` Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ վերահաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»: Նշենք, որ Մ. Սահակաշվիլին եւ Ս. Սարգսյանը շրջել են Բաթումում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին: Այցի ավարտին երկու պետությունների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: «Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ, չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք եւ անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից եւ այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն»,- ասել է Վրաստանի նախագահը: Իսկ Ս. Սարգսյանն ասել է. «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային, չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած չմնալ, այլ` առաջ գնալ»: