Երեկ տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի այս տարվա առաջին հանրահավաքը: Այն նվիրված էր մարտի 1-ի իրադարձությունների երկրորդ տարելիցին: Մատենադարանին հարող տարածքում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ՝ հարգելու մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը:
Մարդկանց շարքերը Մատենադարանի հարթակից, հարակից տարածքներից ու մայթերից ձգվում էին մինչեւ Կորյուն-Մաշտոց խաչմերուկ: Իսկ իշխանություններն իրենց սովորության համաձայն՝ երեկ նույնպես փակել էին Երեւան եկող բոլոր ճանապարհները, որպեսզի հանրահավաքին մասնակցելու համար մարդիկ մարզերից մայրաքաղաք չհասնեն: Այդ նպատակով իշխանությունների հրահանգով հեռավոր Տաշիրից մինչեւ Գորիս ու Երեւանի մերձակա շրջաններից երթուղայիններն ու ավտոբուսները երեկ չեն աշխատել ու մայրաքաղաք չեն հասել: Շրջաններից եկող որոշ մարդիկ կռահելով այդ մասին` նախօրեին են հասել Երեւան: Իսկ Մատենադարանի հարթակից ներքեւ հավաքված մարդիկ երեկ դժգոհում էին ոչ միայն 2 տարի առաջ կատարված դեպքերի ու դրանց բացահայտված չլինելու առնչությամբ, այլ հայ-թուրքական հարաբերություններից եւ ԼՂ հարցի բանակցություններից, գազի գնի բարձրացումից ու պարբերաբար արձանագրվող գնաճից: Խոսում էին մեր երկրի պետական կառույցներում տիրող ամենատարբեր անօրինականություններից:
Հանրահավաքին մասնակցում էին ՀԱԿ անդամ բոլոր ուժերի ներկայացուցիչներն ու ղեկավարները: Նաեւ` ոսկու շուկաների, տաքսի ծառայությունների դժգոհ աշխատակիցները, ովքեր պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում Կառավարության շենքի մոտ: Երեկ ՀԱԿ-ին միացավ նաեւ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանի, Մովսես Արիստակեսյանի եւ այլ անդամների հիմնած «Ժողովրդի իշխանություն» կազմակերպությունը: Ելույթ ունեցան ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները: Ինչպես միշտ, վերջում ծավալուն ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ն այսօր կանգնած է հինգ կարեւորագույն մարտահրավերների առջեւ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում եւ կոռուպցիայի հաղթահարում: «Բոլոր այս խնդիրները մեզ համար հավասարարժեք ու կենսական են, քանի որ նրանց համալիր լուծումից է կախված Հայաստանը բարգավաճ, ապահով ու ժամանակակից երկիր դարձնելու հեռանկարը»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Իսկ հանրահավաքի սկզբում 10 զոհերի ծնողների անունից խոսեց մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: «Այսօր մեզ համար տոն կլիներ, եթե մեր երեխաները, որոնք դուրս էին եկել հանուն այս երկրի, իրենց ապագայի համար՝ փողոց, մարտի 1-ին չգնդակահարվեին: 2 տարի է անցել այս սեւ օրից, բայց լացը եւ ողբը չի պակասել մեր տներից: Այս անիրավ իշխանություններին ոչ ոք իրավունք չէր տվել սպանել մեր զավակներին, քանդել մեր տները: Նրանք ոչ ոքի կյանք չէին տվել, որ հեշտությամբ կյանք խլեցին: Անզեն խաղաղ ցուցարարների վրա դիմահար կրակելով` սպանեցին նրանց, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն եւ պահեն իրենց իշխանությունը: 20 տարի առաջ թշնամին հայերի ջարդ արեց Սումգայիթում, 2 տարի առաջ նույն օրերին մեր իշխանությունները ջարդեցին մեր երեխաներին Երեւանի կենտրոնում»,- հայտարարեց Ա.Հովհաննիսյանը:
Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը կարդաց երգահան Օհան Դուրյանի եւ «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղերձները: Մեջբերեց Հրանտ Մաթեւոսյանի խոսքը. «Մեր երկրի մեջքը կոտրողը լինելու է տգետը, եղունգի չափ խելք ունեցող հաստագլուխը»: «Ցավոք, ես արձանագրում եմ, որ մեր տնտեսական ու դիվանագիտական բոլոր ձախողումները եղունգի չափ խելք ունեցողների տկարամիտ քաղաքականության արդյունք են»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:
Հանրահավաքում հնչած ելույթների մի մասը վերաբերում էին տնտեսական ոլորտին` գազի թանկացմանը, այսօր արդեն արձանագրված ու դեռեւս սպասվող գնաճին, աղքատության վիճակին: ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2009թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ՀՀ-ում աղքատ մարդկանց թիվն ավելացել է 90 հազարով եւ այժմ կազմում է 850.000: «Սրանք պաշտոնական տվյալներն են եւ կազմում են ՀՀ ազգաբնակչության 29 տոկոսը: Համոզված եմ, երբ ամփոփեն ողջ տարին, այդ թիվը կհասնի 40-ի: Իշխանությունն ինչի՞ է փորձում պատժել իր սեփական ժողովրդին: Նրանք պատժում են իրենց չընտրած, իրենց չենթարկվող, իրենց դեմ պայքարը շարունակող, իրենց արժանապատվությունն ու ազատությունը գնահատող մարդկանց: Այն բոլոր քայլերը, որ կատարվում են իշխանությունների կողմից, կատարվում են միայն իրենց շրջապատող օլիգարխներին հարստացնելու համար… Այն աստիճան է վիճակը վատացել, որ արդեն ՀԲ ներկայացուցիչն է այդ մասին ահազանգում, որ եթե չպայքարեն օլիգարխիայի դեմ, կունենան լուրջ խնդիրներ»,- հայտարարեց Վ.Խաչատրյանը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Ադրբեջանի դեսպանների կողմից եվրոպական երկրներում տարվող քարոզչությանը: Նրա խոսքերով՝ այս օրերին տարբեր երկրների հեռուստաընկերություններով ցուցադրվում է Խոջալուի ողբերգության մասին ֆիլմ, որով հայերին ներկայացնում են որպես ցեղասպանություն իրականացնող ժողովուրդ: «Անկասկած Խոջալուում եղել է ողբերգություն, բայց այնտեղ խաղաղ բնակիչ չի սպանվել: Եղել է միջանցք, խաղաղ բնակիչներին առաջարկվել է դուրս գալ, եւ մենք ժամերով սպասել ենք: Ադրբեջանցին ադրբեջանցի է մնալու, դա իր գործն է, բայց մեր դեսպանները հարկ չհամարեցին դրան պատասխանել: Մեր արտգործնախարարության ապարատը խաշի սեղանի շուրջ նստելուց ու անեկդոտ պատմելուց բացի՝ ուրիշ բանի ընդունակ դուրս չեկավ: Ոստիկանությունն այստեղ բերելու համար ծախս անելու փոխարեն՝ երկու կոպեկ փող ծախսեիք ու մի երկու րոպեանոց ֆիլմ ցուցադրեիք, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մանավանդ անհամեմատելի էին Խոջալուի ու Սումգայիթի դեպքերը: Խոջալուն ռազմական գործողություններով պայմանավորված իրադարձությունը է, Սումգայիթը` իսկական ցեղասպանություն»,- հայտարարեց Հ.Բագրատյանը: Նա անդրադարձավ նաեւ գազի գնի թանկացմանը: «Աշխարհում երբ գին է բարձրանում, երկրների ղեկավարները պայքարում են աշխատավարձի էլ ավելի արագ բարձրացմամբ: ՀՀ-ում գազի գինը բարձրացավ 103 դոլարով` 256-ից՝ 359 դոլարի: Մինչդեռ ՌԴ-ն 154 դոլարից բարձրացրել էր 180 դոլարի: Այդպիսով իշխանությունները լրացուցիչ հարկ են դրել ժողովրդի վրա: Աղքատ ժողովուրդը ստիպված է լինելու սուբսիդավորել օլիգարխներին ու հարուստներին: «ՀայՌուսգազարդի», պառլամենտական կոալիցիայի ղեկավարությունն անմիջական դերակատարում ունի գազալցակայանների հարցում՝ իբրեւ սեփականատեր»,- հայտարարեց Հ.Բագրատյանը եւ ավելացրեց, որ գազի գնի հարցով ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան:
Ելույթ ունեցան եւ իշխանությունների կատարած անօրինականություններից խոսեցին նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ տեղեկացրեց, որ Կոնգրեսն արդեն ունի իշխանություններից ԵԽ ԽՎ-ի պահանջած` մարտի 1-ի ճգնաժամը հաղթահարելու գործողությունների ժամանակացույցը: Նրա խոսքերով՝ իշխանությունները նախ այս ամիս պետք է ազատեն քաղբանտարկյալներին ու վերականգնեն մարտի 1-ի իրադարձությունները քննող անկախ մարմնի գործունեությունը: Մինչեւ ապրիլ պետք է չեղյալ համարեն «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Մինչեւ մայիս պետք է մրցույթ հայտարարեն եւ եթեր վերադարձնեն «Ա1+» հեռուստաընկերությանը: Իսկ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պետք է իրականացնեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Լ.Զուրաբյանի ասելով՝ մարտի 16-ին, այսինքն՝ ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի նախօրեին Կոնգրեսը երթով այս ժամանակացույցը հանձնելու է ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությանը: Իսկ երեկվա հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ դեպի Մյասնիկյանի արձան ու այդտեղից՝ Հյուսիսային պողոտա: Իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 6-ին. այն օրը, երբ Երեւանում կմեկնարկի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսը: