«Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ նրա, Մարտի 1-ի գործը չի կարճվելու, քանի որ բազմաթիվ չբացահայտված դրվագներ կան, ինչպես օրինակ` 10 հոգու մահվան հանգամանքները, եւ եթե նույնիսկ քննությունը համարվի փակված եւ կասեցման որոշում կայացվի, Մարտի 1-ի էջը փակված համարել հնարավոր չէ: «Նույնիսկ 3 տարի, 5 տարի հետո հնարավոր է բացահայտվեն որոշ դրվագներ եւ դատապարտվեն մեղավորները»,- ասել է Հարությունյանը: Ամփոփելով Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության պատկերը` «Ա1+»-ը հիշեցնում է, որ ընդհանուր առմամբ 117 հոգու նկատմամբ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Դատապարտվածներից միայն 4-ն են եղել ոստիկաններ: Առավելագույն պատժի է արժանացել Արա Հովհաննիսյանը, որն, ըստ առաջադրված մեղադրանքի, ոստիկանից զենքն էր խլել: Նրան ազատազրկել են 9 տարի ժամկետով: Համաներում կիրառվեց դեպքերից 1 տարի անց` 2009 թվականի հունիսի 19-ին` ԵԽ ԽՎ հերթական նստաշրջանից առաջ, ԵԽ ԽՎ բազմաթիվ հորդորներից հետո: Համաներման արդյունքում ազատազրկման մեջ գտնվող 32 անձանցից 23-ն ազատ արձակվեցին, եւ այս պահի դրությամբ 9 հոգի շարունակում է մնալ անազատության մեջ: Մարտի 1-ին զոհված 10 հոգու մահվան համար որեւէ մեկն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել: Այս պահին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից կրակած եւ առնվազն 4 մարդու մահվան պատճառ դարձած 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրված ոչ թե սպանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված զորամասի հրամանատարության հսկողությունը, քանի որ նրանք համարվում են զինծառայող: Թե որքան կտեւի գործի նախաքննությունն այս մասով, հայտնի չէ: Չի ավարտվել նախաքննությունը նաեւ Մարտի 1-ի գործով մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի մասով: Վահագն Հարությունյանը տեղեկացրել է, որ քննչական գործողություններ արվում են, սակայն ինչ ընթացք կունենա գործը, նա դժվարացել է ասել: Մարտի 1-ի քրեական գործով չհարցաքննվեցին ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները: Անգամ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որի հանձնարարականի եւ բանակը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների կողմից: Չեն հարցաքննվել բազմաթիվ առանցքային դեմքեր, օլիգարխներ, ում մասնակցության մասին արդեն երկու տարի խոսում է ընդդիմությունը: «Որեւէ փաստ չկա նրանց հրավիրելու եւ հարցաքննելու համար»,- այդ առնչությամբ էլ ասել է Վահագն Հարությունյանը: Ինչ վերաբերում է նախագահական նստավայրում գործած շտաբին, ապա, ըստ Վահագն Հարությունյանի, դրա մասին ինքը ոչինչ չգիտի, իսկ Ոստիկանությունում գործել է շտաբ, որը ղեկավարել է Ալեքսանդր Աֆյանը: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո Աֆյանն ունեցավ ծառայողական առաջխաղացում եւ այսօր հանրապետության փոխոստիկանապետն է: