Մեր տեղեկություններով, մինչեւ մարտի 15-ը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորությամբ մեծ թվով մասնագետներ ժամանելու են Երեւան: Խմբում լինելու են մի քանի հարյուր մասնագետներ, ովքեր պետք է զբաղվեն Երեւանի Նորագյուղ թաղամասի առանձնատների գույքագրմամբ, չափագրմամբ ու հաշվառմամբ: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Յու. Լուժկովը Երեւան էր եկել փոքր պատվիրակությամբ եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ այցելել էր Նորագյուղ թաղամաս: Տեղեկացնենք, որ Նորագյուղում ապրում է մոտ 1500 ընտանիք: Այդ ժամանակ հայտարարվեց, որ տարածքն ազատելու եւ բնակիչներին տեղափոխելու համար կպահանջվի ավելի քան 100 միլիոն դոլար: Ծրագրվել է կառուցել 50-ից ավելի շինություն` յուրաքանչյուրը 40-60 միլիոն դոլար արժողությամբ: Մեր տեղեկություններով՝ Նորագյուղի բնակիչների համար բազմաբնակարան շենքեր են կառուցելու Դալմայի այգիներում` Արարատյան մաքսատան հարեւանությամբ: