– Պարո՛ն Թորոսյան, մի առիթով նկատել էիք, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այսօր էլ կոպիտ սխալներ են անում: Դրանցից ամենալուրջը համարում եք այն, որ Հայաստանը բանակցություններին մասնակցում է նաեւ Ղարաբաղի փոխարեն: Մյուս կողմից` իշխանությունները, մասնավորապես, ՀՀ արտգործնախարարը, երբ Ղարաբաղի պետհամալսարանում էր հյուրընկալվել, հայտարարել էր. «Շատ ենք կարեւորում Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, առանց դրա մենք չենք կարող որեւէ լուծման գալ»:
– Իհարկե, Արցախը շատ կարեւոր վայր է, եւ շատ կարեւոր է, թե այնտեղ ով եւ ինչ հայտարարություն է անում, բայց ՀՀ արտգործնախարարն այդ հայտարարությունը պետք է անի ոչ թե Ստեփանակերտում, այլ բանակցային սեղանի մոտ: Բարեբախտաբար, լուրջ ջանքեր գործադրելուց հետո հնարավոր եղավ հասնել այն բանին, որ նախ 2005թ. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերում, ապա` 2007թ. Մադրիդյան սկզբունքների նախագծում ընդգրկվեց ինքնորոշման իրավունքը՝ որպես հիմք հակամարտության կարգավորման համար: Բայց լիարժեք լուծման հասնելու համար դա միայն առաջին քայլն է: Հետագա քայլը պետք է լիներ այդ իրավունքի իրացման կոնկրետացումը, որը ոչ միայն կբացառեր Ադրբեջանի շահարկումները, այլեւ ակնհայտ կդարձներ, որ անվերապահորեն բանակցությունների կողմ պետք է լինի այդ իրավունքի անմիջական կրողը` ԼՂՀ-ն: Մինչդեռ ՀՀ իշխանությունները բավարարվում են մակերեսային մոտեցմամբ, սոսկ հայտարարելով, որ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչի արդյունքում էլ նախագծում ներառվել են անորոշ եւ խիստ վտանգավոր դրույթներ: Պատճառը մեկն է: Մարդիկ, ովքեր զբաղվում են այդ խնդրով, ունեն սոսկ պարզունակ պատկերացումներ միջազգային իրավունքի նորմերի եւ, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի մասին: Մինչդեռ այդ նորմերը հստակ սահմանում են, թե իրավունքն ով պիտի իրացնի, ինչպես, ինչ ձեւերով` «ա) անջատում կամ միացում մեկ այլ անկախ պետությանը, բ) անջատում եւ անկախ պետականության հռչակում կամ գ) ցանկացած այլ քաղաքական կարգավիճակ, որ կընտրի այդ ժողովուրդը»:
– Այսինքն` Հայաստանն այն խողովակը չէ՞, որով Արցախն իր ցանկությունը փոխանցի աշխարհին:
– Նման հարցերը «Խողովակներով» չեն լուծում, եւ խնդիրը ոչ թե Արցախի ցանկությունն է, այլ իրավունքը: Ավելին, շարունակելով հանդես գալ ԼՂՀ-ի փոխարեն՝ Հայաստանը փաստորեն ինքն է ոտնահարում ԼՂ ինքնորոշման իրավունքը, առավել եւս, որ ԼՂՀ ներկայացուցիչները հայտարարում են, որ առանց իրենց մասնակցության մշակված որեւէ փաստաթուղթ իրենց համար ընդունելի չէ:
– Կարծում եք` Հայաստանը նման ցանկություն չունի՞, թե՞ միջազգային հեղինակությունն այնքան բարձր չէ, որ բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտությունը ոչ միայն հիմնավորի, այլեւ պնդի:
– Խնդիրը ո՛չ հեղինակությունն է, ո՛չ ցանկությունը: Բազմիցս ասվել է, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա: Հայաստանի մասնակցությունը ԼՂՀ-ի փոխարեն օգտագործում է Ադրբեջանը` անընդհատ պնդելով, որ հակամարտությունը ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Իսկ դա հակամարտության սկզբունքային ներգափոխում է, որի արդյունքում փոխվում է նաեւ լուծման սխեման: Ճանաչված պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ` տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում ընդամենը մեկ հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու` դա հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով ներկայացնելն է: Սա տարրական ճշմարտություն է, որի չիմացությունը ՀՀ իշխանություններին տեւական ժամանակ` հակամարտության սկզբից մինչ 2005 թ., պահել էր «գերության» մեջ:
– Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն օրերս նկատեց, թե հայ-թուրքական արձանագրություններում ունենք հաղթանակ` Ադրբեջանի եւ Թուրքիայի սասանված հարաբերությունը: Չե՞ք կարծում, որ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելով` հավանականություն կա, որ կվնասվի նաեւ Հայաստան-Արցախ հարաբերությունը:
– Վերջին մեկ տարվա ընթացքում Ռիչարդ Կիրակոսյանն իր տեսակետն արմատապես մի քանի անգամ փոխել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հետեւաբար կարիք չկա անդրադառնալու դրան: Ասեմ միայն, որ համաձայն եմ նրա այն կարծիքին, որ Հայաստանում վերլուծական կենտրոնները կայացած չեն: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների ապագային, գուշակություններով երբեք չեմ զբաղվել: Առավել եւս, որ հակամարտության կարգավորման ռազմավարությունը շատ ավելի կարեւոր խնդիր է, քան այդ հարաբերությունները: Ինչպես ասացի, ԼՂ ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ քանի դեռ ԼՂՀ ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին, իրենց համար որեւէ պայմանավորվածություն կամ փաստաթուղթ ընդունելի չէ: Սրանով ամեն ինչ ասված է:
– Հայաստանի ներքին անկայուն վիճակը հնարավորություն ընձեռո՞ւմ է իշխանություններին արտաքին քաղաքականության մեջ գոնե համեմատաբար ազատ լինել:
– Իհարկե, ակնհայտ է, որ ներքին խնդիրներն այս կամ այն չափով ազդում են արտաքին հարաբերությունների վրա, սակայն, կարծում եմ` չարժե մեկը մյուսով պայմանավորել: Ե՛վ ներքին, եւ՛ արտաքին խնդիրների լուծման համար պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ, փորձ եւ հմտություն: Այնպես որ` յուրաքանչյուր ոլորտում խնդիրների ու դժվարությունների առկայությունը ոչ թե պետք է բացատրել մյուս ոլորտում խնդիրների առկայությամբ, այլ հենց այդ ոլորտում գիտելիքների, փորձի ու հմտությունների պակասով կամ բացակայությամբ:
– Մի առիթով նշել էիք, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանն արդեն լուրջ կորուստներ ունի, եւ վավերացումը կասեցնելու է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Իշխանությունների պարզաբանումը, որ Ցեղասպանությունն ազգային այն արժեքն է, որի ճանաչումը չգրված առաջնահերթություն է, Ձեզ համոզիչ չե՞ն թվում:
– Կարծում եմ` փաստաթղթերի առկայության պարագայում կարեւոր են ոչ թե հավաստիացումներն, այլ դրանց բովանդակությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն, իհարկե, անհրաժեշտ է եւ հնարավոր: Բայց որեւէ բան լուծելու համար պետք է խնդիրները ճիշտ ձեւակերպել: Այս դեպքում դրանք երեքն են` ա) Հայաստանի շրջափակում, բ) Ցեղասպանություն, գ) Ցեղասպանության հետեւանքով մեր ժողովրդի մի մեծ հատվածի հայրենազրկում: Ակնհայտ է, որ երեք խնդիրներն էլ առաջացել են Թուրքիայի գործողությունների արդյունքում, եւ բոլոր դեպքերում էլ տուժել է Հայաստանը: Լուծումները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, մինչդեռ դրանք միակողմանի են` Թուրքիայի օգտին: Մի շարք առիթներ եղել են մանրամասն անդրադառնալու արձանագրություններում ամրագրված լուծումներին եւ, կարծում եմ, այժմ դրա կարիքը չկա: Կարելի է փաստել, սակայն, որ իշխանությունները մինչ այժմ չեն բերել հիմնավոր փաստարկներ, որոնք վկայեն, որ արձանագրություններում առկա լուծումները հաշվի են առնում նաեւ Հայաստանի շահերը:
– Բայց վերջին զարգացումներն, ըստ իշխանության ներկայացուցիչների, միջազգային հանրությանը համոզում են, որ Հայաստանը կայուն մոտեցումներ ունեցող կանխատեսելի պետություն է, իսկ Թուրքիայի վարկն ընկնում է:
– Նախ` վերջին զարգացումների մասին: Քլինթոնի հայտարարությունը Կոնգրեսում, թե Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդունումը կվնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, վկայում է, որ Միացյալ Նահանգները թուլացնում է ճնշումը Անկարայի վրա: Միգուցե այստեղ որոշ նշանակություն ունեցավ նաեւ այն հանգամանքը, որ վերջին երկու ամիսներին կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում: Դժվար է հավատալ, որ այն միտումնավոր չի ուռճացվում պաշտոնական Անկարայի կողմից` արձանագրությունների վավերացման հետ կապված բարդությունները հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակ շահելու նպատակով: Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ խիստ լավատեսական ենթադրություններ էր արել` արձանագրությունների վավերացումը դրա հետ կապելով, ինչի արդյունքում Անկարան ոչ կարող է վավերացնել արձանագրություններն՝ առանց այդ հարցում լուրջ տեղաշարժի, ոչ էլ դադարեցնել պայմանագրի կնքման գործընթացը: Իհարկե, Հայաստանի ՍԴ որոշումը որոշ ժամանակ շահելու հնարավորություն տվել է Թուրքիային, սակայն դա էլ անվերջ չէ: Ստեղծված իրավիճակում արձանագրությունների չվավերացումն առավել հավանական է, քան երբեւէ: Ինչ վերաբերում է պետությունների վարկին` այն որեւէ արժեք չունի միջազգային հարաբերություններում, որտեղ գլխավորը պետական շահերն են: Այդ առումով կանխատեսելի լինելը ոչ թե արժանիք է, այլ թուլություն, քանի որ քիչ չեն իրավիճակները, երբ զարգացումների ելքը պայմանավորված է լինում անսպասելի քայլերով: Ուրիշ պետությունների ու ժողովուրդների հաշվին, արյունով ու ավերով, ցեղասպանությամբ ստեղծված Թուրքիան այսօր շատ ավելի մեծ ազդեցություն ունի իրադարձությունների զարգացման վրա, քան «բարի» համբավ ունեցող շատ պետություններ: Հետեւաբար, դատողությունները Հայաստանի ու Թուրքիայի համբավի մասին միջպետական հարաբերությունների հարթությունում պարզունակ են եւ անիմաստ:
– Ձեր կարծիքով` արձանագրություններն, ի վերջո, կվավերացվե՞ն:
– Հայաստանի համար առկա հիմնախնդիրների տեսակետից էական նշանակություն չունի` դրանք կվավերացվե՞ն, թե՞ ոչ, քանի որ գործընթացը բոլորովին այլ շահերով է պայմանավորված: Արձանագրությունների վավերացումը ներկայիս տեսքով միայն ժամանակավորապես կարող է խորք մղել առկա հիմնախնդիրները: Իրական լուծում հնարավոր է այն դեպքում, երբ Թուրքիան պատրաստ լինի Ցեղասպանության փաստը ճանաչելուն: Միայն դրանից հետո վերջինս կդադարի գործիք լինելուց տարբեր երկրների, առաջին հերթին` Միացյալ Նահանգների ձեռքին` աշխարհաքաղաքական հարցերն այս տարածաշրջանում լուծելու ժամանակ: Այսօր Անկարան պատրաստ չէ արմատական լուծումների, քանի որ իր ներուժը դեռեւս բավարարում է խնդիրները լուծել առանց դրա: Ցավոք, Հայաստանի իշխանությունները ձեռքից բաց թողեցին Ռուս-վրացական պատերազմից ստեղծված աննախադեպ հնարավորությունը տարածաշրջանային գործոն դառնալու համար: Հետեւաբար, ինչպես մի շարք անգամներ եղել է, պայմանավորվածությունների ձեւակերպումը (տվյալ դեպքում` արձանագրությունների վավերացումը) հանգեցնելու է տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների որոշ խնդիրների լուծմանը Հայաստանի ու հայության հաշվին: Իրավիճակը շտկելու հնարավորությունները շատ փոքր են, թեեւ այսօր չվավերացման հավանականությունն ավելի բարձր է, քան երբեւէ եղել է այս ողջ գործընթացի ժամանակ: