Ակորդեոնի եւ բանդոնեոնի արքան բացում է իր անվան գաղտնիքը

02/03/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Մարիոն իր երաժշտությամբ, ասես, արվեստի գործ է նկարում»: «Ամեն անգամ, երբ լսում ես Մարիոյի կատարումները, զգում ես, որ նրա սիրտն ավելի արագ է աշխատում, քան երաժշտական ռիթմը»: «Ոչ ոք Աստոր Պիացոլլայի երաժշտությունից չի քամում այնքան զգացմունքներ, որքան Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին»: Ահա այսպես են երաժշտագետները եւ ունկնդիրները բնորոշում Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի արվեստը` զարմանալով, որ այդքան երիտասարդ տղան իր առեղծվածային կատարումներով արդեն հասցրել է գերել ողջ աշխարհը:

– Առաջին անգա՞մ եք Հայաստանում:

– Ոչ, սա իմ չորրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ եկա Տոնինո Գուերայի հետ: Նա շատ էր պատմում, թե ինչ հրաշալի եկեղեցիներ կան այստեղ, ինչպիսիք են Նորավանքը, Գեղարդը: Հայաստանը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի կենտրոնում: Հայաստանն իսկապես շատ գեղեցիկ է, եւ այստեղ կարելի է անհավանական լուծումներ գտնել:

– Անհավանական լուծում չէ՞ նաեւ ակորդեոնի, բանդոնեոնի եւ նվագախմբի նման «համագործակցությունը»:

– Միգուցե տարօրինակ է, որովհետեւ ակորդեոնն անհավանական գործիք է: Մի շարք երկրներում այն ավելի շատ տարածում ունի իբրեւ ֆոլկլորը ներկայացնող երաժշտական գործիք: Ես պարզապես փորձեցի իրականացնել ակորդեոնի եւ նվագախմբի համագործակցության նոր ծրագիր: Այդ պատճառով Ռոբերտո Մոլինելլիին եւ Ֆաբիո Կոնոչիելլային խնդրեցի ինձ համար երաժշտություն գրել: Ի դեպ, վերջինս իտալացի նորահայտ կոմպոզիտոր է: Կարծում եմ` սա հրաշալի գաղափար է, որը ակորդեոնին ու բանդոնեոնին առանձնակի ընկալում է հաղորդում: Բանդոնեոնն ունի գերմանական ծագում: Մարդիկ բանդոնեոն էին նվագում եկեղեցիներում: Այնուհետեւ բանդոնեոնի ճանաչումը հասավ Արգենտինա, որտեղ որոշակիորեն ձեւափոխվեց` բանդոնեոնով արդեն տանգո էին նվագում: Իսկ ես փորձում եմ իտալական երաժշտության համադրմամբ բանդոնեոնի նոր ռեպերտուարներ ստեղծել: Ճիշտ է, սա գուցե տարօրինակ ցանկություն կամ որոշում է, բայց համոզված եմ, որ հաջողություն կունենա: Մարդիկ այն արդեն սկսել են սիրել:

– Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց ակորդեոնը ու բանդոնեոնը, այլ ոչ, ասենք, ջութակը կամ դաշնամուրը:

– Ես ծնվել եմ ակորդեոնահարների ընտանիքում: Սա իմ նախնիների ժառանգությունն է: Նախապապերս էլ են ակորդեոն նվագել, հետո` պապս, հայրս, հորեղբայրս, հիմա էլ ես: Պարզապես ես տան ակորդեոնը վերցրեցի ու սկսեցի նվագել: Իսկ որոշ ժամանակ անց սկսեցի նաեւ բանդոնեոն նվագել: Կարծում եմ` կարեւոր ազդակ էր նաեւ այն, որ գրեթե բոլոր մարդիկ հիացած են Աստոր Պիացոլլայի երաժշտությամբ: Իսկ Պիացոլլան բանդոնեոնի կատարյալ վարպետ է: Դա էր նաեւ պատճառը, որ ինձ գրավեց բանդոնեոնը:

– Այնուամենայնիվ, Կովկասում ակորդեոնն ընկալվում է` որպես ռուսական ֆոլկորը ներկայացնող երաժշտական գործիք: Ձեր ռեպերտուարում կա՞ ռուսական երաժշտություն:

– Ընդհանրապես ակորդեոնն ունի իտալական ծագում: Այն հատկապես Իտալիայի միջնամասում ունի մեծ տարածում: Այնպես որ, այն ավելի շատ իտալական ֆոլկլորը ներկայացնող երաժշտական գործիք է: Ճիշտ է, հիմա, թեպետ շատ մարդիկ սկսել են ռուսական երաժշտություն նվագել, որովհետեւ ռուսական ռեպերտուարները բավական հարուստ են, սակայն ես ինքս չեմ կարող նվագել ռուսական երաժշտություն, որովհետեւ ես իտալացի եմ, եւ ռուսականն իմ մշակույթը չէ: Այդուհանդերձ, ես շատ բարեկամաբար ու ջերմ եմ վերաբերվում տարբեր ազգերի երաժշտությանը, բայց ես պարտավոր եմ նվագել իտալական երաժշտություն, որովհետեւ ես կրում եմ իմ երկրի ամբողջ գույները:

– Երաժշտական ի՞նչ կրթություն ունեք:

– Ես սովորել եմ Ֆրանսիայում, Սերբիայում, ավարտել եմ նաեւ Հռոմի կոնսերվատորիան: Իտալիայում կազմակերպված աշխարհի կարեւորագույն նշանակություն ունեցող մրցույթներից մեկում սկզբում հաղթեցի: Ապա, 2001 թվականին մասնակցեցի նաեւ Ֆրանսիայում կազմակերպված աշխարհի լավագույն մրցույթներից մեկին, որտեղ եւս հաղթեցի: Իսկ հիմա աշխատում եմ Իտալիայի հարավային մասում` Սիցիլիայի մերձակայքում գտնվող կոնսերվատորիայում: Փորձում եմ իմ ուսանողներին ներկայացնել ակորդեոնի նոր գաղափարը, իսկ, ավելի ճիշտ, ակորդեոնի հեռանկարային ապագան:

– Բայց մեր օրերում շատ-շատերը ակադեմիական կրթությանը տեղ չեն տալիս` ասելով, որ ակադեմիական կրթությունը «սպանում է» տաղանդը: Դուք համամի՞տ եք:

– Միանշանակ` ոչ, թեեւ այսօր շատ մարդիկ են այդպես մտածում: Նրանք, առաջնորդվելով այդ գաղափարախոսությամբ, որոշ ժամանակ անց հայտնաբերում են, որ պարզապես դադարում են նվագել ու մտածել երաժշտության մասին: Տաղանդը, անշուշտ, շատ կարեւոր նախապայման է, բայց միայն տաղանդավոր լինելով չես կարող նվագել: Տաղանդը եւ կրթությունը պետք է միաձուլվեն. միայն այդ դեպքում ի վիճակի կլինես լավ նվագել: Նվագելն էլ ինչ-որ իմաստով նման է աշխատանքի: Պետք է սովորել շատ աշխատել, եւ կարեւորը` մոտ լինել երաժշտական գործիքին: Միանգամայն նորմալ է նաեւ այն, որ շատերը, զուրկ լինելով տաղանդից, իրենց աշխատասիրության շնորհիվ շատ լավ նվագում են, եւ` հակառակը: Այս երեւույթն ամենուր է` կյանքի ցանկացած բնագավառում: Ենթադրենք` տաղանդավոր ֆուտբոլիստ ես, բայց չես ուզում վազել, մարզվել, շարժվելգ տվյալ պարագայում` քո տաղանդը ոչինչ է:

– Ձեր կատարումների ընթացքում թվում է, թե Դուք` Ձեր կատարմամբ, երաժշտության մատուցմամբ, Ձեր դիմախաղով, մարմնի յուրաքանչյուր շարժումով, հանդիսատեսին տանում եք դեպի մի յուրահատուկ ֆիլմի դիտումգ Դա Ձե՞ր պատմությունն է:

– Շատ ուրախ եմ, որ նկատում եք այն, ինչ ես եմ ուզում փոխանցել: Շատերն ասում են, որ իմ երաժշտական գործիքների հետ ես մի ամբողջություն եմ դառնում: Միգուցե գեղեցի՞կ է հնչում: Երբ ես նվագում եմ` սկսում եմ մտովի երեւակայել: Հաճելի է նաեւ այն, որ մարդիկ հասկանում են իմ ուղերձը` հաղորդագրությունը: Դա այն մեծագույն նվերն է, որ կարող եմ ստանալ հանդիսատեսից:

– Իսկ ո՞րն է այդ, այսպես ասած, «մեսիջը»:

– Չեմ կարող ասել: Երբ ես նվագում եմ, տեղափոխվում եմ իմ երեւակայության աշխարհ, եւ այնքան շատ բան եմ սկսում պատկերացնել: Կարծում եմ` հանդիսատեսը հասկանում է իմ երեւակայական աշխարհը: Իմ ֆիլմը գալիս է իմ երեւակայությունից: Իսկ դա չափազանց գեղեցիկ է: Ես շնորհակալ եմ Աստծուն այդ հնարավորությունն ինձ ընձեռելու համար, որ ես այսօր կարող եմ երկխոսել երաժշտական գործիքի հետ, ու ամենակարեւորը, երբ մարդիկ հասկանում են այդ երկխոսությունը: Ամեն անգամ ես փորձում եմ փակել իմ աչքերն ու իմ հիշողություններում պատկերել մարդկանց:

– Ու ամեն անգամ տարբեր սյուժեներո՞վ:

– Իհարկե, խոսքը իրատեսական ֆիլմի մասին չէ: Ես դժվարանում եմ պատմել իմ զգացողությունների, երեւակայության մասին: Դա իմ գաղտնիքն է:

– Բայց երբեմն կարծես ակնհայտ է լինում նաեւ դա:

– Բոլոր մարդիկ կարող են երեւակայել այնպես, ինչպես ես: Դա նման է այն բանին, երբ դու գիրքը սկսում ես կարդալ պատկերավոր հիշողությամբ: Ես էլ ունեմ իմ պատկերավոր հիշողությունը մի ֆիլմում, որն իմ ներաշխարհում է:

– Ի՞նչն է կարեւոր արվեստագետի համար:

– Ամենակարեւորն ամենօրյա աշխատանքն է: Արտիստը պետք է ամեն օր քրտնաջան աշխատի: Այս մասին ես միշտ ասում եմ իմ ուսանողներին: Արտիստի համար կարեւոր է մաքրակենցաղ լինելը: Սա, թերեւս, այն մեծ ուղերձն է, որ ես սովորեցնում-փոխանցում եմ իմ ուսանողներին: Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի մեր երազանքներն իրականանան:

– Այսօր Դուք աշխարհում մեծ համբավ ունեք: Դա չի՞ խանգարում առաջ գնալուն:

– Դրանից ոչ մի բան չի փոխվում: Այս պարագայում շատ մեծ դեր ունի իմ ընտանիքը, որովհետեւ մայրս ամեն անգամ, երբ ես որեւէ մրցույթում հաղթում եմ, ասում է` «Դա լավ է, բայց դու պետք է շարունակես առաջ գնալ: Պետք չէ կանգնել ու խոսել դրա մասին: Դու պետք է շատ աշխատես»: Ես աշխատում եմ օրական 12 ժամ: Իրականում ես չեմ կարողանում հանգստանալ, ես ուզում եմ հնարավորինս ավելի շատ աշխատել:

– Եվ դա է, այսպես ասած, Ձեր հաջողության բանաձեւը:

– Ես սիրում եմ այս աշխարհը, իմ երաժշտությունը, եւ ինձ համար գերագույն հաճույք է աշխատանքն ու ճամփորդությունը: Ահա դա է իմ կյանքը:

– Իսկ ի՞նչ է կյանքը:

– Ֆեդերիկո Ֆելինին մի առիթով ասել էր, որ կյանքը մի մեծ ժպիտ է: Շատերն այս աշխարհում տառապում են, բայց կարծում եմ` կյանքն այդքան էլ երկար չէ տառապանքին տրվելու համար: Դրա համար պետք է մեկը մյուսին օգնի` կյանքը սիրելու ու լավ ապրելու համար: Չէ՞ որ մենք բոլորս էլ Աստծո զավակներն ենք:

– Ձեր կատարման ընթացքում թվում է, թե Ձեր ձեռքերում ոչ թե երաժշտական գործիք է, այլ ինչ-որ խաղալիք, որին Դուք հպվում եք փափուկ ու շատ զգույշ: Դա՞ էլ է աշխատանքի արդյունք:

– Մի՞գուցե (ժպտում է.- Մ.Մ.): Դա պայմանավորված է իմ անոգրամայով (նա սեղանից վերցնում է անձեռոցիկն ու գրում իր անուն-ազգանունը.- Մ.Մ): Սա գաղտնիք է, որը ես Ձեզ կասեմ: Առաջին անգամ: Դուք գիտեք, որ ակորդեոնը իտալերեն բառ է, եւ նշանակում է «ֆիեզերմոնիկա»: Իմ անուն-ազգանունը Մարիո Ստեֆանո է, որն իտալերեն նշանակում է «ֆիեզերմոնիկա» (նա հերթականությամբ ջնջեց իր անուն-ազգանվան տառերը, որոնք դասավորելով` ստացավ իտալերեն մի արտահայտություն, որը մոտավորապես թարգմանեց հետեւյալ կերպ` «Աստված ինձ օժտել է ակորդեոն նվագելու շնորհով»։- Մ.Մ):

– Ամեն դեպքում Դուք 4 տարի անընդմեջ գալիս եք Հայաստան: Լսե՞լ եք դուդուկի մասին:

– Ես ուզում եմ հանդիպել Ջիվան Գասպարյանի հետ: Ես տեսել եմ նրա կատարումների տեսաերիզները, ինչպես նաեւ նրա եւ Զուկերոյի դուետը: Կարծում եմ` մոտ ապագայում կունենամ այդ հնարավորությունը, ինչո՞ւ չէ, նրա հետ նվագելու համար: Հուսով եմ` դա իրականություն կդառնա: Ես սիրում եմ հայկական դուդուկի ելեւէջները: Արդեն պատկերացնում եմ, թե ինչ հրաշալի համագործակցություն կլինի` ակորդեոնը կամ բանդոնեոնը, հայկական դուդուկն ու նվագախումբը:

– Ի վերջո, գերզբաղված լինելով հանդերձ, ժամանակ գտնո՞ւմ եք ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու: Ի դեպ, որտե՞ղ է ապրում Ձեր ընտանիքը:

– Ես ծնվել եմ Ատեսայում, որը գտնվում է Իտալիայի միջնամասում: Թեեւ ուրախ եմ, որ համերգային ճամփորդություններ շատ եմ ունենում, բայց փոքր-ինչ տխրում եմ նաեւ` ընտանիքիս շատ հաճախ չտեսնելու համար: Ընտանիքս ապրում է Ատեսայում: Ունեմ մի քույր, որն ինձնից մեկ տարով մեծ է: Առանձնահատուկ ընտանիք ունեմ, որը հավատում է իմ երաժշտությանն ու ինձ: Ինձ համար դա ամենակարեւորն է: Իմ բախտը, իսկապես, բերել է: