Մոտենում են ավարտին

27/02/2010

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հավաստմամբ` ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շուրջ Բաքվի եւ Անկարայի միջեւ ձգձգվող բանակցությունները մոտենում են ավարտին: «Գազի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են, կան որոշ խնդիրներ, սակայն մենք մոտ ենք ավարտին»,- ասել է Աբդուլաեւը: Սակայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության մեկ այլ`անանուն աղբյուր «Ռոյթերզ» գործակալությանն ասել է, որ գազի գնի եւ այլ հարցերի շուրջ Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք կբերվի «մեկ կամ երկու ամիս հետո»: Նշենք, որ Թուրքիան ցանկանում է ադրբեջանական գազը գնել եւ կառուցվելիք «Նաբուկո» գազատարի միջոցով տարանցել դեպի Եվրոպա: Որոշ փորձագետներ կարծում էին` Բաքու-Անկարա բանակցություններին կարող են խոչընդոտել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունները: