Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագրի հիմնական թիրախային խումբն աշխատանք փնտրողներն են՝ աշխատանքային կարիերային հետամուտ երիտասարդները, գյուղական շրջանների գործազուրկ բնակչությունը, ինչպես նաեւ՝ սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքները, ներկա եւ ապագա թոշակառուները, հաշմանդամները։ Նույն օրը ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ 7 միլիոն դոլարի վարկ՝ «ՀՀ-ում սոցիալական ներդրումների հիմնադրամի» երրորդ ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ինչպես նշվում է ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ, այն կօժանդակի ՀՀ կառավարության՝ սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին՝ աշխատուժ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման միջոցով։ Ընդհանուր առմամբ, ծրագիրն ուղղված է տնտեսական ճգնաժամից առավել տուժած բնակչությանը, իսկ լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի այդ եւ մի շարք այլ կարիքների բավարարմանը միջին ժամկետներում՝ նաեւ որպես կառավարության հակաճգնաժամային ծրագրի մաս։ «Հիմնադրամի հիմնական ուժն այն է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս համայնքներին ինքնուրույնաբար որոշելու սեփական ներդրումային կարիքները,- նշել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը,- Ծրագիրը ստեղծում է ներկա պայմաններում խիստ անհրաժեշտ աշխատատեղեր, սակայն նրա հաջողությունը կախված կլինի նաեւ տեղական համայնքների՝ այս նոր ներդրումները շահագործելու եւ պահպանելու կարողությունից»։ Արդեն մեկ տասնամյակ է, ինչ Սոցիալական ներդրումների հիմնադրամը գործում է ՀՀ-ում։ Առ այսօր ծրագրի շրջանակներում իրականացվել է 737 միկրոծրագիր Հայաստանի 298 գյուղական եւ 74 քաղաքային համայնքներում, ներառյալ Երեւանը՝ օգնելով 2.7 շահառուների։ Լրացուցիչ ֆինանսավորումը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կնպաստի ենթակառուցվածքային բարեփոխումներին 35 համայնքներում եւ կստեղծի 68.600 մարդ-օր կարճաժամկետ աշխատատեղ։