ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանը կարեւորել է ստվերային տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունները նվազեցնելու եւ տնտեսվարման գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը: Ս. Սարգսյանը նաեւ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ պահանջել ուժերի համադրման ճանապարհով բարձրացնել կեղծ ապրանքաշրջանառության, ապրանքային կեղծ փաստաթղթերի վաճառքի եւ նմանօրինակ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը: «Մենք իրավունք չունենք դադար տալու: Մենք խնդիր ունենք ոչ միայն չթողնել, որ նման երեւույթներն ավելանան, այլեւ` առավել կտրուկ քայլեր ձեռնարկել անցյալից եկող արատավոր շղթաների վերացման ուղղությամբ»,- նշել է Ս. Սարգսյանը։