«Թող քթները չխոթեն»

27/02/2010

Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` իր համակարգիչն առեւանգելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի որոշումը վերացնելու պահանջով: «Սա առաջին դեպքն է Հայաստանում, որ փորձում են առգրավել փաստաբանի համակարգիչը, եւ, բնականաբար, եթե մենք դա կուլ տանք, դրանից հետո կշարունակեն մտնել փաստաբանի խոհանոցը: Փաստաբան եւ հաճախորդ հարաբերությունները պետք է լինեն կոնֆիդենցիալ, եւ որեւէ մեկն իրավունք չունի քիթը խոթել այդ դաշտ»,- երեկ Հայաստանի փաստաբանների պալատում հայտարարել է Ա. Զոհրաբյանը: Ըստ նրա` եթե դատախազը չվերացնի այդ որոշումը, ինքը կդիմի դատական պաշտպանության. «Եթե այդտեղ էլ հաջողության չհասնեմ` դիմելու եմ ՍԴ, եւ զուգահեռ՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սա իմ համակարգչի խնդիրը չէ: Սա կարող է նախադեպ դառնալ, եւ հետագայում նման փորձեր կատարվեն այլ փաստաբանների նկատմամբ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Փաստաբանի համակարգիչը առգրավելու որոշում Ոստիկանությունը կայացրել է գործարար Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ քրեական գործ հարուցվելուց հետո: Սուքիասյաններին փաստաբանական ծառայություն մատուցելու շրջանակներում Արա Զոհրաբյանը իր համակարգչի վրա հավաքել եւ իր տպիչով տպել է մի փաստաթուղթ, որը ներկայացրել է Սուքիասյանին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը, Ոստիկանություն հայտարարություն ներկայացրած Գոռ Դավթյանը հայտարարել է, թե Սուքիասյաններն իրեն սպառնացել են, որ ստորագրի այն: «Իմ համակարգիչը որեւէ կերպ այդ հանցագործության ոչ օբյեկտ է, ոչ առարկա, ներողություն արտահայտության համար, սեռական կապ չունի այդ գործի հետ»,- ասել է Արա Զոհրաբյանը: «Ես քննիչներին ինքս եմ տրամադրել այդ փաստաթուղթը եւ ասել եմ, որ չփորձեն առգրավել իմ համակարգիչը, քանի որ դա կբերի երկու ինստիտուտների բախման: Որեւէ մեկն իրավունք չունի միջամտել փաստաբանի գործունեությանը եւ ծանոթանալ իմ մյուս վստահորդների փաստաբանական գաղտնիություն պարունակող տեղեկատվությանը: Ես ասել եմ, որ, բացի փաստաբանական գաղտնիությունից, նաեւ կա բանկային գաղտնիություն»,- ասել է փաստաբանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ գործող օրենսդրությամբ կա փաստաբանական գաղտնիքը հրապարակելու երեք դեպք. «Առաջինը, երբ առկա է վստահորդի համաձայնությունը, երկրորդ` վստահորդի եւ փաստաբանի միջեւ կա վեճ, եւ այն պարզելու համար անհրաժեշտ է փաստեր հրապարակել, եւ երրորդ` առկա է նախապատրաստվող ծանր հանցագործություն»: Սակայն, ըստ Ա. Զոհրաբյանի` այս երեք դեպքերն էլ իր պարագայում բացակայում են: