ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ «բացատրել» է, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ի՞նչ նկատի ուներ, ասելով` ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է: Ըստ Մարգարյանի` նա նկատի ուներ տնտեսական ճգնաժամի պիկը: «Կարծում եմ` ճգնաժամից դեռ որեւէ երկիր դուրս չի եկել, ու նախարարը նկատի է ունեցել երեւի այն, որ մեր երկրում փորձ է արվել ճգնաժամը շրջանցել»,- Երիցյանին սրբագրել է Մարգարյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նկատել է, թե «մեր երկրի իշխանությունները ոչ ճգնաժամի գալը տեսան, ոչ գնալը»: «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեցրել է, թե երբ ճգնաժամը մոլեգնում էր աշխարհով մեկ, «մերոնք ասում էին` դրա մասին չխոսենք, որ Հայաստան չգա»: «Մինչդեռ այսօր մեր երկրում ճգնաժամը կարելի է հաղթահարված համարել, եթե դրսում ապրող մեր հարազատները Հայաստան ուղարկեն նույնքան գումար, որքան ուղարկում էին մինչեւ ճգնաժամը: Կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու 2 ճանապարհ ունի, երկուսն էլ կապված են դրսի հետ` տրանսֆերտների մեծացում եւ միջազգային շուկայում պղնձի գների աճ»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։