Փետրվարի 24-ին Հիլարի Քլինթոնը մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովում կայացած լսումներին, որտեղ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին` դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի աջակցությունը Սենատում շրջանառված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերին: Անդրադառնալով ներկայիս թիվ 252 բանաձեւին, որը շուտով քվեարկվելու է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Քըրքը հայտարարել է. «Հուսով եմ, մենք դա կանենք, եւ հուսով եմ, Ներկայացուցիչների պալատը կանի դա, եւ Դուք թույլ կտաք, որ դա տեղի ունենա»: Ի պատասխան` Հ. Քլինթոնը ոչ թե խոսել է բանաձեւի նախագծի մասին, այլ հիշեցրել է հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը եւ դրանց վավերացմանը նպաստելու` ԱՄՆ ջանքերը: Իսկ բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը հայտարարել է. «Ես չեմ կարծում, թե հայ-թուրքական հաշտեցման հեռանկարը, որքան էլ որ ես կցանկանայի դրա իրականացումը, օգտագործվի որպես Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը չճանաչելու պատճառ»: Այնուհետեւ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է սատարել օրինագծի ընդունումը եւ առնվազն չընդդիմանալ դրա շուրջ քվեարկությանը:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում նույնպես Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն էր հայտնել հայ-թուրքական գործընթացին, սակայն չէր ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը:
Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ վերջին տարիներին նախորդ վարչակազմերը` ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ցանկացած առիթ օգտագործել են նման բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Անդրադառնալով Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացված 2011թ. ֆինանսական օգնությանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Օբամայի վարչակազմի այդ քայլը` նշելով, սակայն, որ Կոնգրեսը պետք է մեծացնի ֆինանսական օգնությունը: Նա նաեւ ընդգծել է, որ մինչ Օբամայի վարչակազմը պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հավասարակշռությունը, ռազմական ուսուցմանն ուղղված օգնության չափաբաժինը հավասար չէ: Բրեդ Շերմանը նաեւ կոչ է արել «հատուկ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»: Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քվեարկության օրը նշանակված է մարտի 4-ին: