Ճգնաժամը Հայաստանում դեռ չի ավարտվել

27/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, տնտեսական դաշտում իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են միջազգային կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների հետ։ Իհարկե, ոչ թե այն պատճառով, որ գիտելիքների ու փորձի առումով սեփական արժանիքները ավելի ցածր են գնահատում, ասենք, ՀԲ փորձագետներից, այլ՝ որովհետեւ այս կառույցներից պարբերաբար փող են ստանում։

Սակայն հայտարարությունների մակարդակում ժամանակ առ ժամանակ մեր իշխանությունների եւ այդ կառույցների «համերաշխությունը» խաթարվում է։ Դա հերթական անգամ արտահայտվեց երեկ՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի ասուլիսի ժամանակ։ Լրագրողները հարցրին՝ արդյո՞ք Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից, այն էլ՝ պատվով, ինչպես օրեր առաջ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Հարցին ի պատասխան՝ Վարուդակիսը նշեց, որ, իրոք, ռեգրեսիա այլեւս չի արձանագրվում, եւ հունվարին արձանագրված ՀՆԱ-ի 2.4% աճը խոսում է այն մասին, որ տնտեսությունը կայունանում է։ «Բայց դա չի նշանակում, որ ճգնաժամն ավարտվել է։ Տարեկան երկու, երեք տոկոս տնտեսական աճի դեպքում դեռ 4 տարի կպահանջվի՝ ճգնաժամը ավարտված համարելու համար»,- նշեց Վարուդակիսը՝ ավելացնելով, որ ՀՆԱ-ի հունվարյան աճը հիմնականում արձանագրվել է նախորդ տարվա հունվարի վատ ցուցանիշների արդյունքում։ Ինչ վերաբերում է այս տարվան, ապա, ըստ ՀԲ ներկայացուցչի՝ տնտեսական աճը Հայաստանում չի գերազանցի 2%-ը։ Ավելին, Հայաստանում ճգնաժամի վերջի մասին խոսելը դեռ վաղ է, որովհետեւ անգամ զարգացած երկրները զգուշանում են նման համարձակ հայտարարություններ անել։ Օրինակ, ԱՄՆ-ում ՀՆԱ աճի դրական ցուցանիշներ են արձանագրվել, սակայն գործազրկության մակարդակը դեռ շատ բարձր է, անշարժ գույքի գները ցածր են եւ այլն։ Իսկ եթե գլոբալ առումով տնտեսությունը դանդաղ վերականգնվի, ըստ Վարուդակիսի, դա անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա՝ օրինակ, պղնձի գների անկման, տրանսֆերտների եւ ներդրումների կրճատման ձեւով։

Ինչ վերաբերում է մեր այդքան գովաբանվող բանկային համակարգին, ապա բանախոսի կարծիքով, մեր բանկերը մեծ լիկվիդայնություն ունեն, սակայն այն լիարժեք չեն օգտագործում տնտեսությունը վարկավորելու համար։

Խոսք գնաց նաեւ արտաքին պարտքի մասին։ ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ այն շատ արագ աճում է, եւ հնարավոր է՝ շուտով հասնի ՀՆԱ-ի 50%-ին։ Սակայն նա անհանգստանալու պատճառներ չի տեսնում՝ նշելով, որ դրանք հիմնականում թեթեւ, արտոնյալ պայմաններով տրամադրված միջոցներ են (չնայած՝ կոնկրետ ռուսական վարկը դասական կոմերցիոն վարկ է)։ Ըստ Վարուդակիսի՝ պարտքը սպասարկելու համար պարզապես պետք է ավելի շատ հարկեր հավաքագրել։ Նկատենք, որ մեր կառավարությունը ՀԲ այս խորհրդին շատ մեծ նշանակություն է տվել եւ տարվա սկզբից նախանձելի հետեւողականությամբ, թաքնված եւ բացահայտ մեխանիզմներով ձգտում է ավելացնել պետբյուջեի մուտքերը։

ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հուսով է, որ կառավարության ձեռնարկած քայլերը որոշակի աշխուժություն կմտցնեն տնտեսության մեջ։ Օրինակ՝ Ազգային մրցունակության խորհուրդը, ըստ Վարուդակիսի, կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ ՀԲ ներկայացուցիչը եւս մեկ անգամ շեշտեց տնտեսության դիվերսիֆիկացման եւ օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Սակայն բացակայում են կոշտ, համարձակ քայլերը՝ ասում է նա։ Մանավանդ օլիգոպոլիաների դեմ պայքարի հարցում, եւ հատկապես՝ մաքսային վարչարարության առումով։

Վարուդակիսի համոզմամբ, օլիգոպոլիաների դեմ պայքարի հարցում կարեւոր դեր կարող է խաղալ հայ-թուրքական սահմանի բացումը, ինչի արդյունքում ոչ միայն կնվազեն ներմուծման եւ արտահանման ծախսերը, այլեւ կուժեղանա մրցակցությունը՝ թուլացնելով օլիգոպոլիաները եւ նպաստելով տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ընդհանրապես, ըստ ՀԲ ներկայացուցչի, հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար։

Պրն Վարուդակիսին հիշեցրինք Տիգրան Սարգսյանի այն խոսքերը, թե օլիգոպոլիաների դեմ պայքարը չի նշանակում օլիգարխներ դեմ պայքար։ Նման գաղափարախոսությամբ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ձեւավորել նորմալ մրցակցային դաշտ։ ՀԲ ներկայացուցիչը պատասխանեց, որ նման հարցերը պետք չէ անձնական հարթության մեջ դիտարկել։ «Սա չի նշանակում, որ կոնկրետ բիզնեսները պետք է թիրախավորվեն։ Պարզապես հարկավոր է թափանցիկ դաշտ ստեղծել, ուր ցանկացած մարդ կկարողանա մուտք գործել։ Մաքսային կառույցը պետք է հավասար պայմաններ սահմանի բոլորի համար։ Դոմինանտ ներմուծողների եւ պետական պաշտոնյաների հարաբերությունները պետք է թափանցիկ լինեն»,- ասում է Վարուդակիսը։

Կարո՞ղ եք որեւէ սխալ բան գտնել այս մարդու ասածների մեջ։ Հազիվ թե։ Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն բաներն ասում են նաեւ կառավարության անդամները, դոմինանտ բիզնեսմենները ու բոլոր այն սուբյեկտները, ովքեր իրականում ամեն ինչ անում են, որ Հայաստանում երբեք արդար մրցակցություն չհաստատվի։ Ինչ վերաբերում է կոնկրետ բիզնեսին թիրախավորված վնասելու անթույլատրելիությանը, ապա այս հարցում եւս պրն Վարուդակիսի հետ դժվար է չհամաձայնել։ Խնդիրը, սակայն, այն է, որ այն կառավարությունը, որից ՀԲ ներկայացուցիչը համարձակ քայլեր է ակնկալում, իր համարձակությունը արդեն ցույց է տվել՝ թիրախավորելով Սուքիասյանների բիզնեսը։ Այս դիտարկմանը եւ մեր այն հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք Վերակառուցման եւ զարգացման բանկի տեսակետը, որ Սարիբեկ Սուքիասյանի հետ կատարվածը չի նպաստում Հայաստանի գործարար հեղինակությանը, պրն Վարուդակիսը պատասխանեց. «Սա մի հարց է, որից պետք չէ խուսափել։ Կոնկրետ բիզնեսի թիրախավորումը եւ նրա համար խոչընդոտներ ստեղծելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ երկրի համար»։ Ապա ավելացրեց. «Կարծում եմ՝ կառավարությունում այդ մասին տեղյակ են»։ Սակայն անհասկանալի մնաց, թե ՀԲ ներկայացուցչի կարծիքով՝ կոնկրետ ինչի՞ց են տեղյակ կառավարությունում՝ Սուքիասյանի ձերբակալությա՞ն, թե՞ դրա հետեւանքների մասին։ Չնայած մյուս կողմից՝ դա ոչինչ չի փոխում. տեղյակ լինելով հանդերձ՝ երկրին վնասելը ավելի դատապարտելի երեւույթ է։