ՀՖՖ շտաբ-բնակարանում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ ներկայացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որն այս տարի էլ է գլխավորելու ազգային թիմը: Խոսելով ընտրական փուլի խնդիրների մասին` Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես երբեք խնդիր չեմ դրել, որ մրցաշարային աղյուսակի վերջնամասից քարշ գանք: Չկա թույլ կամ անհաղթահարելի խումբ: Բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Ուղղակի մենք պետք է մտածենք մեր ֆուտբոլը կարգի բերելու, մեր ֆուտբոլիստներին տրամադրելու մասին: Կայունություն պետք է: Վարդան Մինասյանի հետ ես վաղուց եմ ծանոթ, եւ նրան պետք չի, որ ես բառերով խնդիր դնեմ: Նա լավ տեղյակ է, թե ինչ եմ ես պահանջում: Բոլորդ գիտեք, որ ես մաքսիմալիստ եմ: Ֆուտբոլը խաղ է, եւ մենք միշտ խնդիր ենք դնում ունենալ հաջողություններ»: Ռ. Հայրապետյանը համաձայն չէ շրջանառվող տեսակետների հետ, թե Հայաստանի հավաքականը հայտնվել է թույլ խմբում. «Ո՞րն է թույլ հավաքական. Սլովակիա՞ն, Իռլանդիա՞ն, թե՞ Ռուսաստանը: Մեր հավաքականն էլ թույլ չէ, եւ ես հավատում եմ մեր հավաքականին»: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ ասել է, թե իր գերխնդիրը որքան հնարավոր է շատ միավորներ վաստակելն է, այնուհետեւ` հավաքականի խաղը կայունացնելը: «Շատ լավ սերունդ է աճում, որտեղ կան հեռանկարային խաղացողներ: Հավատ կա, որ հավաքականը կարող է հաջող հանդես գալ: Ֆուտբոլում անհնարին բան չկա»,- ասել է գլխավոր մարզիչը: