«Մենք շարունակում ենք սիրել Արարատի նկարը, բայց՝ ոչ Արարատը»

27/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արմատներով մշեցի գործարարը տարիներ շարունակ զբաղվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման հարցերով եւ բարեգործական աշխատանքներով: Այնուհետեւ ինքն էլ բնակություն հաստատեց Հայաստանում:

– Ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում մշտական բնակություն հաստատել: Մի՞թե ԱՄՆ-ում կյանքը վատ էր:

– Երբ ԱՄՆ-ում իմ ընկերներն իմացան Հայաստանում բնակություն հաստատելու իմ մտադրության մասին, այս նույն հարցը տվեցին ինձ: Այդ ժամանակ ես պատասխանեցի, որ ինքնանպատակ եմ գնում Հայաստան, առանց որեւէ հետին նպատակի: Դեռեւս 1991թ. որոշել էի վերադառնալ Հայաստան, բայց, դժբախտաբար, պայմանները բավական ծանր էին: Հատկապես ԱՄՆ-ում ոտքդ, ասես, մխրճվում է ավազի մեջ, որտեղից դուրս գալը շատ դժվար է լինում: Ընդհանրապես ԱՄՆ-ում նյութապես ավելի խորն ես հիմնավորվում: Ինչեւէ, 2005թ.-ի ամռանը ընտանիքով ինքնանպատակ եկանք Հայաստան: Իսկ ինքնանպատակ ասելով` ես հասկանում եմ իմ եւ իմ ընտանիքի գոյությունն այս հողի վրա: Ոչ մի ժամանակ ես ուրիշ հողում ապագա չեմ տեսել: Ես ինձ երբեւէ ոչ հայաստանցի չեմ համարել: Իսկ առաջին անգամ Հայաստան եկա 2001թ.: Երեւան հաճախ չէի մտնում, որովհետեւ իմ գալու նպատակը սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման խնդրի լուծումն էր: Եղա Զանգելանում եւ շատ տեղերում: Արդեն 2005թ. մշտապես տեղափոխվեցինք Հայաստան: Իսկ մինչ այդ ես ու տիկինս սկսեցինք նախապատրաստել նաեւ երեխաներին: Անընդհատ խոսում էինք Հայաստանի մասին: Նույնիսկ մի պահ նկատեցինք, որ մենք մտովի արդեն տեղափոխվել էինք Հայաստան: Ամեն դեպքում հայրենի հողի վրա կյանքն ավելի ուրախ է, ինչի շնորհիվ հաղթահարելի են բոլոր դժվարությունները:

– Բախվեցի՞ք տեղի հասարակության՝ «Ամերիկայի պես երկիրը թողած, Հայաստանում եկել բան են փնտրում» կարծրատիպին:

– Թեեւ հասկանում եմ, որ այս զրույցը հասարակության համար է, բայց ես պարտավոր եմ անկեղծ լինել: Հայաստան գալուց հետո հատկապես առաջին օրերին շատ հաճախակի էինք հանդիպում այդպիսի արտահայտությունների: Թե՛ դպրոցում, թե՛ բակի բանջարեղենի խանութում, թե ամենուր այդ նույն մոտեցումներն էին: Իրենց համար, թերեւս, մենք կա՛մ գիժ էինք, կա՛մ չափազանց ռոմանտիկ: Նրանք կարծում էին, թե մենք պարզապես տեղյակ չենք` ինչ է կատարվում Հայաստանում: Այսօր գրեթե չենք հանդիպում այդպիսի արտահայտությունների, քանի որ ինքներս, գիտակցաբար, ճիգ թափելով, մտանք իրենց համակարգի մեջ: Մեր տան մեջ այլեւս չենք խոսում «իրենք ու մենք»` բառամթերքով: Ուրախալին այն է, որ այդ մարդիկ այսօր անգամ քաջալերվում են մեր որոշմամբ ու սկսում հավատալ, թե միգուցե Հայաստանում ճիշտ բան կա, որը իրենք չեն նկատում:

– Այնուամենայնիվ, գործարարությունը լուրջ ազդակ չէ՞ր Հայաստան տեղափոխվելու համար:

– Ես միշտ էլ նյութապես կարող էի գալ Հայաստան, բայց մարդկայնորեն չէի կարող գալ ու չաշխատել: Դա իմ երեխաների համար շատ վատ օրինակ կլիներ: Գիտակից ամբողջ կյանքս ապրել եմ սփյուռքում: Թե՛ տնտեսապես, թե՛ հոգեպես մեր ամբողջ ներդրումը մենք արել ենք օտարի համար: Ինձ համար աններելի կլիներ այն, որ այդ նույն ներդրումը բազմապատիկ անգամ չանեի իմ հայրենիքում: Իսկ այստեղ մեկ ներդրում անելը հավասարազոր է դրսում կատարած 10 ներդրումի: Այդ ներդրումները մնում են մեր երեխաներին ու նրանց ապագա սերունդներին: Շենքը պետք է չկառուցել միայն բիզնեսի նպատակով:

– Այսօր սփյուռքում ի՞նչ տեղաշարժեր եք նկատում:

– Սփյուռքում իրավիճակը շատ տարբեր է: Կարծում եմ` այսօր ինքնանպատակ են դարձել գաղութները: Իրենք իրենց պահելու համար գերագույն ճիգ են թափում: Բայց ի վերջո այդ գաղութները սերտ կապ ունեն Հայաստանի հետ: Հատկապես փոխվել են լիբանանյան գաղութները: Ես, արդեն 25 տարի է, Լիբանանում չեմ բնակվում: Երբ տարբեր առիթներով այնտեղ գնում եմ, տեսնում եմ, որ հայապահպանության ճիգի մարում կա: Ես չեմ ուզում խոսել Ավստրալիայի կամ այլ երկրների հայկական գաղութների մասին, որովհետեւ նրանք, արդեն մի քանի սերունդ է` ապրում են արեւմտյան աշխարհում: Այսօր անիմաստ է անընդհատ խոսել հայրենասիրության մասին, եթե այն չենք վերածելու հայաստանասիրության: Հայրենասիրությունը անկախությունից առաջ էր: Այն արդեն ավարտվել է: Հիմա պետք է Հայաստանը սիրել, որը մեզ համար միայն Մուշ ու Սասուն չէ: Հայաստանը նախեւառաջ հայրենիք է: Իրականում Հայաստանը սփյուռքին ավելի շատ տալու բան ունի, քան` հակառակը: Իմ սերնդակիցների 90%-ը Հայաստան չի եկել: Սփյուռքում մենք սիրել ենք երազային Հայաստան, եւ այսօր չենք կարողանում դա վերածել գյուղերի, երեւանյան թաղամասերի կամ Արագածի:

– Այսինքն` հրաժարվել ռոմանտիզմի՞ց:

– Ռոմանտիկ եղել ենք սփյուռքում: Հենց այդ նույն ռոմանտիզմի զոհն ենք այսօր: Խնդիրն այն չէ, թե այն մարդիկ, ովքեր չեն եղել Հայաստանում, հայրենասեր չեն, ավելին` գուցե նրանք ինձնից տասնապատիկ անգամ հայրենասեր են, բայց, ցավոք, իրենք չեն կարողանում ընդունել ներկայիս հայրենիքը: Ես Մուշից եմ, բայց որպեսզի հասնեմ Մուշ, պետք է նախեւառաջ Երեւան գամ: Եթե Անին արդեն հանձնել ենք, ապա գոնե այսօր Հայաստանը պետք է դարձնենք Անի: Մեր հիմնաքարը հենց այս 30քկմ-ն է: Մենք շարունակում ենք սիրել Արարատի նկարը, բայց` ոչ Արարատը:

– Իսկ ի՞նչ անել:

– Մենք չենք կարող մեր երկիրը պայմանականորեն ընդունել ու ասել՝ թող երկրի վիճակը լավանա, հետո կգանք, մի բան կանենք: Ես 70 տարի արդեն սպասել եմ ու այլեւս չեմ ուզում սպասել: Մեկ քայլ առաջ գնալով` երկու քայլ հետ են դառնում: Չեմ ուզում քաղաքականացնել խոսակցությունը: Ամեն երկիր էլ ունի իր հիմնախնդիրները, ու ասել, որ բացի Հայաստանից՝ ուրիշ որեւէ տեղ խնդիր չկա, պարզապես անհեթեթ է: Զիմբաբվեն ու Թայվանն ունեն իրենց առանձնահատուկ խնդիրները, Հայաստանը` իր խնդիրները, որի մի մասը ժառանգել է խորհրդային ժամանակներից: Թերեւս իմ ասածները գուցե տարօրինակ հնչեն, բայց ես բոլորովին նպատակ չունեմ հայրենադարձություն քարոզելու: Հայրենադարձությունը նախեւառաջ կենցաղ է: Երբ լսում ես, թե սփյուռքահայերից շատ-շատերը Հայաստանում չեն եղել, բայց մտածում են, որ 5 տարի է՝ Վենետիկ կամ Փարիզ չեն գնացել եւ որոշում են կրկին գնալ այնտեղ, դա արդեն մեծ ցավ է: Այդ նույն մարդիկ Հայաստանը համարում են զբոսաշրջության երկիր` ասելով, որ Հայաստան գնալը ձեռնտու չէ, քանի որ այնտեղ ամեն բան թանկ է: Այսինքն` Հայաստանը նրանք արժեւորում են իբրեւ զբոսաշրջության երկիր: Տվյալ պարագայում Հայաստանը դնում են նույն նժարին, որտեղ կա Բելգիան, ԱՄՆ-ը կամ Վրաստանը: Մինչ Հայաստան գալը ես տեսնում էի, թե ինչ խնդիրներ կան այստեղ: Հայաստանն ունի ամենակարեւոր պակասը` ազգային գիտակցության: Չեմ կարող ասել` ինչո՞ւ: Հենց այդ պակասի պատճառով էլ ժողովրդի որոշ մասը դարձել է պետական ավագանի: Հայաստանցիները սիրում են իրենց երկիրը, բայց չգիտեն, թե ինչ պետք է անել: Եթե այսօր 10 տարեկան երեխան փողոցում աղբ է նետում, դա եւս ազգային գիտակցության պակաս է: Նա հետեւում է իրենց ավագների օրինակներին:

– Ու պակասը լցնում ենք նռան ու խաղողի սիմվոլներո՞վ:

– Սիմվոլները միշտ էլ ռոմանտիզմի աղբյուր են եղել: Սփյուռքը մեծ գործ ունի այստեղ: Բացի ներդրումներից, սփյուռքը պետք է նաեւ ազգային գիտակցության փորձը ներմուծի Հայաստան: Պետք է մոռանալ անցյալը ու շարժվել առաջ:

– Արդյո՞ք ազգային գիտակցությանը հայաստանցիները հավատում են: Չէ՞ որ մեզանում հայրենասիրությունը վաղուց կեղծ կատեգորիա է համարվում:

– Թույլ տվեք չհամաձայնել: Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը պաշտում է այս երկիրը: Եթե այս երկիրը չսիրեին, չէին գնա արյուն թափելու: Կա գիտակցության պակաս, որի պատճառով Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ճիշտ ճանապարհով չեն գնում: Մենք անընդհատ կորցնում ենք: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները սխալ ճանապարհով են գնում, դրա արդյունքը մեր ժողովրդի գիտակցության պակասն է: Եթե ժողովուրդը սխալ համարի այդ արձանագրությունները, համոզված եմ, դրանք չեն վավերացվի: Դեռ 12 տարեկանում, երբ ես Լիբանանում ասում էի, որ մի օր Հայաստանն անկախանալու է, ու ես այնտեղ եմ ապրելու, իմ ասածների վրա ծիծաղում էին: 20 տարի առաջ բոլորին անհնարին էր թվում այն, ինչ այսօր ունենք:

– Շատ ռոմանտիկ չե՞ք:

– Ռոմանտիզմը իմ կյանքի նպատակների իրագործման հողն է: Մենք չենք կարող ռոմանտիզմը համարել կեղծ կատեգորիա: Ռոմանտիզմը իրականության մեջ նպատակներին հասնելու մեծ ուժ է: