Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ, վերջապես, կարելի է ասել` երկար սպասումից հետո, ընդառաջ գնալով «ՀայՌուսգազարդի» ցանկությանը` բնական գազի մեկ խմ-ի գինը 96 դրամից սահմանեց 132 դրամ: Ընդամենը` 36 դրամ: Կարելի է ասել` կոպեկներ: Թանկացման տնտեսական հիմնավորվածության մասին մեր թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, վստահ եմ, անպայման կարտահայտի իր մասնագիտական կարծիքը եւ, ինչպես բազմաթիվ տնտեսագետներ` կհիմնավորի, որ գազի թանկացումը տնտեսապես հիմնավորված չէր: Իսկ տնտեսությունից միայն սպառողի տեսանկյունից դատող լրագրողներիս մնում է ավելի թեթեւ աշխատանք` հասկանալ` կարո՞ղ է սպասվող տոտալ թանկացումը նվեր դառնալ արմատական ընդդիմությանը` մարտի 1-ի հանրահավաքից առաջ: Եվ որքանո՞վ են տեղին զրույցները սոցիալական ընդվզման մասին, որն ըստ ընդդիմադիր որոշ գործիչների` կպսակվի իշխանափոխությամբ: Կարո՞ղ է պատահել, որ Հայաստանում էլ, ինչպես օրեր առաջ` Իսպանիայում, տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս գան փողոց եւ երկրի ղեկավարությունից պահանջեն հարգել սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքը, որը շատ պարզ է ձեւակերպված` ապրելու իրավունք: Եթե մեր երկրում աշխատեր արհմիությունների ինստիտուտը, գուցեեւ մարդիկ փողոց դուրս գային: Սակայն, քանի որ չունենք աշխատավորություն` դասական իմաստով, չկան նաեւ արհմիություններ: Կա գործազուրկների շատ մեծ բանակ, որը պաշտպանելու, այսինքն` կորցնելու բան վաղուց արդեն չունի: Սպառողների իրավունքների պաշտպանությանը կոչված հասարակական կազմակերպությունների աշխատունակությունն ուղիղ համեմատական է ստացվող գրանտներին: Հետեւաբար` չունենալով հասարակական աջակցության անհրաժեշտ պաշար եւ հեղինակություն` սպառողների եւ իշխանությունների միջեւ միջնորդ այս օղակները լուրջ դերակատարություն ունենալ չեն կարող: Սակայն մեր երկրի առանձնահատկությունն այն է, որ բողոքելու շարժիչ ուժ, ըստ էության, չկա: Հեղինակության լուրջ պակաս ունի ամենակարեւոր ատյանը, որի դեմ բողոքի բազմամարդ ակցիաներ կազմակերպելը տրամաբանական լիներ: Որովհետեւ բողոքել՝ նշանակում է` ակնկալել: Ակնկալել` նշանակում է՝ հավատալ կամ վստահել: Իսկ հավատալ կամ վստահել` նշանակում է՝ հարգելգ Սոցիալական անհավասարության, անարդարության դեմ չբողոքող հասարակությանը չեն հարգում, քանի որ այդ դեպքում հասարակությունը չի հարգում ինքն իրեն: Իսկ բողոքելու համար պետք է ունենալ կյանքը, իրականությունը ճիշտ գնահատելու ունակություն: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացիները կյանքը սիրեին ավելի, քան նրա իմաստը, եթե մեր երկրի քաղաքացիների համար կյանքը համարվեր ոչ թե պատիժ կամ ծանր բեռ, այլ եզակի հնարավորություն, որի եւ ոչ մի րոպեն չպետք է վատնվի ստորացուցիչ գոյատեւման վրա, մարդիկ, առանց րոպե իսկ վարանելու, դուրս կգային փողոց: Այսինքն` սոցիալական պայքարը կունենար մոտիվացիա, հիմնավորում: Ինչո՞ւ են Ֆրանսիայում բնակվող էմիգրանտները, հատկապես` սեւամորթ էմիգրանտները, այդքան հետեւողականորեն եւ ագրեսիվ պաշտպանում իրենց իրավունքները, բողոքում սոցիալական անարդարության դեմ: Որովհետեւ սիրում են կյանքը, հարգում են իրենք իրենց եւ ցանկանում են ոչ թե աննկատ գոյատեւել, այլ ապրել:
Մարտի 1-ին Հայ Ազգային կոնգրեսը պատրաստվում է մեծ հանրահավաքի: Այն կլինի բազմամարդ` ինչպես միշտ. իշխանություններից դժգոհելու բազմաթիվ պատճառներ կան: Բավական է նշել այն հաջողությունը, որն իշխանություններն արձանագրեցին Մարտի 1-ի տասը մարդասպաններին կոծկելու բնագավառում: Հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը եւս թույլ կտա շռայլ լինել` իշխանություններին մեղադրանքներ ներկայացնելիս: Կա քաղբանտարկյալների խնդիրը: Սրանց, կարծես, ավելանում է նաեւ հասարակությանը ամենահուզողը` սոցիալական խնդիրը: Սակայն հակված ենք կարծել, որ գազի այս հերթական թանկացումը մարդկանց, այնուամենայնիվ, չի հանի փողոց, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից եւ երթից հետո մարդիկ տուն կշտապեն` առայժմ էժան գազի վրա թեյ տաքացնելու: Այս կոնտեքստում չափազանցված է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` երեքշաբթի օրը լրագրողներին հայտնած միտքը. «Հաշվի առնելով իշխանությունների ձախողման տեմպերը` քաղաքական բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն արտահերթ ընտրությունների»: Իշխանափոխության հիմքերը կան, սակայն չկա հստակ պատկերացում` ինչ է լինելու դրանից հետո: Այս անորոշությունից ծնված տագնապն ավելի ուժեղ է, քան արժանապատիվ կյանքի համար պայքարելու բնական ձգտումը: Այնպես որ, իշխանությունները վստահ են, որ սոցիալական եւ ոչ մի լուրջ ընդվզում չի լինի, եթե գազը անգամ կրկնակի թանկացնեն:
Հասարակությունը, միանգամից ասենք, բողոքի որեւէ արդյունավետ տարբերակի առայժմ չի տիրապետում: Պիկը նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ամենօրյա հանրահավաքներն ու շուրջօրյա նստացույցն էին: Պայքարի նպատակը` շատ կոնկրետ` իշխանափոխություն: Այժմ որեւէ պայքարի կոնկրետ նպատակը չի հասկացվում: Կոնկրետ գազի թանկացման դեպքում սոցիալական բողոքը, բունտը բացառվում է, քանի որ աղետը (այս դեպքում՝ գազի գնի բարձրացումը) հավասարապես տարածվում է բոլորի վրա: Այլ հարց է, որ մեկը դրա համար կվճարի վերջին դրամը, մյուսի ընտանեկան բյուջեի վրա որեւէ տատանում չի նկատվի, եթե մեկ խ/մ գազը դառնա 10 հազար դրամ: Սակայն սա ընդունված է համարել ոչ թե սոցիալական անարդարություն, այլ ճակատագիր, որի դեմ հատկապես ընչազուրկ խավը, ինչպես գիտենք, անզոր է: Նախադեպերը ցույց են տալիս, որ մենք առավել անկեղծորեն պայքարում ենք, եթե ոտնահարվում են սեփական կամ խմբակային իրավունքները: Այդպես` լոկալ ցույցեր թե՛ կառավարության, թե՛ նախագահական նստավայրի մատույցներում տեսնում ենք տարին բոլոր: Սակայն դրանք այլեւս ընկալվում են արդեն որպես քաղաքի կոլորիտ: Այնպես որ, այնքան էլ տեղին չէ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի դառնանուշ հեգնանքը, թե ինչու Հայաստանում միայն աղքատներն են ունենում բողոքի եւ դժգոհության ցույցեր անելու անհրաժեշտություն, իսկ հարուստները լաց չեն լինում: Դժվար է միանշանակ համաձայնել, քանի որ պարոն Սաֆարյանը հավանաբար չի լսել օլիգարխներից մեկի անկեղծ տրտունջը, թե որքա՜ն կալորիական է կարմիր խավիարը: Գիտե՞ք, նույնիսկ ավելի, քան սեւը: Կարմիրի դեպքում կարագի շերտը պետք է ավելի բարակ քսել: