Ինչպես եւ սպասվում էր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկվա նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդի» առաջարկած գազի նոր սակագինը` որոշ կոսմետիկ փոփոխություններով:
«ՀայՌուսգազարդը» առաջարկել էր ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար նախկին 96 դրամ/խմ սակագնի փոխարեն 136 դրամ/խմ սակագին, իսկ ՀԾԿՀ-ն հաստատեց 132 դրամ/խմ սակագին: Ամսական 10 հազար խմ-ից շատ գազ սպառողների կամ խոշոր ընկերությունների համար նախկին 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/1000 խմ-ի փոխարեն՝ «ՀայՌուսգազարդը» առաջարկել էր 256 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/1000 խմ, իսկ ՀԾԿՀ-ն հաստատեց 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/ 1000 խմ սակագին: Պատճառները, որի հիման վրա ՀԾԿՀ-ն մի փոքր ավելի ցածր սակագին սահմանեց, կապված էին «ՀայՌուսգազարդի» կողմից հաշվարկված ծախսերի հետ: Օրինակ, եթե «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտում ընկերության աշխատակիցների թիվը սահմանված էր՝ 5200, ապա ՀԾԿՀ-ն համարեց, որ «ՀայՌուսգազարդը» 4500 աշխատողով էլ կարող է աշխատել: Կամ, եթե «ՀայՌուսգազարդի» հայտում նշված էր, որ իրենց միջին աշխատավարձը 130 հազար դրամ է, ապա ՀԾԿՀ-ն ընկերության ծախսերը հաշվարկելիս հիմք ընդունեց 100 հազար դրամ միջին աշխատավարձը: Սա, իհարկե, չի նշանակում, թե «ՀայՌուսգազարդը» 5200 աշխատողով ու 130 հազար դրամ միջին աշխատավարձով չի աշխատի, պարզապես այդ լրացուցիչ ծախսերը չեն մտնի սակագնի հաշվարկման մեջ եւ կփակվեն ընկերության շահույթի հաշվին: Ինչեւէ, երեկվա նիստում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը եւս մեկ անգամ ներկայացրեց սակագնի բարձրացման հիմնական պատճառները` ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի աճ, դոլարի փոխարժեքի աճ, գազամատակարարման համակարգում կատարված ներդրումներ, բնական գազի սպառման ծավալների նվազում: Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների (հ/կ) ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հանրային խորհրդի մի քանի անդամները, լսելով իրենց տված հարցերի պատասխանները նաեւ «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանից, ըստ էության, առարկություններ չունեին սակագնի բարձրացման հիմնավորումների հետ կապված: Նրանք հիմնականում խոսում էին սակագնի բարձրացման ծանր տնտեսական հետեւանքների մասին: Իսկ վերջում գրեթե բոլորը շնորհակալություն հայտնեցին նման «բաց եւ հրապարակային քննարկման համար»` հույս հայտնելով, որ ՀԾԿՀ մյուս նիստերը եւս նման ձեւով կընթանան: «Վերջին տարիներին գազի սակագնի թանկացման հետ կապված պրոցեսը ցույց է տալիս, որ այս գործընթացը դեռ իր ավարտին չի հասել: Չգիտենք` որքան կթանկանա գազը հետագայում, բայց գիտենք, որ հաստատ էլի է թանկանալու: Հասկանում ենք, որ թանկացման պատճառների մեծ մասը օբյեկտիվ են, բայց մեր երկրում չի զարգանում տնտեսությունը, աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գոնե պետական սեկտորում, եւ ընդհանրապես սոցիալական արդարություն չկա»,- հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: «Հաջորդ տարի ներմուծվող գազի գինը սահմանի վրա կլինի 270-300 դոլար, եւ ՀԾԿՀ-ի այս մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում գազի գինը սպառողների համար կլինի ավելի քան 400 դոլար: Այսօրվա մոտեցումը, իշխանությունների որոշումը գազի գնի վերաբերյալ անցնում է թույլատրելի այն սահմանը, որից հետո ազգային անվտանգության հետ կապված խնդիրներն են սկսվում: Քիչ է մնացել, տնտեսության համատարած քայքայում կլինի, եւ այս իմաստով «ՀայՌուսգազարդի» բիզնեսի, շահույթի մասին խոսակցությունները լրիվ անիմաստ կլինեն»,- կանխատեսեց սպառողների իրավունքներով զբաղվող մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչ՝ Հակոբ Ղարաբեկյանը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու Կ. Կարապետյանը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
Ռ. Նազարյանը վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, քանի որ իրանական միավոր գազից մենք կարտադրենք ոչ թե 3 (Իրանին վերադարձնելու համար), այլ 4 միավոր էլեկտրաէներգիա, եւ այդ լրացուցիչ 1 միավորը կուղղվի բնակչության սպառմանը` մեղմելով սակագինը: Հարցը, թե ինչո՞ւ է սպառողներին գազը մոտ երկու անգամ թանկ գնով վաճառվում (մոտ 340 դոլար` 1000 խմ-ի դիմաց), քան ներմուծվում է (180 դոլար` 1000 խմ-ի դիմաց), բարձրացրել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «340 ԱՄՆ դոլարը միայն բնակչության սակագնի դոլարային համարժեքն է: Եթե դիտարկվում է բնակչության եւ խոշոր սպառողների միջին սակագինը, ապա այն կազմում է 283 ԱՄՆ դոլար` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Եթե նշված գնից հանվում է ԱԱՀ-ն (47 ԱՄՆ դոլար) եւ գազի տեղափոխման ու բաշխման ընթացքում առաջացող կորուստների արժեքը (11 ԱՄՆ դոլար), ապա ստացվում է 225 ԱՄՆ դոլար: Հետեւաբար, «ՀայՌուսգազարդին» մնացող գումարը (մարժան) կազմում է 45 ԱՄՆ դոլար (վաճառքի միջին սակագնի 16%-ը), որն իր մեջ ներառում է գազամատակարարման ամբողջ համակարգի շահագործման եւ պահպանման ծախսերը, ինչպես նաեւ շահույթը եւ մաշվածությունը»,- պատասխանեց Կ. Կարապետյանը: Հ.Բագրատյանի այն դիտարկմանը, թե ամբողջ աշխարհում գազը մանր սպառողներին ավելի էժան է տրվում, քան խոշորներին, իսկ Հայաստանում հակառակն է, ՀԾԿՀ նախագահն ու Կ. Կարապետյանը միաբերան հակադարձեցին, որ բոլոր տեղերում էլ բիզնեսը ավելի էժան է գազ ստանում: Կ. Կարապետյանը կրկնեց նաեւ իր կողմից բազմիցս շեշտված այն հիմնավորումը, թե մանր սպառողներին գազ հասցնելու համար սպասարկման ծախսերը ավելի շատ են, քան խոշորների պարագայում, եւ որ մեր բնակչությունը սպառում է մատակարարված գազի ընդամենը 38%-ը, բայց նրան բաժին է ընկնում համակարգի ամբողջ ծախսերի շուրջ 60%-ն ու ներդրումների գերակշիռ մասը: Հարցին, թե սակագնի թանկացման վերաբերյալ հաջորդ հայտը «ՀայՌուսգազարդը» ե՞րբ կներկայացնի, Կ. Կարապետյանը պատասխանեց, թե դա կախված է շուկայում տեղի ունեցող փոփոխություններից: Բայց նա հավաստիացրեց, որ առաջիկա 1-2 ամսում դրամի փոխարժեքի կտրուկ նվազման պարագայում իրենք սակագնի բարձրացման հայտ չեն ներկայացնի, ճիշտ այնպես, ինչպես չներկայացրեցին նախորդ տարվա մարտին դրամի կուրսի կտրուկ նվազումից հետո: Իսկ, ընդհանրապես, գո՞հ է Կ. Կարապետյանը ՀԾԿՀ-ի հաստատած սակագնից: «Ես որպես մենեջեր՝ այս տարի սակագինը պաշտպանելու հարցում եղել եմ շատ ավելի պակաս ագրեսիվ եւ հետեւողական, քան պետք է լինեի, քան պետք է իմ միսիան կատարեի»,- հայտարարեց Կ. Կարապետյանը: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ «ՀայՌուսգազարդի» սեփականատերերը որոշեն, որ Կ. Կարապետյանը լավ չի պաշտպանում ընկերության շահերը, եւ նրան ազատեն աշխատանքից: «Կարող է»,- մի փոքր մտածելուց հետո ժպտալով պատասխանեց Կ. Կարապետյանը: