Առաջին անգամ

27/02/2010

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքական պետական ռադիոհեռուստակորպորացիայի (TRT) Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը կատարել է հայ երգահանի ստեղծագործություն: Ստամբուլահայ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ երգչախումբը կատարել է Կոմիտաս վարդապետի «Կալի երգը»: Այս մասին հաղորդում է «Hսrriyet Daily News & Economic Review»-ը: Նախկինում հայկական երգերի կատարումն արգելված էր TRT-ի հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով: Սակայն անցյալ տարի TRT-ն որոշեց տոնել իր 40-ամյակը 40 տարբեր՝ թե՛ թուրք, թե՛ արտասահմանցի դիրիժորների մասնակցությամբ, որոնց հնարավորություն է տրվել երգի ազատ ընտրություն կատարել: Հրավիրյալների թվում էր «Սուրբ Լուսավորիչ» հայկական երգչախմբի երիտասարդ խմբավար Հակոբ Մամիկոնյանը: Նշենք, որ այս երգչախումբը Ստամբուլում գործում է շուրջ 80 տարի: «Երբ ես հեռախոսազրույցում ասացի, որ ցանկանում եմ կատարել հայկական ստեղծագործություն, մի քանի վայրկյան լռություն էր տիրում հեռախոսագծի այն կողմում, սակայն, ի վերջո, իմ խնդրանքը բավարարվեց»,- պատմել է Մամիկոնյանը։ Նա մինչեւ վերջին պահը մտավախություն է ունեցել, որ TRT-ի ղեկավարությունն իր որոշումը կփոխի, բայց այդպես չեղավ: Այսպիսով, Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախմբի՝ Կոմիտասի երգի կատարման ձայնագրությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին:

Ի դեպ, Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը պատրաստվում է կատարել «Կալի երգը» Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում: Անդրադառնալով թուրքական երգչախմբի հետ համատեղ աշխատանքին՝ Հակոբ Մամիկոնյանն ասել է, որ թուրք երաժիշտներին է ներկայացրել Կոմիտասի երգի բառերի լատինատառ տարբերակը: Նա հավելել է, որ չնայած Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախմբի կատարողներն ամենեւին էլ չէին հասկանում լեզուն, այնուամենայնիվ, նրանք մեծ ոգեւորությամբ էին աշխատում: