Հանձնարարել է

25/02/2010

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւան քաղաքի եւ Էրեբունի համայնքի դատախազներին հանձնարարել է անմիջական վերահսկողություն իրականացնել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործի նկատմամբ, որպեսզի նախաքննության ընթացքում ապահովվի օրենքների ճիշտ ու անշեղ կատարումը եւ բոլոր ապացույցները ձեռք բերվեն օրենքով թույլատրելի սահմաններում: Հիշեցնենք, որ Ս. Սուքիասյանի փաստաբանները պնդում են, թե Ոստիկանության գործողություններն անօրինական են, եւ իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդումների նպատակը «Բյուրեղ» գործարանը խլելն է: Անդրադառնալով «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու խնդրին, Ա. Հովսեփյանն ասել է. «Դա արհեստականորեն բարձրացված հարց է, քանի որ դեռեւս գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Մենք ունենք եւս 2 դատական ատյան. վերաքննիչ դատարան եւ վճռաբեկ դատարան: Մենք դեռ չգիտենք, թե, ասենք, վերաքննիչ դատարանն ի՞նչ պատիժ կսահմանի Ն. Փաշինյանի համար, կամ ի՞նչ դատավճիռ կկայացնի վճռաբեկ ատյանը: Այն ժամանակ, երբ որ վերջնական պատիժ կնշանակվի, կունենանք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ վերջնական պատժաչափ, այդ ժամանակ կկիրառվի համաներման ակտը»: Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին լուրերին, ապա Ա. Հովսեփյանն ասել է. «Ինքներդ կողմնորոշվեք; Երբեմն-երբեմն որոշ մարդկանց երազանքի արտացոլումն է նման հարցադրումներ անելը եւ նման լուր տարածելը»: