Երեկ առավոտյան Դատախազության շենքի առջեւ անհայտ անձը ձեռքի պայուսակով հարվածներ է հասցրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմքին, որից հետո հայհոյելով մտել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել Դատախազության գլխավոր մուտքի առջեւ, որտեղ տեսախցիկներ են տեղակայված: Գ. Շամշյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին տեղյակ է պահել կատարվածի մասին` հետաքրքրվելով` կարո՞ղ է արդյոք հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել: Ի պատասխան՝ Ա. Հովսեփյանն ասել է. «Ոչ թե կարող եք, այլ ես, որպես գլխավոր դատախազ պահանջում եմ, որ դուք ներկայացնեք մեզ ձեր տեսանյութը եւ ձայնագրությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք պարզելու հանգամանքները»: Ավելի ուշ Գ. Շամշյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությունից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն` ուղեղի ցնցում նախնական ախտորոշմամբ: Սակայն ստուգումների արդյունքում ուղեղի ցնցում եւ գլխուղեղի վնասվածքներ չեն հայտնաբերվել. ախտորոշվել է ականջաթաղանթի արյունազեղում: Գ. Շամշյանն ասել է, որ ինքը ճանաչել է իր վրա հարձակվողին. «Ես այդ անձնավորությանը ճանաչում եմ, որովհետեւ տարբեր դատական նիստերում ինքը որպես քննչական մարմնի ներկայացուցիչ ներկա է եղել, բայց անունը չգիտեմ»: Ի դեպ, երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել կատարվածի առնչությամբ` պահանջելով բացահայտել հանցագործությունը: