Թույլ չի տա՞

25/02/2010

«Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նաեւ հավելել է. «Միջազգային իրավունքի բոլոր նորմերը մեր կողմն են: Հայաստանը ապօրինաբար օկուպացրել է Ադրբեջանի հողերը, եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր մեր քաղաքացիներ ապրում են փախստականների եւ բռնի տեղահանվածների կարգավիճակում»: «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը «բուն ադրբեջանական հող է» եւ «Ադրբեջանի անքակտելի մասը», Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Ադրբեջանական հողի վրա երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն, Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի անկախ, եւ դա գիտի ամբողջ աշխարհը: Եվ որքան շուտ դա գիտակցի Հայաստանը, այնքան շուտ կլուծվի այդ հարցը: Իսկ այդ հարցի լուծումից հետո տարածաշրջանում կարող է լիովին խաղաղություն հաստատվել»: Ըստ Ալիեւի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի ամենամեծ հիմնախնդիրն է, առանց որի լուծմանփ «ոչ մի այլ խնդիր չի կարող գտնել իր լուծումը»: