«Ընկերակցային լավատեսություն»

25/02/2010

«Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրներում սկսել է մի գործընթաց, որը հույս ունի ավարտին հասցնել ընկերակցային համաձայնագրի կնքմամբ,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` ավելացնելով,- Սա նոր քայլ եւ առավել ամուր քաղաքական հարաբերություններ կնախանշի»: Նա ասել է, որ Եվրոպայի հետ նման համաձայնագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար կհանգեցնի նաեւ առեւտրի եւ մարդկանց տեղաշարժի ազատականացմանը: Ֆորմալ առումով այս գործընթացը տեղավորվում է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում եւ, իհարկե, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի երեք երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Հարավային Կովկասի երեք երկրներից առնվազն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ընկերակցային համաձայնագիր» չի կնքվի մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գոնե էական առաջընթաց արձանագրվելը: Այնպես որ, Եվրամիության հույսերը ամենայն հավանականությամբ կապված են ղարաբաղյան բանակցություններում ներկայումս ընթացող զարգացումների հետ: Ով՝ ով, բայց Փիթեր Սեմնեբին բանակցային գործընթացին այնքան տեղեկացված է, որ կարող է իրեն նման «լավատեսություն» թույլ տալ: