Հայաստանում ոչ միայն տնտեսությունն է գտնվում ճգնաժամում: Ճգնաժամ են ապրում նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Այս վիճակը հատկապես ցայտուն երեւաց երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նախ նախարարները երեկ բացառիկ խուսափողականություն էին դրսեւորում պատգամավորների հարցերին պատասխանելու հարցում: Պատգամավորներն էլ առանձնապես ակտիվություն չէին դրսեւորում կառավարությանը երկրի առջեւ ծառացած խնդիրներով անհանգստացնելու առումով: Երեկ խորհրդարանում կարծես ընդդիմություն չլիներ: Հարցուպատասխանին մասնակցում էին խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ընդամենը մի քանի պատգամավորներ: Իսկ նախարարներն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն պատգամավորների հարցերին էին «ցրողական» պատասխան տալիս, այլեւ խուսափում էին դեմառդեմ հանդիպել լրագրողներին: Նախարարները երեկ բառիս բուն իմաստով վազում էին ԱԺ միջանցքներում պատահաբար որեւէ լրագրողի չհանդիպելու համար: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ու նախորդ օրը լրագրողներին չհանդիպելու համար Նիստերի դահլիճից ընդհանրապես միջանցք դուրս չեկավ: Իսկ երեկվա հարցուպատասխանից հետո Էդ. Նալբանդյանն այնպես սլացավ ԱԺ միջացքով, որ լրագրողների խումբը նրա հետեւից չկարողացավ հասնել: Լրագրողները փորձեցին հարցեր ուղղել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: «Տրամադրություն չունեմ»,- պատասխանեց նա: Լրագրողներից մեկն Ա. Գեւորգյանին հիշեցրեց, որ վերջերս իրեն ուղղված հարցերին ինքը միայն այդպես է պատասխանում: Չլինի՞, թե ընկճախտի մեջ է: «Այդպես էլ կա»,- նետեց նախարարն ու գրեթե վազելով մտավ դահլիճ: Վազում էր նաեւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ լրագրողներին խնդրում էր հարցեր տալ հետո: Իր գործընկերների նման վազում էր նաեւ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա էլ վազելու ընթացքում հասցրեց ասել, թե կառավարության ու նախարարների ճգնաժամային իրավիճակը Հայաստանում տիրող ճգնաժամի հետեւանք է: Ճիշտ է, վարչապետ Տիգրան Սարգսյանին վազելիս հնարավոր չեղավ տեսնել, բայց նա ԱԺ-ում երեւում է միայն Նիստերի դահլիճում: Երբ Տ.Սարգսյանը նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում, ԱԺ գալիս երբեմն ընդհանուր միջանցքից էր հեռանում, եւ լրագրողները կարողանում էին շփվել նրա հետ: Բայց քանի որ այդ շփումները վարչապետի համար նաեւ տհաճ հարցեր էին ենթադրում, նա միանգամից կողմնորոշվեց ու սկսեց ելումուտ անել միայն գաղտնի մուտքերից: Իսկ պատգամավորները երեկ միայն շատ մասնավոր` մի ճանապարհի, դպրոցի մի ուսուցչի լեզվական արատի եւ նման կարգի հարցեր էին ուղղում կառավարությանը, կարծես թե մեր երկիրը տնտեսական ու քաղաքական ճգնաժամից ոչ միայն դուրս է եկել, այլ նորից երկնիշ զարգացում է ապահովում: Այս անդորրը փոքր-ինչ խաթարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այն հարցը, թե գազի գնի թանկացման պարագայում ինչպե՞ս պետք է ապրեն մեր երկրի անապահով խավերի ներկայացուցիչները: Տ.Սարգսյանն ընդամենը ասաց, թե կառավարությունն այժմ մեթոդներ է մշակում գազի եւ ջրի սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու ուղղությամբ: Հայտնեց, որ մոտ ժամանակներս միջոցառումների փաթեթը կուղարկվի ՀՀ նախագահին եւ կներկայացվի հանրությանը: Նրա խոսքով, մշակված միջոցառումների թիրախում են հասարակության անապահով շերտերը, ում վրա թանկացումներն ամենաշատը կանդրադառնան: «Կառավարությունը անապահով խավերի համար փոխհատուցման միջոցներ կգտնի»,- խոստացավ վարչապետն ու հասցրեց ասել, թե այդ խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում: