Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը 60 օրով հետաձգել է խորհրդարանում ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի շուկան ընդհանուր հարկային դաշտ բերելու մասին նախագծերի քննարկումը: Հիշեցնենք, որ ներմուծվող այս ապրանքները գտնվում են հաստատագրված հարկի դաշտում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ստիպված են այս ապրանքային շուկաները բերել ընդհանուր հարկման դաշտ, քանի որ դա պահանջում է Արժույթի միջազգային հիմնադրամը: ԱՄՀ-ն պահանջում է, որ ներմուծվող եւ ներմուծողներին գերշահույթ ապահովող այս ապրանքների իրացումից, ի վերջո, ՀՀ բյուջեն գումար ստանա: Բայց քանի որ իշխանությունները խրախուսում են ներմուծումը, եւ այս ապրանքների շուկան էլ գտնվում է նրանց հովանավորյալ գործարարների հսկողության տակ, մեր տեղեկություններով՝ կառավարությունը որոշել է միջանկյալ լուծում գտնել: Ըստ այդմ, ԱՄՀ պահանջը կկատարվի` ծխախոտը, բենզինը եւ դիզվառելիքը կբերվեն ընդհանուր հարկման դաշտ, բայց դրանց համար կսահմանվեն հարկային այլ արտոնություններ, որպեսզի չպակասի դրանցից ստացվող գերշահույթը: Ընդհանուր հարկման դաշտում գործելու դեպքում այս ապրանքների համար պետք է վճարվի ակցիզային հարկ, որ ամենայն հավանականությամբ կնվազեցվեն` փոխհատուցելով խոշոր գործարարների կորուստները: Տեղեկացնենք նաեւ, որ հատուկ տնտեսական օրինագծերի համար կառավարությունում գործում է Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ` ԵՎԲԱԽ: Այդ խորհրդին անդամակցում են տնտեսական բլոկի նախարարները, պատգամավորները ու զանազան խորհրդականներ: Եվ տնտեսական, հատկապես հարկային ոլորտին վերաբերող ցանկացած օրինագիծ ԱԺ է ուղարկվում միայն ԵՎԲԱԽ-ի հավանությանը արժանանալուց հետո: Իրականում, սակայն, այս կառույցը ավելի շատ նախաձեռնում է հարկերից խուսափելու, հարկային ու տնտեսական արտոնություններ սահմանելու, մենաշնորհային վիճակին նպաստող նախագծերի մշակումը: