Երեկ ՀՀ Ազգային ժողովը 85 «կողմ», 5 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծ:
Այս փոփոխությունը մտցնելու անհրաժեշտությունը կապվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի հետ` միջազգային փաստաթղթերից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու, գործընթացը դադարեցնելու կամ կասեցնելու օրինական հիմքերի մշակման վերաբերյալ: Օրենսդրական այս դրույթը հնարավոր կլինի կիրառել, եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացման գործընթացը: Եվ անցած շաբաթ կառավարությունն իր նախագիծը հրատապ կարգով մտցրեց ԱԺ այս քառօրյայի օրակարգ:
Իսկ երեկ մինչ քվեարկությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանին առաջարկեց օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում: Սա եւս օրինագիծը հրատապ ընդունելու պահանջ էր: Իսկ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մինչ քվեարկությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց իր տեսակետը ճշտելու համար, այն դեպքում, երբ Արմեն Ռուստամյանն անցած ուրբաթ նույն նախագիծն իր գլխավորած Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու ժամանակ հայտարարեց, թե կողմ են դրան: Այդպես էլ եղավ, 20 րոպեից դաշնակցականները վերադարձան եւ կողմ քվեարկեցին: Օրինագծին դեմ քվեարկեցին միայն «Ժառանգության» 5 պատգամավորները: Ա.Ռուստամյանը պարզապես հայտարարեց, որ եթե կառավարությունն այդ 24 ժամվա ընթացքում իր ներկայացրած օրինագծում ներառի նաեւ ԱԺ-ին վերապահումներ անելու իրավունք տալու` ՀՅԴ-ի առաջարկը, ապա իրենք ետ կվերցնեն նմանատիպ բովանդակություն ունեցող իրենց նախագիծը: Նախագիծն այժմ գտնվում է Կառավարությունում եւ սպասում է գործադիրի եզրակացությանը: Ավելի ուշ Ա.Ռուստամյանը նաեւ ասաց, որ այս 24 ժամվա ընթացքում կառավարությունը պետք է իրենց առաջարկի վերաբերյալ պատասխան տա: Եվ եթե այն չընդունվի, այսինքն՝ գոնե Կառավարության ներկայացրած նախագծում ԱԺ-ին վերապահում անելու իրավունք չտրվի, պատգամավորը չբացառեց, որ իրենք այսօր դեմ կքվեարկեն գործադիրի օրինագծին: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի կարծիքով, եթե ԱԺ-ն ունենա վերապահում անելու իրավունք, ապա այդպիսով կբարձրանա նաեւ խորհրդարանի դերը, եւ Հայաստանն էլ ավելի ճկուն կլինի արտաքին քաղաքականություն իրականացնելիս: «Մենք մեզ զրկում ենք վերապահում անելու լայն հնարավորությունից: Վերապահում անելու իրավունքը միայն նախագահինն է: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ԱԺ-ն չպիտի ունենա իր կողմից վերապահումներ անելու հնարավորություն: Ինչո՞ւ պիտի մենք մի տեղ կենտրոնացնենք մեր գլխավոր ուժը: Ինչո՞ւ պիտի չբազմազանեցնենք մեր հնարավորությունները: Ինչո՞ւ չպիտի այդ իրավունքը մեզ չվերապահենք, որպեսզի ավելի լիարժեք կարողանանք պաշտպանել մեր շահերը»,- խորհրդարանին ու կառավարությանը հարցնում էր Ա.Ռուստամյանը: Իսկ ինչու իշխանությունները, հատկապես՝ ցանկացած օրինագիծ միայնակ անցկացնելու հնարավորություն ունեցող «Հանրապետական» կուսակցությունը, չեն ուզում ՀՅԴ-ի հետ միասին բարձրացնել ԱԺ դերը: Կարծես թե տրամաբանական է, որ ցանկացած պատգամավոր ունենա իր պետության քաղաքականությունը սեփական աշխատանքով ավելի ճկուն դարձնելու եւ խորհրդարանի դերը բարձրացնելու հնարավորություն: «Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման մեխանիզմ կա: Դա գործադիրի ֆունկցիան է, առավելեւս գործադիրն է երկրի արտաքին քաղաքականությունը վարում, եւ առավելապես դրա երաշխավորը երկրի նախագահն է: Այս ասպեկտով կարծում եմ, որ դա ընդունելի չէ: Նույն բանն է, եթե խորհրդարանը հաստատի կառավարության ընդունած որոշումները: ԱԺ-ն ընդհանուր քաղաքականության մշակմանն է մասնակցում, գործադիրն այս դեպքում կատարողն է: Այս ֆունկցիան սահմանադրությամբ գործադիրին է տրված: Ոչ միայն համաձայն չենք, այլ դա հակասահմանադրական առաջարկ է: ԱԺ-ն երբեւիցե պայմանագրեր չի կնքում, որ հետո կարողանա դրանք քննարկել կամ ետ կանչել»,- պատասխանեց ԱԺ մեծամասնության` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ժառանգություն» խմբակցությունը, սակայն, գտնում է, որ վերապահում անելը ոչ թե քաղաքականություն իրականացնելն է, այլ գործիք ու դիրքորոշում է: Եվ խորհրդարանին այդ հնարավորությունից զրկելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: «Կոալիցիայի փաստարկները համոզիչ չեն: Իսկ ո՞վ ասաց, որ վերապահումները գործադիրի քայլերն են: Ամենեւին ոչ: Վերապահումը գործիք է եւ գործադիրի քաղաքականություն չէ: ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ քաղաքական-իրավական դիրքորոշումներ է արտահայտում: Եվ դրա համար պետք է ունենա բոլոր գործիքները: Դա նույնն է, որ ասենք, թե քանի որ կառավարությունը նիստ է անում, ուրեմն ԱԺ-ն չպետք է նիստ անի: Գործիքները չեն կարող լինել իշխանության որեւէ ճյուղի սեփականությունը: ԱԺ-ն դա պետք է ունենա: Հղում կարող է արվել, թե արտաքին քաղաքականությունը իրականացնում է գործադիրը, ընդհանուր ղեկավարումը` նախագահը: Բայց որեւէ մեկը չի կարող ասել, որ վերապահման միջոցով ԱԺ-ն քաղաքականություն է իրականացնում»,- հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Ժառանգությունը» քննարկումների ժամանակ պաշտպանելու է ՀՅԴ-ի նախագիծը, կողմ է լինելու, որ ԱԺ-ն էլ նախագահի նման ունենա վերապահում անելու իրավունք: Իսկ կոալիցիոն խմբակցություններն ինչո՞ւ չեն ուզում, որ բարձրանա իրենց դերը. պատգամավորը կարծում է, որ «խորհրդարանում չկա նման ցանկություն, կա վախ»: «ՀՀ խորհրդարանում կա անցյալից եկող իներցիա` դա Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ իշխանության տարիներով է պայմանավորված, երբ ՀՀ խորհրդարանին կամ անգամ կառավարությանն արգելված էր միջամտել արտաքին քաղաքականության ոլորտին, իմանալ մանրամասներ դրանից: Դա եղել է բացարձակապես մոնոպոլացված իրավունք՝ ի հակառակ ՀՀ Սահմանադրության, Սահմանադրության` ուղղակի լիազորությունների զավթման տեսքով: Եվ, ցավոք սրտի, քանի որ այս խորհրդարանի կազմը եղել է նաեւ նախորդ խորհրդարանում, շատ սովոր է այդպիսի ոճին», – ասում է Ս.Սաֆարյանը:
Իսկ Կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա այսօր: Բնականաբար, այն կընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: